Պետք է շատ հստակ հայտարարենք, որ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը «մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, մեր տարածքների անվտանգությունը», այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով ՊՆ-ում ԶՈւ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ հանդիսավոր նիստին իր ելույթում վարչապետը շեշտել է՝ դա է այն մոդելը, որի վրա պետք է կառուցել նոր, նորացված, թարմացված պաշտպանունակ բանակը:
«Սա է այն հենքը, որի վրա պետք է իրագործենք բանակի կերպափոխման այն հայեցակարգը, որն արդեն Անվտանգության խորհրդի հավանությանն է արժանացել», - ընդգծել է նա՝ հավելելով, որ հենց այս հայեցակարգի որդեգրման շնորհիվ է, որ հաջողվել է դիվերսիֆիկացնել անվտանգության ոլորտի հարաբերությունները:
Հետևաբար, ըստ Նիկոլ Փաշինյանի, Զինված ուժերի առաջ Կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր:
«Եվ այս հենքի վրա, այո՛, մենք իրականացնում ենք բանակի խորքային բարեփոխումներ, և այս հենքի վրա մենք ունենալու ենք ուժեղ, պաշտպանունակ բանակ: Այս պարագայում որևէ մեկը չի կարողանալու կասկածի տակ դնել պաշտպանունակ բանակ ունենալու մեր իրավունքը», - ասել է նա:
Փաշինյանը, թերևս, խոսում էր Բանակի կերպափոխման տասնամյա հայեցակարգի մասին, որով Պաշտպանության նախարարությունը ծրագրում է մինչև 2027 թվականը կրճատել պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը՝ պայմանագրայինների թիվն ավելացնելու միջոցով։
Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առիթով, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Բանակի օրվա առթիվ առանձին ուղերձ վարչապետ Փաշինյանն այսօր չի հղել՝ ի տարբերություն մի շարք պաշտոնյաների։
Փաշինյանը բազմիցս է հայտարարել՝ հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունեն՝ առաջ քաշելով խաղաղության օրակարգը: Ընդդիմադիրները, սակայն, այսօր ևս պնդել են, խաղաղության հաստատմանն ու սահմանազատմանը բոլորն են կողմ, բայց այն, ինչ իշխանությունը համարում է խաղաղության օրակարգ, խաբկանք է:
Ադրբեջանի նախագահն, իր հերթին, այսօր հայտարարել է, թե Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց և շեշտել է, «Հայաստանը պետք է կատարի իր պարտականությունները և անխափան անցում ապահովի Ադրբեջանից դեպի Ադրբեջան»:
Առավել մանրամասն տես այստեղ