Մատչելիության հղումներ

Ռուսական կազմակերպությունները պնդում են՝ հայկական կոնյակի մեծ մասը չի համապատասխանում ստանդարտներին


Հայկական կոնյակ խանւթում, արխի
Հայկական կոնյակ խանւթում, արխի

Ռուսական «Սոյուզկոնյակ» հասարակական կազմակերպությունն ու «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան համատեղ ուսումնասիրություններից հետո հայտարարել են՝ Ռուսաստան մտած հայկական կոնյակի 80-85 տոկոսը չի համապատասխանում ստանդարտներին:

Օրերս ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս կազմակերպությունների ներկայացուցիչները հրապարակել են նաև հայկական կոնյակ արտադրող 8 առաջատար ընկերությունների անուններ, որոնց արտադրանքից 71 նմուշ է ստուգվել:

Կոնյակ արտադրող հայկական այդ ընկերություններից մի քանիսը չձայնագրվելու պայմանով ասացին՝ չեն ընդունում այդ պնդումները, մյուսներն առհասարակ չպատասխանեցին «Ազատության» զանգերին, և միայն մեկ ընկերության ներկայացուցիչ արձագանքեց՝ իրենք էլ իրենց հերթին են լաբորատոր ստուգումներ սկսել.

«Մենք պնդումները չենք ընդունում, բայց մենք նշված էքսպերտիզաների արդյունքները ստացել ենք, մենք ինքներս նույն ապրանքների նմուշները կուղարկենք լաբորատորիա, հետո պատասխան նամակով կդիմենք իրենց; Եթե բացահայտվի, որ ինչ-որ խախտում կա, իհարկե դա կշտկենք, բայց էդ ամեն ինչի վերջնական պատասխանը կունենանք, երբ որ մենք ինքներս ևս մեկ անգամ լաբորատոր ուսումնասիրություն կանցկացնենք»:

«Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան ստեղծվել է ալկոհոլի շուկայում կեղծարարության դեմ պայքարի համար: Այն ներկայացնում է ԵԱՏՄ բոլոր հինգ անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Ղազախստանի շահերը: Ասոցիացիան ղեկավարում է Ռուսաստանի Պետդումայի իշխանական պատգամավոր Վլադիսլավ Ռեզնիկը, նա նաև հայկական կոնյակներն ուսումնասիրած «Սոյուզկոնյակ» ՀԿ-ի միության ղեկավարն է:

Ասուլիսի ընթացքում Ռեզնիկը նշել է, որ հետազոտությունները սկսել են դեռ նախորդ տարվանից. - «Ցանկանում եմ հատկապես և հատուկ անդադառնալ հայկական կոնյակին, քանի որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այս կոնյակի բազմաթիվ նմուշներ չեն համապատասխանում միջպետական և ազգային ստանդարտների պահանջներին: Որոշ շշերում նույնիսկ բացակայում է խաղողի սպիրտը, այն ամբողջությամբ չի համապատասխանում կոնյակի սահմանմանը»:

Պետդումայի պատգամավորն ընդգծել է, թե հայ արտադրողները հաճախ են խախտում ոչ միայն կոնյակի համար սահմանված պետական ստանդարտները, այլևս՝ ՌԴ օրենսդրությունը: Կազմակերպություններն իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրել են Ռուսաստանի համապատասխան մարմիններին՝ «Ռոսկոնտրոլ» ու Գլխավոր դատախազություն, նաև՝ Հայաստանում ոլորտը համակարգող մարմիններին: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից այդպես էլ չասացին՝ ստացե՞լ են դրանք, ի՞նչ են պատասխանել, կամ պատասխանե՞լ են արդյոք:

Իսկ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք համաձայն չենք այդ գնահատականին: Նշել է՝ «Սոյուզկոնյակ»-ն ու «Անտիկոնտրաֆակտ»-ը ոչ պետական կազմակերպություններ են, իսկ պետական մարմիններից իրենք բողոքի այդպիսի նոտա չեն ստացել: Ընդգծել է՝ օրեր առաջ է խոսել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ, ու արձանագրել են, որ պետք է առևտրաշրջանառությունն ավելացնեն, կոնյակի որակի հարցեր չեն քննարկել:

Պապոյանը նաև հավելել է՝ վերջին 35 տարվում առաջին անգամ Հայաստանում կգործի իզոտոպային լաբորատորիա, ու ալկոհոլային խմիչքը նախ այստեղ կստուգվի, հետո նոր կարտահանվի. - «Լաբորատորիան արդեն կա, հիմա հավատարմագրման պրոցեսի մեջ է, և շուտով կստուգենք երեք իզոտոպները, որոնք բնորոշում են, թե սպիրտը խաղողի՞ց է, թե՞, օրինակ, ցորենից: Ասում են՝ դե 80 տոկոսը հայկականը խաղողից չի և այլն, հիմա Վրաստանում ստուգում են՝ 90 տոկոսը դրական եզրակացություն է ստանում և գնում է դեպի Ռուսաստան»:

«Սոյուզկոնյակ» հասրակական կազմակերպության յութուբյան էջը բացվել է երկու տարի առաջ, ընդհանուր 84 տեսանյութից 75-ը նվիրված է ԵԱՏՄ երկրների կոնյակների վատ որակին: Շուրջ 50-ը հայկական կոնյակների մասին է, 9-ը՝ ադրբեջանական, 9-ը՝ վրացական, հատուկենտ՝ նաև ռուսական ու բելառուսական:

«Սոյուզկոնյակ»-ի փորձագետ Անդրեյ Տրետյակովն ասուլիսում նշել է, թե Հայաստանից հետո երկրորդ տեղում Վրաստանն է, սակայն այս երկրի կեղծ արտադրանքի բաժինն, ըստ նրա, փոքր է, քանի որ ռուսական շուկա ներմուծվող վրացական կոնյակի ծավալներն էլ են փոքր։

Իսկ Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ազգային միության ղեկավար Պավել Շապկինը նշել է, թե Հայաստանից արտահանվում է 6 միլիոն լիտր կոնյակի սպիրտ, սակայն Ռուսաստան ներմուծվում է 16 միլիոն լիտր կոնյակ՝ սա, ըստ նրա, նշանակում է, որ տեղում ավելացվում են կասկածելի բաղադրիչներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ անդրադառնալով արտահանման խնդիրերին՝ հիշեցրեց, թե բազմիցս է կոչ արել արտահանվող ապրանքների ստանդարտները խստորեն պահպանել. - «Ստանդարտներին համապատասխանող ապրանքները չունեն որևէ տեղ արտահանվելու որևէ խնդիր: Իսկ էն ապրանքները, որոնք առնվազն որոշ կասկած հարուցում են, իրանց արտահանում-ներմուծումը բարդանում ա, ոչ թե արգելակվում ա, և որը հաստատվում ա համապատասխանությունը, տեղի ունենում ա: Համենայն դեպք մեզ էդպես են բացատրում, և էդ բացատրության մեջ լեգիտիմության որոշակի էլեմենտ կա: Եվ երկրորդը՝ ես չեմ կարծում, որ մեր ռազմավարությունը պետք է լինի, որ մեր սուվերենության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանք արտահանելը»:

Արձագանքելով Ռուսաստանից հնչող քննադատություններին՝ «Ազատության» հետ զրուցած երկու փորձագետները տարբեր դիրքորոշումներ հայտնեցին: «Սոցիալ տնտեսական կենտրոնի» նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ հայ կոնյակագործներից բացի՝ Ռուսաստանն էլ իր մեղքի բաժինն ունի, որովհետև հատկապես վերջին 2-3 տարիներին, իր տեղեկություններով, արտահանողներից նաև ցածրօրակ կոնյակ է պահանջվել: Իսկ խոշոր հաշվով՝ կարծում է, որ Հայաստանի կառավարությունն այդ 8 առաջատար կոնյակ արտադրող ընկերությունների հետ շատ խիստ զրույց պետք է ունենա. - «Հայաստանի կոնյակի պատիվը գցելը արժեք ունի, ընկերությունն ուրեմն պետք է տուգանվի»:

Փորձագետ Ավագ Հարությունյանն էլ կարծում է, որ հայկական կողմը կարող է պահպանել ստանդարտները, բայց այսպիսի խախտումների հիմքում, ըստ նրա, ընկած են ռուսական շուկայի տիրոջ ցանկություններն ու ազդեցության հնարավորությունները: Ռուսաստանից հնչող այս դժգոհությունները, նրա կարծիքով, քաղաքական լծակ է, որն ըստ նպատակահարմարության բանեցվում է Հայաստանի վրա:

«Ով է ռուսական շուկայում տերը, բոլորս գիտենք: Սկսած 18 թվականից, երբ որ Հայաստանը ունեցավ տարաձայնություններ, մեղմ ասած, Ռուսաստանի հետ, մերոնք սկսեցին փորձել կամաց-կամաց նվազեցնել էն թույլատրելի քվոտաների մեջ տեղավորվող կեղծարարությունը, որովհետև մենք արդեն ռիսկային դաշտում էինք՝ ի տարբերություն մյուսների», - ասաց Հարությունյանը:

Ռուս պաշտոնյաների պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները տեղյակ են խնդրից, բայց էական փոփոխություն, ասում են, չի արձանագրվել:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG