Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է՝ նոր բնակավայր է գրավել Ուկրաինայում, Կիևը դեռ չի հաստատել


Ուկրաինայում ռուսական օդային հարվածի հետևանք, 22-ը մայիսի, 2024թ.
Ուկրաինայում ռուսական օդային հարվածի հետևանք, 22-ը մայիսի, 2024թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե նոր բնակավայր է գրավել Ուկրաինայում՝ Դոնեցկի մարզի Կլիշչեևկա գյուղը, որը գտնվում է Բախմուտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ուկրաինական կողմը սա դեռ չի հաստատել, սակայն երեկ երեկոյան նախագահ Զելենսկին հայտնել էր, որ ճակատում իրավիճակը ծայրահեղ բարդ է։

Կլեշչեևկան արդեն մեկ անգամ հայտնվել էր ռուսական օկուպացիայի տակ և ազատագրվել անցած տարվա սեպտեմբերին՝ ուկրաինական հակահարձակման ժամանակ։

«Ֆրանսպրես»-ն իր հերթին փաստում է, որ անցած շաբաթներին ռուսական ուժերն ամենամեծ տարածքային նվաճումներն են արձանագրել արդեն մեկուկես տարի Ուկրաինայի արևելքում շարունակվող մարտերում, մինչ Կիևը Արևմուիտքից ծայրահեղ անհրաժեշտ ռազմական աջակցության է սպասում։

Ռուսական ինտենսիվ հարձակումը ստիպել է ուկրաինայի զինված ուժերին երկրի այլ հատվածներից ուժերը տեղափոխել Խարկովի մարզ:

Ծանր մարտեր են հատկապես Վովչանսկ քաղաքի մերձակայքում՝ մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Խարկովից մոտ 70 կմ հեռավորության վրա։ Ուկրաինացի զինվորականները հայտարարում են՝ վերահսկում են քաղաքի մոտ 60 տոկոսը, չհերքելով միաժամանակ, որ ռուսներին հաջողվել է ներթափանցել քաղաք։

Վովչանսկի գրավումը կլինի Մոսկվայի ամենակարևոր ձեռքբերումը Խարկովի ուղղությամբ այս ամսվա սկզբին սկսած առաջխաղացումից ի վեր: Ավելի վաղ նախագահ Պուտինն հայտարարել էր, թե այս հրձակումների նպատակն է «բուֆերային գոտի» ստեղծել ՝ սահմանակից Բելգորոդի մարզը ուկրաինական հարձակումներից պաշտպանելու համար։

Ինտենսիվ հրետակոծություններից բացի ռուսական բանակը նաև միջուկային զենքի կիրառման զորավարժություններ է սկսել․ ավելի վաղ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, թե դա Մոսկվայի պատասխանն է Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկելու հնարավորության մասին՝ Արևմուտքից հնչող հայտարարություններին:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, մասնավորապես, հղում էր արել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, ով առաջարկել էր եվրոպական զորքեր ուղարկել Ուկրաինա, ինչպես նաև մեջբերել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի խոսքը, թե Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Լոնդոնի տրամադրած զենքը՝ Ռուսաստանի ներսում գտնվող թիրախներին հարվածելու համար։ Մոսկվան, սակայն, այս միջուկային վարժանքներով չի սահմանափակվում, հայտարարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը:

«Ռուսաստանը արբանյակ է ուղարկել Երկրի ցածր ուղեծիր։ Մեր գնահատականն այն է, որ դա, ամենայն հավանականությամբ, հակատիեզերական զենք է, որը ենթադրաբար կարող է հարձակվել Երկրի ցածր ուղեծրում գտնվող այլ արբանյակների վրա», - նշել է Պատրիկ Ռայդերը:

Մինչ Ռուսաստանը ուղղակի և անուղղակի զգուշացումներ է ուղարկում Արևմուտք, Շվեդիան այսօր հայտարարեց, թե հավելյալ 7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային․այդ աջակցությունն, ըստ պաշտոնական հաղորդումների, Կիև կհասնի առաջիկա երեք տարվա ընթացքում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG