Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախատեսված բանակցությունները, որոնք պետք է կայանան երկուշաբթի՝ Թուրքիայում, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Լավրովը և Ռուբիոն մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է Ռուսաստանի նախաձեռնությամբ, նաև հայտնել է, որ Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները՝ «կայուն խաղաղության» հասնելու նպատակով։
Նախարարությունը նաև նշել է, որ զրույցի ընթացքում Ռուբիոն ցավակցություն է հայտնել Ուկրաինային սահմանակից երկու ռուսական մարզերում տեղի ունեցած կամուրջների պայթյունների հետևանքով զոհերի կապակցությամբ։
Ռուսական կողմի տվյալներով՝ շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, ևս 69-ը վիրավորվել են։