Ռուսաստանն ու Ուկրաինան երեկ երեկոյան գերիներ են փոխանակել՝ 250-ը 250-ի դիմաց: Սա հունիսի սկզբին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում իրականացված իններորդ փոխանակումն է, որը տեղի է ունեցել Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների և Ուկրաինայում հակակառավարական ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են վիճահարույց մի օրենքի պատճառով:
Երեկ երեկոյան Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տևել է մոտ կես ժամ: Կողմերը համաձայնել են 1200 ռազմագերի փոխանակել: Սակայն հրադադարի պայմանների և երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման հարցում համաձայնության չեն եկել:
Հանդիպումից հետո Ուկրաինայի պատվիրակության ղեկավարն ասել է, որ տևական խաղաղության տանող առաջին քայլը կարող է լինել իրական հրադադարը: Ռուստեմ Ումերովն ընդգծել է՝ առաջնահերթ է նախագահների մակարդակով հանդիպումը, ապա նշել, որ Կիևն առաջարկել է այն կազմակերպել օգոստոսին: Նաև ասել է, որ այս առաջարկին համաձայնելով՝ Ռուսաստանը կարող է ողջ աշխարհին հստակ ցույց տալ իր կառուցողական մոտեցումը:
«Ուկրաինան շարունակում է պնդել՝ լիակատար և անվերապահ հրադադարը անհրաժեշտ հիմք է արդյունավետ դիվանագիտության համար: Մենք պատրաստ ենք հրադադարի և սկսելու խաղաղությանն ուղղված էական բանակցություններ, և մյուս կողմի որոշելիքն է խաղաղության տանող այս հիմնական քայլն ընդունելը», - ասել է նա։
Ռուսական պատվիրակության ղեկավարն իր հերթին ասել է, որ խաղաղության համաձայնագիրը ոչ թե պետք է քննարկվի, այլ ստորագրվի նախագահների հանդիպման ժամանակ։ Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ կողմերը համաձայնել են փոխանակել նվազագույնը 1200 ռազմագերի, Ռուսաստանը պատրաստ է փոխանցել ևս 3000 ուկրաինացի զինվորի դի, երբ Ուկրաինան պատրաստ լինի ընդունել դրանք։
Մոսկվան նաև առաջարկել է երկօրյա հրադադար հայտարարել՝ վիրավորներին տեղափոխելու և առաջնագծից դիերը դուրս բերելու համար: Նաև առաջարկել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք առցանց ռեժիմով կքննարկեն քաղաքական, մարդասիրական և ռազմական հարցերը: Մեդինսկին հայտնել է, որ քննարկվել են խաղաղության համաձայնագրի հուշագրի ռուսական և ուկրաինական տարբերակները, սակայն ընդգծել է, որ կողմերի մոտեցումները շատ հեռու են իրարից:
«Դիրքորոշումները բավական հեռու են միմյանցից։ Մենք համաձայնեցինք շարունակել շփումները, և՛ պատվիրակությունների մակարդակով, և՛, հուսով ենք, օպերատիվորեն նաև աշխատանքային խմբերի մակարդակով», - նշել է Մեդինսկին։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային 322 միլիոն դոլարի հրթիռային համակարգերի և մարտական մեքենաների վաճառքը, որը պետք է հաստատի նաև Կոնգրեսը:
Այս ֆոնին Ուկրաինայում շարունակվում են ցույցերը, որոնք սկսվեցին երեքշաբթի, երբ նախագահը ստորագրեց Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության անկախությունը սահմանափակող օրենքը: Երեկ ցույցեր են անցկացվել Կիևում, Զապորոժիեում, Լվովում, Օդեսայում և այլ քաղաքներում:
Կիևի բնակիչ Մարինա Միխալչուկն ասում է, որ բողոքի են դուրս եկել, քանզի զայրացած են: Ըստ նրա՝ ոչ ոք չէր սպասում, որ նախագահը կստորագրի այս օրենքը. «Այս օրենքի ստորագրումը գործնականում նշանակում է Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության լուծարում, այն փակում է դեպի ԵՄ ճանապարհը և խարխլում ժողովրդավարությունը»։
Զապորոժիեում ցույցի մասնակից Գենադի Խարչենկոն, որն «Ազով» գումարտակի նախկին անդամ է, ասում է՝ հնարավոր չէ Ռուսաստանին հաղթել, եթե երկրի ներսում արմատախիլ չանեն կոռուպցիան:
Դժգոհությունների ու քննադատության ֆոնին Ուկրաինայի նախագահը խոստացել է նոր օրենք ընդունել, որը կպահպանի այդ մարմինների անկախությունը։ «Մենք վերլուծել ենք բոլոր մտահոգությունները, բոլոր այն կողմերը, թե ինչը պետք է փոխվի, և ինչը պետք է կիրառվի»,- ասել է նա։