Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Հայաստանում վայրէջք կատարելուն պես կալանավորվեց: Այս մասին լրագրողներին ասաց նրա հետ օդանավում գտնվող ընդդիմադիր Նարեկ Մալյանը:
«Միանգամից հենց ինքնաթիռի դռան մոտից եկան կալանավորեցին, տարան, էլի, էդ կարամ ասեմ: Դե գոնե երկու քայլ հայրենի հողի վրա արեց, ինքնաթիռից դուրս եկավ՝ հենց ինքնաթիռի դռնից դուրս եկան, միանգամից կալանավորեցին: Ինքը գիտեր, ասում է՝ «ես ձեզ սպասում էի, հենց սենց էլ սպասում էի», - պատմեց Մալյանը:
Դատարանը օրերս Դավիթ Համբարձումյանին մեղավոր ճանաչեց 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման:
Համբարձումյանն այդ ժամանակ գտնվում էր Ռուսաստանում, հետո հայտարարեց, որ այնուամենայնիվ վերադառնալու է:
«Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահին կից հատվածում մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքված՝ ինչպես Համբարձումյանի քաղաքական թիմը, այնպես էլ Մասիսի բնակիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ: «Ազատության» հետ զրույցներում նրանք պնդում էին, որ կամովի են եկել՝ սատարելու իրենց քաղաքապետին:
«Հայաստանում 40-ից ավել գոյություն ունեցող քաղբանտարկյալներին այսօր իշխանությունը ուզում է միացնի ևս մեկին: Այո, տակը կա քաղաքական հետապնդում, տակը կա ընտրված ընդդիմադիր համայնքապետ կալանավորելու ավանդույթը՝ չար ավանդույթը, որ Նիկոլ Փաշինյանը ներդրել է Հայաստանում՝ Մամիկոն Ասլանյանից սկսած, Վարդան Ղուկասյանով, հիմա էլ Դավիթով, այստեղ կա նաև, այո, իմփիչմենթի միասնական թեկնածուի խնդիրը: Նիկոլ Փաշինյանը փորձում է փակել ցանկացած ծորակ, որից կարող է պոռթկա ընդդիմադիր հասարակական կարծիքը և վերածվի քաղաքական գործընթացի», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։
Ավելի վաղ, Համբարձումյանը մեղադրվում էր նաև մեկ այլ դրվագով՝ հեղափոխության օրերին մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Այդ դեպքով Մասիսի քաղաքապետը ձերբակալվել էր, սակայն դատարանը նրան ազատ էր արձակել՝ գտնելով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, միևնույն ժամանակ՝ չկան բավարար չափով ապացույցներ, որ նա կատարել է այդ արարքը։
Այս տարվա հունիսին ընդդիմադիր Հանրապետականը որոշեց հենց Համբարձումյանին վարչապետի ընդդիմադիր թեկնածու առաջադրել: Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ավելի քան մեկամսյա ակտիվ քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունն իր չորս անդամներից և երկու անկուսակցականներից բաղկացած «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկեց թեկնածու առաջադրել Դավիթ Համբարձումյանին: