Մատչելիության հղումներ

«Միրզոյանի պնդումը, թե Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշել, անհիմն է». Հաջիզադե


«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պնդումը, որ Ադրբեջանն իբրև թե նոր նախապայմաններ է առաջ քաշել խաղաղության պայմանագրի համաձայնությունից հետո, անհիմն է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարին հայտնի էին սահմանադրական փոփոխությունների ու Մինսկի խմբի լուծարման Բաքվի պահանջները, դրանք, ըստ Հաջիզադեի՝ բանակցային թեմա են եղել վերջին երկուսուկես տարում։

«Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, պետք է անհապաղ փոփոխի Սահմանադրությունը, հրաժարվի Ադրբեջանին ուղղված տարածքային հավակնություններից և չխուսափի Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համագործակցությունից», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է. - «Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել: Իրավացիորեն նշեցիք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում: Մինչև զուգահեռ կամ հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից ի՞նչ պետք է անենք, պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք չկա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ընդգծել է, որ Կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի իրագործմանը:

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG