Մատչելիության հղումներ

Ռուսական հրթիռը հարվածել է ուկրաինական զորավարժարանի, երեք զինծառայող զոհվել է


Արխիվ
Արխիվ

Ռուսական զորքերը հուլիսի 29-ին հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանման տարածքին՝ սպանելով երեք և վիրավորելով առնվազն 18 զինծառայողի, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը։

Հարձակման ճշգրիտ վայրը չի նշվում։

«Չնայած ձեռնարկված անվտանգության միջոցառումներին, ցավոք, հնարավոր չի եղել լիովին խուսափել անձնակազմի կորուստներից», - նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ քննչական հանձնաժողով կձևավորվի։ Եթե պարզվի, որ սա եղել է պաշտոնյաների գործողությունների կամ անգործության հետևանքով, մեղավորները կենթարկվեն պատասխանատվության, նշվում է հաղորդագրությունում։

Վերջին ամիսներին ռուսական ուժերը ակտիվացրել են ուկրաինական ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնների վրա հարձակումները։ Մի քանի նման հարված արձանագրվել է հունիսին, այդ թվում՝ հունիսի 22-ին, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, իսկ 14-ը՝ վիրավորվել։

XS
SM
MD
LG