Երևանի Միկոյան 64-ի բնակիչներն այսօր քաղաքապետարանից պաշտոնական պատասխան են ստացել, որով կառույցը պաշտոնապես հաստատել է, որ այդ հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել: Այս մասին նշված է բնակիչների արած հայտարարության մեջ:
Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող հողամասը ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։ Համաձայն գրության՝ նշված հասցեում կառուցապատման նպատակով նոր թույլտվությունների տրամադրումը կհակասի գործող օրենսդրությանը։
Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ շահագործման թույլտվության ստացմանը հնարավոր կլինի անդրադառնալ միայն բազմաբնակարան համալիրի աշխատանքային նախագծերով սահմանված տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո։
Բնակիչների քաղաքապետարանից հետաքրքրվել էին՝ ինչպե՞ս է համալիրի տարածքից շուրջ 4000 քմ առանձնացրել կառուցապատողը, նոր հասցե ստացել ու վաճառել:
Կառուցապատողը N&S Construction-ն է. Միկոյան 64 հասցեում 6 մասնաշենք է կառուցել, քաղաքապետարանից ավարտական ակտ ստացել ու սնանկացել: Այժմ բնակարան գնած ավելի քան 1000 սեփականատերեր կանգնել են փաստի առաջ՝ չեն կարողանում իրենց վկայականները ստանալ:
«Բայց, եթե անգամ բանը հասնի վկայական ստանալուն, միևնույնն է այդ առանձնացված տարածքը համարվում է նախագծից էական շեղում ու այդ պատճառով քաղաքապետարանը չի տրամադրի շահագործման ակտ»,- ավելի վաղ ասել էին բնակիչները:
Փողոց փակելուց հետո նրանց ընդունել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը ու պնդել՝ այդ տարածքը կկանաչապատվի: Բնակիչների մոտ հարցեր էին առաջացել՝ այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքապետարանը նոր հասցե տրամադրել կառուցապատողին:
Տիգրան Ավինյանն էլ, ավելի վաղ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադառնալով այս խնդրին, գրել էր՝ բնակիչներին վստահեցրել էր, որ բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված շուրջ 4 հազար քառակուսի մետր մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում՝ Երևան քաղաքի 2024 թվականին հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները:
«Օրենսդրությամբ ընձեռված լիազորությունների շրջանակում պատրաստ ենք օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան 64, այնպես էլ առանձնացված 64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում», - նշել էր նա: