Մեկնարկել է հայ-ամերիկյան աշխատանքային երկկողմ խմբերի գործունեությունը, որը զբաղվելու է վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործմամբ ու «Թրամփի ուղու» զարգացմամբ: Աշխատանքային խումբը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը:
Ավելի վաղ Քալթերը զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը:
Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն, ըստ կառավարության հաղորդագրության, ընդգծել է Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը:
Պետդեպից հոկտեմբերին հայտնել էին, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հետ: Հայտնի չէ, թե արդյոք ստեղծվել է նաև ամերիկա-ադրբեջանական աշխատանքային խումբը:
Էլիսոն Հուքերը Փաշինյանի հետ զրույցում շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։
Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ և՛ ամերիկացի, և՛ հայ ժողովուրդների համար:
Փաշինյանն ու Հուքերը քննարկել են վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։
Վարչապետը, իր հերթին, շեշտել է, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ–ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես Կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևան է այցելել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։ Էլիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։