Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը գնդակոծել են Ուկրաինայի 24 մարզից ինը, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկը, Խարկովին ու Դոնեցկը, կան զոհեր և վիրավորներ։
Ռուս զինվորականների թիրախում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու շինությունները, ինչպես նաև բնակելի թաղամասեր։
Խարկովում, որը վերջին շաբաթներին ռուսների մշտական ռմբակոծության տակ է միայն երեկ յոթ մարդ է զոհվել, քսանից ավելին վիրավորվել։ Նախագահ Զելենսկին կրկին արևմտյան երկրների ավելի վճռական լինելու կոչ է արել, շեշտելով, որ եթե ուկրաինական բանակը հնարավորություն ունենա հրթիռակոծել սահմանակից ռուսական տարածքում տեղակայված ռազմական կայանները, զոհերի թիվն Ուկրաինայում շատ ավելի քիչ կլինի։
«Խնդիրը մեր հակաօդային պաշտպանության համակարգերի պակասն է: Դա մեր զինվորականները հնարավորությունների բացակայությունն է և մեր սահմանների մոտ ռուսական ահաբեկչության աղբյուրը ոչնչացնելու լիակատար անկարողությունը», - նշել է Զելենսկին:
Վերջին շաբաթներին Միացյալ Նահանգներում և Եվրոպայում ակտիվ քննարկում են այս հարցը: Սպիտակ տունը դիտարկում է Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտները խոցելու ուկրաինական զինված ուժերի արգելքի թուլացման հնարավորությունը, գրել է New York Times-ը, հավելելով՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմում բանավեճը սկսվել է Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ։ Այս առաջարկն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցած շաբաթ Կիև կատարած այցից հետո։ Վերջնական որոշում, սակայն, այս հարցով դեռ չկա:
Մինչ այդ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության ղեկավար Եգոր Չերնևը պնդել է՝ Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ցույց տվեց Ուկրաինայի զինված ուժերի «անզորությունը»:
«Ունենալով արևմտյան զենք՝ մենք չկարողացանք դրանք օգտագործել սահմանի մյուս կողմում ռուսական զորքերի և տեխնիկայի կուտակման դեմ, կոնգրեսականների հետ հանդիպումների ժամանակ ցուցադրեցինք տեսանյութ, թե ինչպես է ռուսական «Գրադը» կանգնում Բելգորոդի հանրային ճանապարհին և անպատիժ հարվածում ուկրաինական տարածքին։ Եվ մենք ոչ մի կերպ չենք կարող պատասխանել», - նշել է Եգոր Չերնևը։
Այս պահին իրավիճակը փոքր-ինչ կայունացել է, սոցցանցերում գրել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:
«Խարկովի մարզում հարձակողական մարտերի ընթացքում առաջին աննշան հաջողություններից հետո թշնամին ամբողջովին խրված էր Վոլչանսկի համար փողոցային մարտերում: Այժմ հակառակորդը տարբեր ուղղություններով ռեզերվներ է օգտագործում՝ փորձելով աջակցել ակտիվ գրոհային գործողություններին, սակայն ապարդյուն», - նշել է նա։
Սիրսկիի խոսքով՝ կատաղի մարտերը շարունակվում են Կուպյանսկի, Իվանովսկու ուղղություններով և Չասով Յար քաղաքի մոտակայքում։
Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը գրավելու մտադրություն չունի: Ըստ Պուտինի՝ Մոսկվան ուզում է «բուֆերային գոտի» ստեղծել՝ Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդի մարզը պաշտպանելու համար:
«Պուտինը կարող է կռվել այնքան, որքան անհրաժեշտ է, բայց պատրաստ է նաև հրադադարի»
Զուգահեռ Reuters-ը, հղում անելով Ռուսաստանի նախագահի հետ աշխատած կամ աշխատող քաղաքական գործարար շրջանակների բարձրաստիճան աղբյուրներին, այսօր հաղորդեց, թե Պուտինը պատրաստ է դադարեցնել 3 տարուց ավելի շարունակվող պատերազմը, եթե ամրագրվեն կողմերի ներկայիս դիրքերն առաջնագծում:
Reuters-ի աղբյուրները միաժամանակ նշել են՝ եթե Կիևն ու Արևմուտքը չարձագանքեն այս առաջարկին, Պուտինը պատրաստ է շարունակել պատերազմը: Պուտինը կարող է կռվել այնքան, որքան անհրաժեշտ է, բայց պատրաստ է նաև հրադադարի՝ պատերազմը սառեցնելու համար, գործակալությանն ասել է չորրորդ ռուս բարձրաստիճան պաշտոնյան, ով տեղյակ է Կրեմլի բարձր մակարդակի քննարկումներից:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ի պատասխան Reuters-ի հարցման այս տեղեկությունները չի հերքել, բայց և չի հաստատել: Պուտինը բազմիցս է ակնարկել, որ Ռուսաստանը բաց է երկխոսության համար, ասել է Պեսկովը:
Ուկրաինայի իշխանություններն իրենց հերթին քանիցս հայտարարել են, որ ագրեսոր Պուտինի հետ չեն բանակցի սեփական տարածքների օկուպացիային չեն համաձայնի: