Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Ըստ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում «հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել ուկրաինական ճգնաժամի թեմայի վրա»։
«Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։
Լարվրովն ու Ռուբիոն Անդրադարել են նաև մի շարք այլ միջազգային հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում։
Նախօրեին Մարկո Ռուբիոն NBC-ի հետ զրույցում նշել է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի մոտ ապագայում, ընդգծելով՝ Վաշինգտոնը այժմ դիտարկում է՝ արդյոք արժե շարունակել միջնորդի դերը։
Օրերս էլ Ռուսաստանում էր Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Կրեմլում նա հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ, քննարկել Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման թեման: