Մատչելիության հղումներ

«Մեր ձևով» շարժումը վստահեցնում է՝ վարչապետի իրենց թեկնածուն ընդունելի կլինի


«Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոստանում է վարչապետի իրենց թեկնածուի անունը հրապարակել երեք ամիս հետո, երբ կուսակցությունն էլ կլինի:

«Անելու ենք ամեն ինչ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդեն երկրորդ անդամ դառնա ընդդիմություն, - այսօրվա ասուլիսին ասաց նա՝ շարունակելով, - Վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ թեկնածուն կլինի ընդունելի, ու շատերը՝ բոլորը, կհավանեն նրա թեկնածությունը»:

Վարչապետի թեկնածուի հարցով բանակցությունները կարծես վերջնական չեն, շարունակվում են: Հարցին, թե հնարավո՞ր է, որ թեկնածուն հենց ինքն է՝ Նարեկ Կարապետյանը, որ քաղաքական դաշտում ակտիվացավ հորեղբորը՝ գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո, պատասխանեց. «Հունվարին պարզ կլինի»:

«Ազատությունը» Կարապետյանից հետաքրքրվեց՝ քաղաքական ուժերի հետ քննարկո՞ւմ են միավորվել ու դաշինքով մասնակցել ընտրություններին, ասաց. «Կոալիցիաների հետ կապված ընդլայնումներ ինչ-որ տեսակետից մենք տեսնում ենք, բայց կոալիցիաների մասին չեմ կարող ասել, ավելի շատ կուզենայինք խոսել հունվարին»:

Ավելի շատ հակված են ընդլայնվել ոչ թե քաղաքական ուժերի, այլ անհատների մակարդակով, իրենց թիմում հավաքել տարբեր ուժերից մաքուր կենսագրությամբ մարդկանց:

«Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որն ունի մեծ փորձ և մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ, և շարժվենք առաջ իրար հետ», - նշեց Նարեկ Կարապետյանը:

«Մեր ձևով» շարժումը Սամվել Կարապետյանը հիմնադրեց Ազգային անվտանգության ծառայության նկուղից: Forbes-ի ցանկով միլիարդատերը ազատությունից զրկվեց հինգ ամիս առաջ՝ Հայ Առաքելական եկեղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց:

Վարչապետը հրապարակային սպառնաց՝ հոգևորականների բարեգործին ընդմիշտ պասիվացնել, ու «Տաշիր գրուպի սեփականատերը հայտնվեց ճաղերի հետևում: Եկեղեցին իրենց ձևով պաշտպանելու հայտարարությունը իրավապահները մեկնաբանում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչ: Գործարարի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է, ու հայտնի չէ՝ մինչև ընտրություններ կալանքից կազատեն, թե ոչ:

Եթե շարժման գաղափարական առաջնորդը նախընտրական փուլում էլ կալանքի տակ մնա, արդյո՞ք սա չի խանգարի, որ հասնեն իրենց պատկերացրած արդյունքին. Նարեկ Կարապետյանն ասաց. «Սամվել Կարապետյանի բանտում լինելու հանգամանքը, իհարկե, բացասական է ազդելու: Գյուղեր որ այցելում ենք, մարդիկ իրեն են հարցնում, իրեն են ուզում տեսնել, քաղաքում էլ ինձ ով տեսնում է՝ դա է հարցնում: Մեր իշխանությունների հաշվարկն էլ երևի դրանում է, բայց մի բան հաշվի չի առել, որ արդարացիության գաղափարը մեր հասարակության մեջ բավականին բարձր է, և ամեն ավել օր, ինչ Սամվել Կարապետյանին իրենք պահում են «КГБ պադվալում», հասարակության աչքին կորցնում են արդարադատության վերջին նշույլը»:

Սամվել Կարապետյանը մինչև կալանավորվելը քաղաքական հավակնությունների մասին հրապարակային չի խոսել: Իշխանականները նրան համարում են «Կրելից գործուղված», որ Հայաստանը ուզում է տանել միութենական պետություն՝ Ռուսաստանի ազդեցության տակ: Հարցին, թե ՔՊ-ականների այս մեղադրանքները հիմնավո՞ր են, իրենց արտաքին քաղաքականությունը ո՞ր ուղղությամբ են պատկերացնում, շարժման համակարգողն արձագանքեց. «Մենք բոլորս ազատության սերունդ ենք այստեղ, շատ կարևոր է, որ արդեն Սովետական միությունը փլուզվել է անվերադարձ: Անքնարկել է ուղղակի, որ անկախության սերունդը, նոր երիտասարդությունը հարցի տակ դնի ՀՀ անկախությունը:

Նախորդ անկախության կորուստը մենք վերականգնեցինք 900 տարի հետո: Յուրաքանչյուր տերմինին դեմ ենք, եթե դա մեր սուվերենության կորստի մասին է, կողմ ենք միայն տնտեսական ինտեգրացիաներին: Շատ կարևոր են հարաբերությունները և Ռուսաստանի հետ, բայց կա մի հարց՝ մենք պետք է ունենք երկրորդ դաշնակցային գիծը, որովհետև ամեն ինչ-որ ժամանակը մեկ կարող է քո հիմնական դաշնակցի մոտ լինել վիճակ, որը անվտանգային խնդիրներ կարող է քեզ համար ստեղծել»:

«Մեր ձևով»-ը դեռևս շարժում է, հունվարին կդառնա կուսակցություն: Երկքաղաքացի Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, նա գաղափարական առաջնորդն է: Այսօր հայտարարեցին, թե իրենց միացել է 5 հազար հոգի:

Այսօր շարժման հաշվետու ժողովին էր միացել նաև հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն ԱՃեմօղլուն: Նոբելյան մրցանակիրը տեսակապով ելույթ ունեցավ որպես փորձագետ: Նրա խորհուրդներով առաջնորդվելու մասին իշխանության գալու առաջին օրերին խոստանում էր նաև Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG