«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն առաջիկայում հանրությանը կներկայացնի իր ստեղծած շարժումը: Դատական նիստից մեկ օր առաջ կալանավորված գործարարը հայտարարում է՝ «մեր ձևով» նախաձեռնության հիման վրա կձևավորվի իր քաղաքական ուժը: Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն այլևս անելիք չունեն Հայաստանում, ավելի վաղ կալանավայրից հայտարարել էր Տաշիր գրուպի սեփականտերը:
««Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով», - հայտարարել է նա։
Նախաձեռնության անունը Սամվել Կարապետյանի մեկնաբանությունից է, որ նրա համար դարձավ ճակատագրական: Հայ առաքելական եկեղեցին վարչապետ Փաշինյանի արշավից պաշտպանելիս կարճ մեկնաբանությունում Կարապետյանն ասել էր. «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:
«Մեր ձևով» ձևակերպումից էլ վրդովվել էր վարչապետը:
Դատարանը վաղը քննելու է Կարապետյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Երկու ամիս է՝ գործարարը Ազգային անվտանգության ծառայության նկուղում է: Սամվել Կարապետյանն անդրադարձել է նաև սպասվող նիստին:
«Սա միայն իմ խնդիրը չէ. այս նիստում ընդունվելիք որոշմամբ կհասկանանք՝ գոյություն ունի՞ արդյոք արդարադատություն Հայաստանում։ Դատավորները պատրա՞ստ են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը, թե՞ փոքրիկ խմբակին դուր գալու համար չեն խորշի հեղինակազրկումից: Շատերը կասեն, թե պատասխանն արդեն պարզ է, բայց սպասենք՝ հասկանանք», - նշել է նա։
Վաղը դատարանի մոտ Սամվել Կարապետյանի աջակիցներին կմիանա նաև ամերիկացի հեղինակավոր փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, նրա թիմը միացել է Կարապետյանի պաշտպանների խմբին: Ամստերդամը չի կարողանա նիստին մասնակցել, Փաստաբանների պալատի համաձայնությանն է սպասում:
«Թեպետ ես մտադիր եմ գնալ դատարան և ի համերաշխություն վստահորդիս հետ կանգնել այնտեղ՝ դատարանի մոտ», - այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա:
Մինչև դատարան հասնելը հեղինակավոր փաստաբանը ուսումնասիրել է այս գործն ու եզրահանգել, որ գործարար Կարապետյանը հետապնդվում է քաղաքական պատճառներով:
«Կառավարությանը հավաստիացնում եմ, որ այս փորձով իրենց վարքագիծը կարժանանա իրենց բոլոր տնտեսական, քաղաքական գործընկերների ուշադրությանը, կներկայացվի նրանց ուշադրությանը, և մենք՝ որպես ներպետական փաստաբաններ, նաև կհասցնենք միջազգային իրավական հարթակներին այս անընդունելի գործելակերպը, որը տեղի է ունենում Հայաստանում», - շեշտեց Ամստերդամը:
Ռոբերտ Ամստերդամը, որ աշխարհի տարբեր երկրներում միջազգային աղմկահարույց գործերով է զբաղվում, Կարապետյանի ձեչբակալությունը համարում է քաղաքական վրեժխնդրություն, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին:
«Որպես միջազգային փաստաբան՝ այն դիրքորոշմամբ եմ հանդես գալիս, որ Կարապետյանի գործը ակնհայտորեն քաղաքական գործ է: Նրա ազատազրկումը քաղաքական գործողություն էր, վրեժխնդիր քաղաքական գործողություն, որը որևէ տեղ չունի ժողովրդավարությունում», - ասուլիսի ժամանակ ասաց փաստաբանը:
Սամվել Կարապետյանը իշխանության ու իրավապահների թիրախում հայտնվեց Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց: Ոստիկանները շրջափակեցին ու խուզարկեցին նրա առանձնատունը, մեկ օր անց էլ կալանավորվեց: Հետո իշխանությունը նրա հայաստանյան ամենամեծ ակտիվը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», ազգայնացնելու գործընթաց սկսեց: Կարապետյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վիրավորական ու սպառնալից մեկնաբանությունները վկայում են, որ նա պետական լծակները գործադրելու է ընդդեմ գործարարի, ասում է փաստաբանը:
«Կհասցնենք միջազգային իրավական հարթակներին այս անընդունելի գործելակերպը, որ տեղի է ունենում ՀՀ-ում, ՄԱԿ-ում, այլ կազմակերպություններին, որպեսզի նրանց ուշադրությանը ներկայացվի ոչ միայն քաղաքական բնույթն այս գործի, այլ նաև եկեղեցու նկատմամբ հարձակումների համատեքստը: Չես կարող այս գործը և պարոն Կարապետյանի՝ եկեղեցում ունեցած ներգրավվածությունն առանձնացնել», - կարծում է նա:
Վերաքննիչ դատարանը Կարապետյանի ձերբակալությունն ու նրա առանձնատան խուզարկությունը ճանաչել է ոչ իրավաչափ: Փաստաբանական թիմը կալանքի որոշումը վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Կալանավորելուց օրեր անց են դիմել: Դեռ զարգացումներ չկան:
Սամվել Կարապետյանի գործով միջազգային այլ ատյաններ էլ կհասնեն, քայլեր կձեռնարկեն, ասաց փաստաբան Ամստերդամը, բայց վաղվա նիստից առաջ մանրամասներ չցանկացավ հրապարակել: