Նրանք, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն, բոլորն օրենքով պատժվելու են, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ հաղորդում ներկայացնելու մասին:
«Ամենակարևորը էմոցիայից, վիրավորանքից ու զրպարտությունից զատ, կա քրեական բաղադրիչ, երբ դու մեկին սպառնում ես, խոսքը դրա մասին է: Մենք այլ հասարակակարգ ենք ունենալու, իրար չենք դանակահարելու, այդ տղաների պատմության պատճառը եղել է մեկը՝ քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը», - նշել է խորհրդարանի խոսնակը:
Ավելի քան մեկ ժամ տևած քննչական գործողությունից հետո՝ այսօր առավոտյան, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ, ընդդիմադիրներ Սամսոնյանին ու Սաղաթելյանին: Քննիչը հայտնել էր, որ Սամսոնյանը մեղադրվում է խուլիգանության համար:
Սիմոնյանի մամուլի խոսնակը հաստատել էր, որ նա հաղորդում է ներկայացրել:
«Այսինքն՝ եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ: Ես չէի կարող չդիմել, դիմել եմ, դիմելու եմ և լավ եմ արել, բա ի՞նչ պիտի անեի», - հավելել է ԱԺ նախագահը:
Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային ներողություն սոցցանցի անձնական էջում՝ 5 աշխատանքային օր ժամկետով։