ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպմանը խնդրել է տեղեկություն տալ, թե ԱՄՆ կողմից ինչ ջանքեր են գործադրվում գերիների ազատման ուղղությամբ: Փաշինյանն այս մասին հայտնեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ հավելելով, որ խնդրել է այդ հարցը շարունակել պահել ուշադրության կենտրոնում:
Փաշինյանն ասաց, որ այդ հարցին հատուկ անդրադարձ է կատարել, նաև ներկայացրել է, թե երկկողմ մակարդակում ինչ են անում այդ խնդրի հետ կապված:
Վարչապետը, սակայն, չի մանրամասնել, թե արդյոք որևէ տեղեկատվություն ներկայացրել է Էլիսոն Հուքերը:
Օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր գերիների ազատ արձակման հարցով խոսել Ադրբեջանի նախագահի հետ՝ ասելով, թե Ալիևը դա կանի իր համար։