«Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են 2 ամսով, հայտնել են նրանց փաստաբանները:
Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը հավելել է, որ դատարանի որոշումը սահմանված կարգով կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:
Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալել էին երեկ:
Հաղորդումը իրավապահներին ներկայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Պատճառը նրանց նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ անդրադարձել էին Ազգային ժողովի նախագահին: Իսկ առիթը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն էր փոդքասթի հեղինակներին: Այդ հաղորդումից հետո խորհրդարանի խոսնակը նրանց անվանել էր «շան լակոտներ», Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն էլ, ի պատասխան, իրենց հաջորդ հաղորդման մեջ ավելի թունդ խոսքերով էին հակադարձել Սիմոնյանին:
Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի ներկայացուցիչները քաղաքական են որակում մեղադրանքը: