Մատչելիության հղումներ

Փաշինյանն ԱՄՆ պաշտոնյային գերիներից է հարցրել, Միրզոյանն էլ Ֆիդանին է պատասխանել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել է տեղեկացնել՝ ի՞նչ ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգները Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Գործադիրի ղեկավարը ամերիկացի պաշտոնյային ընդունել էր շաբաթասկզբին կառավարությունում:

Վարչապետն այսօր տեղեկացրեց.- «Հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին, և ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ-ի կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»։

Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության և վարչապետի նոյեմբերի 17-ի հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրության մեջ գերիների մասին հիշատակում չկար: Փաշինյանն այսօր չմանրամասնեց՝ ամերիկացի պաշտոնյան ինչ է պատասխանել իրեն. նախագահ Թրամփը դիմե՞լ է Ադրբեջանի նախագահին գերիների հարցով, եթե ոչ՝ առաջիկայում մտադի՞ր է դա անել:

Վաշինգտոնում ավելի քան երեք ամիս առաջ տեղի ունեցած հանդիպմանն էր Միացյալ Նահանգների նախագահը խոսել հայ գերիներից, տարածված կարճ տեսանյութում Դոնալդ Թրամփն ասում էր, թե պատրաստվում է նրանց հարցով դիմել Ադրբեջանի նախագահին. «Ասում եք, որ 23 քրիստոնյա հայեր կան, ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն, կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա, սա կարևոր է, չէ՞», - ասել էր Թրամփը։

Մինչ օրս, սակայն, անհայտ է մնում՝ եղել է քննարկում Բաքվի հետ, թե՞ ոչ: Հստակ է միայն այն, որ Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիներից 7-ն արդեն դատապարտվել է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուսների դատավարությունն էլ մոտենում է ավարտին: Նրանցից 5-ին սպառնում է ցմահ ազատազրկում:

Ամերիկյան պատվիրակությունը Երևանից հետո մեկնել է Բաքու: Բայց քննարկումները, թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի պաշտոնյաների հետ ծավալվել են վաշինգոտնյան համաձայնությունների շուրջ: Հայտնի է, որ TRIPP-ի իրականացման հարցով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ամերիկյան կողմից ղեկավարում է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը: Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրեց, թե հայ պաշտոնյաներից ովքեր են ներգրավված:

«Աշխատանքային խումբ ասվածը շատ նեղ աշխատանքային խմբի մասին կարող է լինել, որովհետև Արտաքին գործերի նախարարությունում կա իր պատասխանատուն, բայց դա ավելի լայն համատեքստի հարց է, տրանսպորտային ենթակառուցվածքներ և այլն, և մեզ մոտ նաև աշխատանքային որոշակի տրամաբանություն կա, փոխվարչապետի մակարդակով համակարգում կա, և կա Արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, որը ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն համակարգում է սահմանազատում, ենթակառուցվածքներ և այլն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը», - ասաց վարչապետ Փաշինյանը:

Թե մինչ այս TRIPP նախագծի որ տոկոսն է արդեն համաձայնեցվել, Փաշինյանը դժվարացավ ասել՝ միայն նշելով, որ անցած շաբաթ հայտնած մանրամասներին ավելացնելու ոչինչ այսօր չունի: Իսկ անցած շաբաթ վարչապետի հայտնած առանցքային նորությունն այն էր, որ Երևանն ու Վաշինգտոնը քննարկում են TRIPP ուղու կառուցման իրավունքի երկու սցենար՝ 99 և 49 տարի տևողությամբ։

Եվ մինչ Հայաստանում խոսում են հաստատված խաղաղության, ապաշրջափակման հարցով սկզբունքային հարցերում արդեն ամրագրված համաձայնություններով առաջ շարժվելու մասին, երեկ Թուրքիայի արտգործնախարարն է ուշագրավ հայտարարություն արել և պնդել, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Երևանի ու Բաքվի միջև վերջնական համաձայնություն չկա, կողմերը բանակցում են:

«Միջանցքի հայեցակարգի նախնական ընդունումը չափազանց կարևոր էր Ադրբեջանի ազգային շահերի համար, սակայն թույլ տվեք բացատրել՝ մի շարք հարցեր դեռ մնում են մութ, մասնավորապես, ինչ բնույթ է ունենալու այդ միջանցքը, ով է այն շահագործելու, ովքեր են լինելու գործընկերները», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Թե ինչ տարաձայնությունների մասին է խոսքը հայտնի չէ: Հարցին այսօր չանդրադարձավ նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ընդհանուր խոսեց՝ կրկնելով, որ Հայաստանով անցնող ճանապարհների անունները հայկական կողմն է որոշում. «Եվ մենք ասել ենք, որ ՀՀ-ում բացի մեր ասածից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» և զուգահեռաբեր նաև Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա TRIPP նախագիծը, մնացած ցանկացած տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը», - շեշտեց Փաշինյանը։

Թուրքիայի արտգործնախարարին այսօր «Արմենպրեսի» հետ զրույցում արձագանքել է Հայաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն:

«Սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե՛ Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե՛ Հայաստանն այլ երկրների հետ, թե՛ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Հաքան Ֆիդանը երեկ նաև ուղիղ հայտարարել է՝ Անկարան սահմանը չի բացի, քանի դեռ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վերջնականապես չի ստորագրվել: Հայաստանի արտգործնախարարն էլ իր հերթին արձագանքել է՝ այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, իսկ եթե դրանց միջև կապ տեսնեն, գուցե, պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրական կարող է անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա:

XS
SM
MD
LG