ԱՄՆ-ն հուլիսի 23-ին հայտարարել է Ուկրաինայի օդային պաշտպանության և զրահամեքենաների կարողությունները ուժեղացնելու նպատակով 322 միլիոն դոլարի սպառազինության վաճառքի հաստատման մասին։
ԱՄՆ Պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալության համաձայն՝ HAWK տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը և սպասարկումը կարժենան մինչև 172 միլիոն դոլար, իսկ Bradley հետևակի մարտական մեքենաների վերաբերող սարքավորումների և ծառայությունների ծախսը՝ մինչև 150 միլիոն դոլար։
Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հնարավոր վաճառքները, իսկ DSCA-ն անհրաժեշտ ծանուցումն ուղարկել է ԱՄՆ Կոնգրեսին, որը դեռ պետք է վերջնական հաստատում տա գործարքներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պլանավորում է Ուկրաինային տրամադրել «միլիարդավոր դոլարների» սպառազինություն, որը ՆԱՏՕ-ն կգնի։
Միաժամանակ, Թրամփը Ռուսաստանին 50-օրյա վերջնաժամկետ էր տվել՝ հրադադարի հասնելու համար, սպառնալով տնտեսական պատժամիջոցներով այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են առևտուրը Ռուսաստանի հետ՝ այդ կերպ փորձելով ստիպել Մոսկվային վերադառնալ բանակցությունների սեղան։
Նախատեսվող սպառազինության վաճառքի հաստատումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պենտագոնը հայտարարել էր Ուկրաինային զենքի այլ մատակարարումների ժամանակավոր դադարի մասին՝ ԱՄՆ-ի ռազմամթերքի պահուստների վերագնահատման նպատակով։