Մինչ Բաքվից սպառնում են Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան՝ անցած դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարի հարցով, որը 38 մարդու մահվան պատճառ դարձավ, ռուսաստանյան աղբյուրները նոր մանրամասներ են հրապարակում՝ անուղղակի հակադարձելով պաշտոնական Բաքվի մեղադրանքներին։
«Բազա» տելեգրամյան ալիքն օդանավի անձնակազմի և դիսպետչերների միջև վերջին ժամերի զրույցի ձայնագրության սղագրությունն է հրապարակել, ինչը փաստում է, որ օդանավի անձնակազմը խուճապի մեջ է եղել, երբ չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում․ ինքնուրույն որոշում է կայացրել վերադառնալ Բաքու, ապա թռչել Ակտաու՝ հրաժարվելով մեկնել մոտակայքում գտնվող Մախաչկալա կամ Միներալնիե Վոդի։
Զրույցի սղագրության համաձայն՝ օդաչուները պատրաստ չեն եղել աշխատել GPS ազդանշանի խլացման պայմաններում, այդ մասին խոստովանում է երկրորդ օդաչուն։
Հատկապես այս հանգամանքը, պաշտոնապես հաստատվելու դեպքում, կհերքի Ադրբեջանի կառավարության և նախագահ Իլհամ Ալիևի այն մեղադրանքները, թե ռուս դիսպետչերները դիտավորյալ թույլ չեն տվել օդաչուներին վայրէջք կատարել մոտակայքում՝ Միներալնիի Վոդիի կամ Մախաչկալայի օդանավակայանում, որպեսզի օդանավն ուղարկեն Կասպից ծով:
Ռուսաստանյան աղբուրները պնդում են, որ ողբերգական այս ավիավթարից դեռևս մեկ ամիս առաջ «Ռոսավիացիա»-ն օդաչուներին հատուկ ծանուցում էր ուղարկել՝ տեղեկացնելու Ռուսաստանի տարածքում GPS-ի հնարավոր խափանումների մասին։ Իբրև թե նշվել է նաև, որ օդաչուները պետք է վայրէջքի այլ տարբերակներ կարողանան իրականացնել։
Հրապարակված զրույցը փաստում է, որ դիսպետչերները երեք անգամ հարցրել են օդաչուներին՝ արդյոք ամեն ինչ կարգին է ինքնաթիռի հետ, արդյոք օդանավի հրամանատարը մտադիր չէ արտակարգ դրություն հայտարարել օդանավում, ինչին օդաչուները պատասխանել են` «կարգին է»։
Սղագրությունն ադրբեջանական կողմի մեկ այլ վարկած էլ է կասկածի տակ դնում՝ թե թռչնի հետ բախման և ինքնաթիռում գազի բալոնի պայթյունի մասին տեղեկությունը ռուսաստանցի պաշտոնյաներն են հորինել՝ օդանավին զենքով հարվածելու փաստը թաքցնելու նպատակով։ Մինչդեռ, ըստ ռուսական աղբյուրների հրապարակած սղագրության, այդ մասին առաջինը օդանավի հրամանատարն է հայտնել:
«Գրոզնի, կառավարումն անվերահսկելի է, թռչունը հարվածել է խցիկին։ Թռչունների հարված և խցիկում երկու նստելատեղերի պայթյուն», - մեջբերում օդանավի անձնակազմի խոսակցության սղագրությունից։
Ադրբեջանի նախագահն անցած օրերին պնդում էր, թե ինքնաթիռը կործանվել է «գետնից գնդակոծության պատճառով», մինչդեռ Ռուսաստանից «զառանցական վարկածներ» են լսում։
Ավիավթարի վերաբերյալ նախնական զեկույցում թեև հաստատվում է վարկածը, որ ինքնաթիռը կործանվելուց առաջ արտաքին ազդեցության է ենթարկվել, այդուհանդերձ, չի նշվում այդ ազդեցության բնույթն ու ծագումը, կամ այն, թե ով է պատասխանատու կործանման համար։ Դրանում որևէ հիշատակում չկա նաև, որ հայտնաբերված բեկորները կարող են վկայել զենիթահրթիռային համակարգի հարվածի մասին: Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան էր Reuters-ին ասել, թե հարվածը հասցվել է ռուսական «Панцирь-С» հակաօդային պաշտպանության համակարգի զենիթային հրթիռով:
Մինչ ավիավթարի հետաքննությունը շարունակվում է, ռուս - ադրբեջանական հարաբերություններում լարվածությունն օր-օրի խորանում է։ Երկու երկրների քարոզչական լրատվամիջոցներն արդեն մի քանի շաբաթ է մեղադրանքներ են փոխանակում։
Ադրբեջանի կառավարությունն այս ընթացքում արգելեց Բաքվում «Ռուսաստանի տան» գործունեությունը, պահանջեց դադարեցնել ռուսաստանյան «Սպուտնիկ»-ի լայնածավալ աշխատանքն Ադրբեջանում և անցանկալի անձ հայտարարեց Պուտինի կուսակից՝ պատգամավոր Նիկոլայ Վալուևին, արգելելով նրա մուտքը երկիր։
Մոսկվայում, այդուհանդերձ, համոզված են՝ անհնար է սեպ խրել ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններում։ Չի հաջողվի, այսօր հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հասկանում ենք՝ շատերն ուզում են այս ամենից ինչ-որ բան շահել, բայց չեք հաջողի, քանի որ ժողովուրդների, նման ընդհանուր պատմություն և պատասխանատվության տարածք ունեցող երկրների միջև սեպ խրելու փորձերը, ներառյալ՝ տարածաշրջանային, զարգացման նման հեռանկարները, դատապարտված են ձախողման», - պնդեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: