«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը ղազախական Ակտաու քաղաքի մոտակայքում մարդատար ինքնաթիռի կործանումից երկու օր անց այսօր հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ 38 մարդու կյանք խլած ավիավթարի պատճառը եղել է «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցությունը»:
Ավիաընկերությունը պարզաբանել է, որ դա են վկայում ավիավթարի պաշտոնական հետաքննության նախնական արդյունքները։ Ընկերության հայտարարությունում ասվում է.
«Այդ որոշումը կայացվել է Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության կողմից՝ հաշվի առնելով Embraer ինքնաթիռի կործանման նախնական հետաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ օդանավը ենթարկվել է ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցության, ինչպես նաև թռիչքների անվտանգության համար հնարավոր ռիսկերի»։
Ավիավթարի օրը ՌԴ տարածքում տեղի ունեցած իրադարձությունների մասին այսօր առաջին անգամ պաշտոնապես մանրամասներ է ներկայացրել նաև Ռուսաստանը: ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովը հայտարարել է, որ վթարի օրը Գրոզնիի օդանավակայանի տարածքում խիտ մառախուղ է եղել, օդանավի հրամանատարը վայրէջքի երկու անհաջող փորձ է արել, ինչից հետո առաջարկվել է վայրէջք կատարել այլ օդանավակայաններում, և նա որոշել է գնալ ղազախական Ակտաու։
Յադրովը նաև նշել է, որ ավիաաղետի մասին տեղեկանալուց անմիջապես հետո ռուսական կողմը Ղազախստանի և Ադրբեջանի գործընկերներին տեղեկացրել է, որ պատրաստ է համագործակցել վթարի հետաքննության հարցում։
«Այդ օրը և ժամերին իրավիճակը Գրոզնիի օդանավակայանի տարածքում շատ ծանր էր։ Այդ պահին ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերն ահաբեկչական հարձակումներ էին իրականացնում Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Գրոզնիի օդանավակայանի տարածքում սահմանվել էր հատուկ ռեժիմ, որը ենթադրում էր, որ բոլոր ինքնաթիռներն անհապաղ պետք է հեռանային նշված տարածքից», - հայտարարել է «Ռոսավիացիա»-ի ղեկավարը:
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը լրագրողներին ասել է, թե բեկորները և վկաների ցուցմունքները հուշում են, որ օդանավի վրա արտաքին միջամտություն է եղել: Նախարարի խոսքով՝ վիրավոր ուղևորները և ողջ մնացած բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ Գրոզնիում պայթյուն են լսել:
«Բորտուղեկցորդուհիներից մեկը նույնիսկ ձեռքի վնասվածք է ստացել: Բացի այդ՝ օդանավի թևի վրա նկատելի են անցքերի հետքեր: Ինքնաթիռի ներսում, ֆյուզելյաժի վրա կան վնասվածքներ, տարբեր կտրող գործիքների հետքեր: Տուժողները, որոնք ՌԴ քաղաքացիներ են, նույնպես հայտարարել են, որ Գրոզնիում երեք պայթյուն են լսել, ըստ նրանց՝ պայթյունների ձայները հնչել են դրսից, որից հետո ինչ-որ բան հարվածել է ինքնաթիռին», - փոխանցել է Նաբիևը:
Նախարարը նշել է, որ մնացած բոլոր հարցերը կպարզի հետաքննությունը:
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն, իր հերթին, ասել է, թե վթարի պատճառի ամենահավանական վարկածն այն է, որ օդանավն արտաքին ազդեցության է ենթարկվել, և քանի որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, ապա հենց Ռուսաստանը պետք է ապահովեր իր օդային տարածքով թռիչքների անվտանգությունը:
«Կասկած չկա, որ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի Դաշնության վրա։ Այնպես որ, Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը ներողություն կխնդրի և կկատարի միջազգային իրավունքից բխող այլ պարտավորություններ։ Սակայն կարծում եմ, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների բնույթն այնպիսին է, որ դրանք հեշտությամբ չեն կարող վնասվել», - հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը:
Մոսկվան այսօր ևս հայտարարել է, որ որևէ գնահատական չի տա վթարի վերաբերյալ, քանի դեռ չեն ստացվել հետաքննության արդյունքները: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. - «Այդ ավիամիջադեպի հետաքննությունը շարունակվում է, և քանի դեռ այդ հետաքննության արդյունքներից եզրակացություններ չեն արվել, մենք իրավասու չենք գնահատականներ տալ և գնահատական չենք տալու»:
Պեսկովը նաև նշել է, որ տեղյակ են Բաքվից հնչած հայտարարություններին այն մասին, թե Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի կատարվածի համար: Նա հավելել է, որ ավելացնելու բան չունի, կատարվածին գնահատական կարող են տալ միայն երկրի ավիացիոն իշխանությունները:
«Ազատության» "Настоящее Время" հեռուստաալիքի հետ զրույցում ռազմական և ավիացիոն մի քանի փորձագետներ ևս չէին բացառել, որ օդանավը կարող էր խոցվել ռուսական զենիթահրթիռային համալիրից արձակված հրթիռով:
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ն այսօր ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստան՝ հիմնականում Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքներ: Ռուսաստանի առնվազն վեց շրջանում, ներառյալ՝ Սոչի և Կազան քաղաքներում, օդանավակայաններն այսօր դադարեցրել են աշխատանքը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատճառն անօդաչուների հարձակման վտանգն է:
Այսօր նաև պարզ դարձավ, որ Իսրայելի խոշորագույն EL AL ավիաընկերությունը ավիավթարի պատճառով մեկ շաբաթով դադարեցրել է թռիչքները Թել Ավիվից Մոսկվա: Ընկերությունը նշել է, որ հաջորդ շաբաթ կվերագնահատեն իրավիճակը և ըստ այդմ որոշում կկայացեն հետագա թռիչքների վերաբերյալ: