Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Բանակի օրը


Հայաստանը հունվարի 28-ին նշում է Բանակի օրը:

Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ հղած ուղերձում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է՝ Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում է մնալ պետության գերակա խնդիրներից մեկը:

«Մենք հետևողականորեն աշխատում ենք զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ», - նշել է նախագահը:

Դիմելով զինծառայողներին Վահագն Խաչատուրյանն ընդգծել է. - «Ձեր անձնվիրությունն ու արիությունն անգնահատելի են։ Վստահ եմ, որ միասին՝ պետության, հասարակության և զինված ուժերի համախմբված ջանքերով, մենք կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և կերտել խաղաղ ու ապահով ապագա»։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն էլ իր ուղերձում ընդգծել է ՝ այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը:

«Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը։ Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը», - նշել է Գարեգին Բ-ն՝ ընդգծելով՝ «աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար»։

Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությամբ նախ տեղի է ունեցել քայլերթ, որից հետո հանդիսավոր նիստ՝ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջ Կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր: Եվ այս հենքի վրա, այո՛, մենք իրականացնում ենք բանակի խորքային բարեփոխումներ, և այս հենքի վրա մենք ունենալու ենք ուժեղ, պաշտպանունակ բանակ», - հայտարարել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG