Ստամբուլում այսօր ակնկալվող ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի մասին իրարամերժ տեղեկություններ կան: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ դրանք նախատեսված են այսօր: Ռուսական լրատվամիջոցներն էլ իրենց աղբյուրներին հղումով գրում են, որ դրանք նախատեսված են այսօր երեկոյան, թեև Ռուսաստանը պաշտոնապես դեռ չի հաստատել իր մասնակցությունը: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 2-ին:
Ռուսական պատվիրակության կազմը չի փոխվել, իսկ ուկրաինականն ընդլայնվել է ևս երկուսով: Կրեմլի խոսնակը երեկ ասել է, որ հաջորդ հանդիպմանը նախատեսվում է քննարկել կարգավորման վերաբերյալ կողմերի պատրաստած հուշագրերի նախագծերը։ Նաև ասել էր, որ բեկումնային առաջընթաց պետք չէ սպասել:
Սպասվող բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահը երեկ հայտարարել է, որ Կիևի համար առաջնահերթ է հրադադարի ապահովումն ու գերիների ազատ արձակումը: Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի գործընկերներն աշխատում են առաջնորդների մակարդակով խաղաղության գագաթնաժողով կազմակերպելու և Ռուսաստանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց և երեխաների վերադարձն ապահովելու ուղղությամբ։
«Մեր առաջադրանքն է աշխատել հրադադարի ուղղությամբ։ Սա այն է, ինչ ամբողջ աշխարհն է ասում Ռուսաստանին... Ուկրաինան երբեք պատերազմ չի ցանկացել, և հենց Ռուսաստանն է, որ պետք է դադարեցնի իր սկսած պատերազմը», - նշել է Զելենսկին։
Ռազմաճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Մինչ հասկանալի չէ՝ արդյոք այսօր հանդիպում տեղի կունենա՞, թե՞ ոչ, ռազմաճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Թեժ մարտեր են ընթանում Պոկրովսկի հարավում գտնվող Զվերևո գյուղի ուղղությամբ, որտեղ օրեր առաջ ռուսական դիվերսիոն խումբ էր ներթափանցել: DeepState նախագծի տվյալներով՝ խմբի նպատակն է ամրապնդել դիրքերն այնտեղ և սպասել լրացուցիչ ուժերի ժամանմանը, մինչ ուկրաինական զինուժը փորձում է նրանց դուրս հանել:
Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում, գիշերն էլ հարվածել են Սումիին, Կրվոյ Ռոգին, կան ավերածություններ, Խերսոնում կա մեկ զոհ: Ուկրաինան կորցրել է Ֆրանսիայի տրամադրած Mirage կործանիչներից մեկը, որը տեխնիկական խնդրի պատճառով վթարվել է:
Ուկրաինական կողմը ևս հարվածել է ռուսական բնակավայրերին, այդ թվում՝ Կուրսկին, Տուլային, Նիժնի Նովգորոդի օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվել:
Այս ընթացքում Ուկրաինայի դաշնակիցները փնտրում են ուղիներ, որպեսզի ԱՄՆ նախագահի առաջարկած նոր սխեմայի շրջանակում Եվրամիության որոշ անդամ երկրներ Ուկրաինային փոխանցեն հակաօդային պաշտպանության հինգ Patriot համակարգեր, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը: Բորիս Պիստորիուսն ասել է, որ Գերմանիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել իր երկու համակարգերը, բայց պետք է ստանա հավաստիացում, որ դրանք կփոխարինվեն վեցից ութ ամսվա ընթացքում։
«Իրավիճակն անհույս չէ, բայց նախապայմանն այն է, որ այդ համակարգերն ունեցող երկրները պատրաստ լինեն դրանք հիմա տրամադրել, որպեսզի մյուսները կարողանան վճարել դրանց համար, և դրանք տեղափոխվեն Ուկրաինա», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Ռուսաստանի նավթից և գազից եկամուտները հուլիսին կնվազեն. Reuters
Ու մինչ եվրոպացի գործընկերները փորձում են օգնել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, Reuters-ն անդրադարձել է Ռուսաստանի բյուջեի եկամուտներին: Գործակալության հաշվարկներով՝ նավթի գնանկման և ազգային արժույթի ամրապնդման պատճառով նավթից և գազից ստացվող եկամուտները հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կնվազեն մոտ 37 տոկոսով:
Նավթից և գազից ստացված եկամուտները երկրի ֆինանսավորման ամենակարևոր աղբյուրն են, որոնք կազմում են դաշնային բյուջեի եկամուտների մեկ քառորդը: Ըստ Reuters-ի՝ եկամուտների նվազումը ցավոտ է Ռուսաստանի համար, որը զգալիորեն մեծացրել է ռազմական ծախսերը Ուկրաինայի վրա հարձակումից հետո։
ԱՄՆ էներգետիկայի նախարարը Fox News-ի եթերում հայտարարել է, որ ռուսական էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար «շատ իրական հնարավորություն» է ստեղծում։ Քրիս Ռայթն ասել է, որ դա հսկայական ճնշում կլինի Ռուսաստանի վրա:
«Դա հսկայական ճնշում է Ռուսաստանի վրա։ Ամենամեծ ճնշումն է, որ կարելի գործադրել նրանց վրա։ Եվ նախագահ Թրամփը միշտ ձգտել է խաղաղության, որտեղ էլ որ լինի… Կարծում եմ՝ դա շատ իրական հնարավորություն է»։