Մատչելիության հղումներ

Մոսկվան Կիևին դեռ չի փոխանցել հուշագրի տեքստը, Ռուսաստանում կամուրջներ են պայթեցվել


Ստամբուլում երկուշաբթի նախատեսված ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններից մեկ օր առաջ դեռ պարզ չէ, թե ինչ պայմաններ է ռուսական կողմն առաջարկելու. մինչ այս պահը Մոսկվան չի փոխանցել խաղաղության հնարավոր համաձայնագրի իր տարբերակը, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

«Մենք տեղեկություն չունենք, Թուրքիան չունի, Միացյալ Նահանգները նույնպես չունի, ինչպես նաև մյուս գործընկերները։ Սա այդքան էլ լուրջ չէ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել Ստամբուլի հանդիպմանը, սակայն ցանկանում է, որ այն կառուցողական լինի, ինչի համար Ռուսաստանին կոչ էր արել փոխանցել հուշագրի ռուսական տարբերակի տեքստը։ Կրեմլի խոսնակն էլ արձագանքել էր՝ մինչև հանդիպումը հուշագրի բովանդակությունը չի հրապարակվի։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, թե բոլորն են ցանկանում, որ Ռուսաստանը սկսի լուրջ վերաբերվել դիվանագիտությանը և դադարեցնի պատերազմը։ «Եվ Ռուսաստանը պետք է գնա դրան։ Մենք հույս ունենք, որ ամերիկյան կողմը վճռական կլինի պատժամիջոցների հարցում՝ խաղաղությանը նպաստելու համար։ Մինչ այժմ մենք տեսնում ենք միայն ռուսական կողմից նոր հարվածներ և նոր հարձակումներ»,- ասել է Զելենսկին։

Ի՞նչ սպասել Ստամբուլի հանդիպումից

ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) կանխատեսումներով՝ Ստամբուլի հանդիպմանը որևէ էական արդյունքի հնարավոր չի լինի հասնել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու գործում՝ հաշվի առնելով, թե հանդիպումից առաջ ինչպես են ռուս պաշտոնյաները ցուցադրում Կրեմլի անզիջում դիրքորոշումը։

Կազմակերպության զեկույցում որպես օրինակ է բերվում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մայիսի 30-ի նիստի ժամանակ։ Վերջինս հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է կռվել Ուկրաինայի դեմ «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», և որ Ուկրաինան կարող է կա՛մ ընդունել խաղաղությունը Ռուսաստանի պայմաններով, կա՛մ անխուսափելի պարտության ենթարկվել մարտադաշտում։

Նեբենզյան նաև ասել է, որ «բացվել են» ԱՄՆ-ի աչքերը Ուկրաինայում պատերազմի «հիմնապատճառների» հարցում և կրկնել է Պուտինի պահանջները, որ Արևմուտքը պետք է դադարեցնի Ուկրաինային զենքի մատակարարումը, Ուկրաինան իր հերթին դադարեցնի զորահավաքը՝ որպես հրադադարի նախապայման։

Հակամարտության հիմնապատճառները վերացնելու անհրաժեշտության մասին խոսել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն և Պուտինի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և այլ պաշտոնյաներ։

ՆԱՏՕ-ն չի քննարկում դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու՝ Մոսկվայի պահանջը

Պատերազմը դադարեցնելու Մոսկվայի պահանջներից մեկն այն է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց, իսկ ՆԱՏՕ-ն հրաժարվի դեպի արևելք ընդլայնվելուց և գրավոր երաշխիքներ տա այդ մասին։ ՆԱՏՕ-ի մի քանի տեղեկացված պաշտոնյաներ, դիվանագետներ, անանուն մնալու պայմանով, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ ՆԱՏՕ-ն չի քննարկում Ռուսաստանի այդ պահանջները։

«Ազատության» աղբյուրները նշել են, որ հնարավոր ընդլայնումից հրաժարվելու թեման չի բարձրացվել Հյուսիսատլանտյան դաշինքի՝ վերջերս կամ ավելի վաղ կայացած որևէ պաշտոնական հանդիպման ժամանակ։ «Հնարավոր է՝ դա ընդամենը ակադեմիական քննարկում է»,- ասել է «Ազատության» զրուցակիցներից մեկը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի ցանկացած որոշում կայացվում է կոնսենսուսով։

Մեկ այլ աղբյուր էլ ասել է, թե «այնպես չէ, որ նրանք [ռուսները] կարող են հեշտությամբ ստանալ» չընդլայնման վերաբերյալ գրավոր պարտավորությունը, քանի որ այս կամ այն դաշինքին միանալու մասին ազատ որոշ կայացնելու իրավունքն ամրագրված է մի շարք միջազգային պայմանագրերում։

Ուկրաինան ստանձնել է Ռուսաստանում կամուրջներից մեկի պայթեցման պատասխանատվությունը

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը տեղեկացնում է, որ այս գիշեր բեռնատար գնացք է պայթեցվել Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանի Յակիմովկա բնակավայրի մոտ, որը գտնվում է ռուսական զորքի վերահսկողության տակ։ Ըստ գերատեսչության՝ գնացքը ռազմական էր և վառելիք ու այլ բեռներ էր տեղափոխում Ղրիմ։ Պայթյունի հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից։

Պայթեցման հետևանքով գիշերը նաև ևս երկու կամուրջ է փլուզվել Ուկրաինային սահմանակից ռուսական Բրյանսկի և Կուրսկի շրջաններում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն յոթ, վիրավորվել 67 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հաստատել է, որ կամուրջները փլուզվել են պայթյունների պատճառով։ Այս փլուզումների վերաբերյալ, սակայն, Կիևը պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։

Ստամբուլում նախատեսված հանդիպումից առաջ ռուսական զինուժը շարունակել է Կիևի մարզի վրա անօդաչուներով, բալիստիկ և թևավոր հրթիռներով հարձակումը, առնվազն տասը բնակելի տուն է վնասվել։ Պաշտպանության նախարարությունը նաև հաղորդել է Սումիի մարում օկուպացված ևս մեկ բնակավայրի մասին, Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով էլ վնասվել է երեք բազմաբնակարան շենք, տասնյակ շինություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG