Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ Եռաբլուր այցելեց վաղ առավոտյան, երբ պանթեոնում զոհվածների հատուկենտ հարազատներ էին և լրագրողներ:
Ընդ որում՝ լրագրողներին այս անգամ էլ պաշտոնյաներին մոտենալ չթույլատրվեց, նրանց տեղաշարժվելու հնարավորություն տրվեց, երբ Կառավարության անդամները հեռացան զինվորական պանթեոնից:
Սահմանին իրավիճակը կայուն է. ԶՈՒ ԳՇ պետ
Սահմանին իրավիճակը կայուն է, լրագրողների հետ կարճ ճեպազրույցում վստահեցրեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը:
«Սահմանային խորություններում հակառակորդի զինված ուժերի կուտակումներ չկան, և պահպանվում է հարաբերական կայունությունը», - ասաց Էդվարդ Ասրյանը:
Ադրբեջանի հայտարարությունները, զորավարժություններն ու օդային շարժը մտահոգում են Հայաստանին, անցած շաբաթ Անվտանգության խորհրդի քարտուղարն էր հայտարարել: Զինված ուժերի ղեկավարն այսօր այլ մանրամասներ չհայտնեց՝ օրը տոնական է, առաջարկեց դրա վրա կենտրոնանալ: Լրագրողները հիշեցրին՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները, սա մարդկանց հուզող հիմնական հարցերից է:
«Այո, մտահոգություններ պետք է ունենան, որովհետև հակառակորդը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք, գնում ենք, նաև քաղաքական ղեկավարությամբ գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով», - նշեց Ասրյանը:
Վարչապետ Փաշինյանն ու մյուս բանակցողները մեկ անգամ չէ, որ ասել են՝ ռազմական ճանապարհով Հայաստանի օկուպացված տարածքները հետ բերելու նպատակ չունեն, հարցը լուծվելու է սահմանազատմամբ: Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպմանը որոշվել է գործընթացը շարունակել հյուսիսից հարավ, ինչը նշանակում է՝ առաջինը կսահմանազատվեն ոչ այն հատվածները, որոնք ադրբեջանական զինուժը պահում է օկուպացիայի տակ:
Այսօրվա խաղաղության օրակարգը խաբկանք է. Օհանյան
Խաղաղության հաստատմանն ու սահմանազատմանը բոլորն են կողմ, բայց այն, ինչ իշխանությունը համարում է խաղաղության օրակարգ, խաբկանք է, Եռաբլուրում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Այսօրվա խաղաղության օրակարգը ոչ ռեալ է, իրատեսական չէ և խաբկանք է հայ ժողովրդի համար, որովհետև իրականում հակամարտությունը ավելի է խորացել, երբ Արցախը հայաթափվել է, և Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն», - հայտարարեց Օհանյանը:
«Գաղափարապես խելոք լինենք, որ էս ընթացքը անցնի». Միքայելյան
Հայ - ադրբեջանական խաղաղության օրակարգը խիստ կարևորեց Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը: Վարչապետի կուսակիցը, որ հայտարարեց, թե ինքն այժմ շարունակում է Վազգեն Սարգսյանի գործը, հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել. զգուշավոր էր՝ հանկարծ մի ավելորդ բան չասի, որ չվնասի բանակցային գործընթացը:
«Այ էսօր դուխով խոսքը խելոք մնալն է, խելոք մնալն է՝ գաղափարապես խելոք լինենք, որ էս ընթացքը անցնի: Էսօր միջազգային ատյաններում է քննարկվում այս հարցը՝ Հայաստանի, Ադրբեջանի, և մենք պիտի խելոք լինենք, ավել բառով չասենք՝ էս կանենք, էն կանենք, ընթացքում բանակցություններ է ընթանում», - ասաց Միքայելյանը:
Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին նույն ոճով պատասխանելը չի խրախուսում Նիկոլ Փաշինյանը: Առհասարակ այսօր Եռաբլուրում լրագրողների հարցերը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին վարչապետի հայտարարությունների շուրջ էին: Ամենաթարմը նրա վերջին հարցազրույցում է հնչել, թե Արարատի նկարով Հայաստանին զենք չեն վաճառի: Պաշտպանության նախկին նախարարը սա ֆեյք օրակարգ որակեց, պնդեց՝ Հայաստանը երբևէ անպիտան զենք չի ստացել դաշնակիցներից:
«Տարիներ ի վեր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք սպառազինություն, ռազմական տեխնիկա, մենք կարողացել ենք այն ձեռք բերել և ՀԱՊԿ ցածր գներով, և նաև մեր ռազմավարական գործընկերոջից ենք մենք ստացել սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ բավականին մեծ քանակությամբ և բավականին նաև առաջատար սպառազինության միջոցներ», - հայտարարեց Օհանյանը:
«Պետք է կառուցենք էն բանակը, որը մեզ կպահի ամուր դիրքերում». Քոչարյան
Արարատ լեռը զենք ձեռք բերելու համար միակ խանգարող հանգամանքը չէ, վարչապետն ամիսներ առաջ էլ պնդում էր, թե այդ գործընթացին խոչընդոտում է ՀԱՊԿ անդամ լինելը: Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի իշխանական նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ո՛չ լեռներից, ո՛չ ՀԱՊԿ-ից խոսել չուզեց:
«Մենք պետք է էսօր մտածենք էն խորհրդի մասին, որը էսօր մեզ բոլորիս բերել է էստեղ: Էստեղ Եռաբլուրում էլ զորք կա, բայց՝ գետնի տակ, իր Սպարապետի գլխավորությամբ: Հիմա, վերևում էլ պետք է ունենանք էն զորքը, որը որ հիմքերը դրել է Սպարապետը՝ իր զորքով, և էդ զորքը էստեղի նաև արձանագրել է շատ մեծ հաջողություններ», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով. - «Նաև, Եռաբլուրը բաժանված է մի քանի մասի՝ մենք ունենք նաև անհաջողությունների հատված: Հաջողություններն ու անհաջողությունները մեկը մյուսին փոխանցում են: Մենք պետք է կառուցենք էն բանակը, որը որ միայն մեզ կպահի ամուր դիրքերում»:
44-օրյա պատերազմում պարտությունից հետո իշխանությունը վստահեցնում է, որ բարեփոխում է բանակը, այս տարվա բյուջեով ավելացել են ռազմական ծախսերը, սակայն այդ գումարը մոտ երեք անգամ փոքր է Ադրբեջանի ռազմական հատկացումներից: