Քրեական գործ ու մեղադրանք վիրավորական խոսքի համար, երբ ընդդիմադիր հաղորդավարները եթերում պատասխանել են խորհրդարանի խոսնակին:
Դիմակավորված ԱԱԾ-ականները վաղ առավոտյան սեփական տներից ձերբակալեցին «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներին, կարճ ժամանակ անց Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին մեղադրանք ներկայացվեց խուլիգանության հոդվածով:
Իսկ փոդքասթի լրագրող Դավիթ Ֆիդանյանին էլ կասկածում են արդարադատությանը խոչընդոտելու համար, թե կոնկրետ ինչ է արել լրագրողը, Քննչականը դեռ չի մանրամասնում:
Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանն առավոտյան «Ազատությանը» պատմել էր, թե ինչպես են դիմակավորված ԱԱԾ-ականները մտել իրենց բնակարան առավոտյան 7-ին. «Առավոտը սովորական արթնացել էինք, գիտեինք՝ Իշխանն է, իրենք ուզում էին ներս մտնեին, ես չէի տեսել՝ ովքեր են, մտածեցի ուղղակի տուն են ուզում ներխուժեն, հետո, որ ասեցին ԱԱԾ-ից են, Նարեկը եկավ իրենց դիմավորեց»:
Քննչականը ընդդիմադիր հայացքներ ունեցող հաղորդավարներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Պատճառը նրանց նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ անդրադարձել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին: Իսկ առիթը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն էր փոդքասթի հեղինակներին: Այդ հաղորդումից հետո խորհրդարանի խոսնակը նրանց անվանել էր «շան լակոտներ», Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն էլ, ի պատասխան, իրենց հաջորդ հաղորդման մեջ ավելի թունդ խոսքերով էին հակադարձել Սիմոնյանին:
«Ազգային ժողովի նախագահ մարդը մեդիա գործունեություն իրականացնող մարդկանց իրենց փոդքասթի համար անվանում է «շան լակոտներ», մարդիկ էլ արձագանքել են, մեկը մի կերպ է արձագանքել, մյուսը մյուս կերպ է արձագանքել, թող նայեն տեսնեն՝ այդտեղ ինչ է ընդհանրապես խոսվել ու հասկանան՝ այդտեղ առհասարակ խուլիգանության մասին խոսք լինել կարող է, թե՝ չի կարող», - ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Ընդդիմադիրների դեմ բողոք է ներկայացրել հենց ինքը՝ Ազգային Ժողովի նախագահը: Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողներին պարզաբանում էր, թե ինչու է դա արել. «Լրիվ տրամաբանական եմ համարում, եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ, կամ էն խուլիգանությունը, որ թույլ են տալիս եթերով, մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում»:
Իրավապահների այսօրվա գործողություններն արդեն ողջունել է իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու վիրավորական բառապաշարով գնահատական տվել. «Կարծում եմ՝ չի կարելի Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը խառնել ամենաթողության հետ, և որ յուրաքանչյուր խուլիգան ու թափթփուկ պետք է իմանա, որ օրենքի առաջ պետք է պատասխան տա իր ասածի ու արածի համար»:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սա ոչ իրավաչափ է համարում
Ինչո՞ւ էր հենց ԱԱԾ-ն գնացել ընդդիմադիրների հետևից, նրանց ձերբակալել կռացնելով, ձեռնաշղթա հագցնելով. արդյոք այս դեպքում ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ կա՞ր: Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը սա ոչ իրավաչափ է համարում. «Ես համարում եմ՝ առհասարակ խուզարկությունների խնդիր չկար, անձին ցավեցնելու, վատ վիճակում դնելու, առավոտ շուտ նեղություն տալու միջոց է»:
Մելիքյանը պնդում է՝ անձամբ իր պաշտպանյալ Սամսոնյանը որևէ հայհոյանք չի հնչեցրել. «Խուլիգանության համար ո՞րն է կարևորը, մարդու մոտիվացիան, այսինքն, հասարակությանն ուղղված արարքի: Պատկերացրեք՝ մարդկանց Ազգային ժողովի նախագահը նման արտահայտություն է անում, բա ի՞նչ են ուզում, այսինքն, իրենք կարո՞ղ են ցանկացածին ամենավերջի բաները ասեն, մարդու ինքնասիրության հարց է սա»:
Արդյոք ձերբակալված ընդդիմադիրները կհետևե՞ն Ալեն Սիմոնյանի օրինակին և իրենց հերթին հաղորդում կներկայացնեն Ազգային ժողովի նախագահի դեմ:
«Դիմես-չդիմես արդյունքը ո՞րն է լինելու, երբևէ մենք տեսե՞լ ենք, որ ինչ-որ հանցագործության մասին հաղորդում ներկայացված լինի ու արդյունք ունենա», - ասաց Մելիքյանը:
Հանրապետականի ներկայացուցիչները քաղաքական են որակում մեղադրանքը
Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի ներկայացուցիչները քաղաքական են որակում մեղադրանքը: Պատգամավոր Հայկ Մամիջանյանի համոզմամբ, սա ոչ թե արդարադատություն է, այլ՝ պատիժ խոսքի, այլակարծության համար:
Մամիջանյանը ընտրովի է համարում Հայաստանում իրականացվող արդարադատությունը, հիշեցնում է նույն իշխանականների վարքագիծը, երբ խորհրդարանում, անգամ ուղիղ եթերում, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ընդդիմադիրներին սպառնացել էր վիզ, ականջ կտրել: Նույն ԱԺ նախագահը թքել էր քաղաքացու երեսին, նրա մայրը ևս թքել էր ցուցարարների ուղղությամբ, միջնամատ ցույց տվել:
«Ալեն Սիմոնյանը խորհուրդ է տալիս բոլորին նման դեպքերում հաղորդումներ ներկայացնել, թող իր տեղից վեր կենա, իջնի Կոնջորյանի կողքին նստող Արթուր Հովհաննիսյանի դեմ հաղորդում տա, հետո գնա Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում տա՝ իր բոլոր խայտառակ հաղորդումների համար, հետո գնա ինքն իր դեմ հաղորդում տա՝ մարդու վրա թքելու, մարդկանց վիրավորելու», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Մամիջանյանի թվարկած դեպքերը իրավապահները չեն քննել, ԱԱԾ-ականները նրանց հետևից չեն գնացել, ավելին՝ նրանց այս արարքները հանցագործություն չեն որակել:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի բողոքը սադրանք է որակում, որով, ըստ նրա, Սիմոնյանը անձնական հավատարմությունն է փորձում ցուցադրել Փաշինյանին:
«Սա տղաներին լռեցնելու փորձ է ու տղաներին լռեցնելով ձեզ բոլորիդ վախեցնելու փորձ է: Բռնատիրությունը ո՞նց է լինում, պոզո՞վ, պոչո՞վ, չէ, 21-րդ դարի բռնատիրություն է», - ասաց Աշոտյանը:
Քննչականն առգրավել է նաև «Իմնեմնիմի» փոդքասթի ողջ տեխնիկան: Ինչո՞ւ՝ իրավապահները չեն մանրամասնում: