Մատչելիության հղումներ

Հարցեր Թուրքիայի խորհրդարանում «Զանգեզուրի միջանցքի» մասին, հորդորներ՝ բացել ՀՀ-ի հետ սահմանը


Արխիվ
Արխիվ

Հայաստանն ու Ադրբեջանն այժմ քննարկում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը, երբ դա ու Հայաստանի Սահմանադրության հետ կապված խնդիրները լուծվեն, ու խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը, երեկ Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ։

Կրկին բարձր գնահատելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ ընդգծել է՝ Անկարան չի պատրաստվում Հայաստանին ընդառաջ քայլ անել ու բացել սահմանը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ Երևանն այդ դեպքում, ըստ Անկարայի, այլևս շահագրգռված չի լինի արձագանքել Բաքվի պահանջներին:

«Մենք շարունակում ենք գործել մեր դաշնակից Ադրբեջանի հետ համակարգված և համերաշխ՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերում, ներառյալ՝ Ղարաբաղի վերակառուցումն ու վերածնունդը։ Մենք ողջունում ենք Հայաստանի խաղաղ և կառուցողական մոտեցումը մեր երկրի և Ադրբեջանի նկատմամբ և շարունակում ենք երկխոսությունը Հայաստանի հետ և անկեղծորեն առաջ ենք մղում համատեղ ջանքերը կոնկրետ քայլերի ուղղությամբ», - ասել է նա։

Մի շարք հարցեր «Զանգեզուրի միջանցքի» մասին


Արտգործնախարարի դիվանագիտական այս ձևակերպումներով ելույթին խորհրդարանի՝ հիմնականում ընդդիմադիր ու քրդամետ կուսակցությունների մի քանի պատգամավորներ արձագանքել են ուղիղ հարցերով՝ ի՞նչ է անում Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» բացելու կամ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Բուրսայից ընտրված պատգամավոր, նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «Ապագա կուսակցության» անդամ Ջեմալհեթին Թորունը զուգահեռներ է տարել հայ-թուրքական հաշտեցման ու Եվրամիությանն անդամակցելու՝ Թուրքիայի տևական ջանքերի հետ, ընդգծելով՝ երկու հարցերում էլ Անկարան պետք է առաջընթաց արձանագրի։

«Հայաստանի հետ հաշտեցումը նաև քայլ է տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ», - ասել է նա, մանրամասնելով՝ փակ սահմանի բացումը կընդարձակի Թուրքիայի թե՛ տնտեսական, թե՛ դիվանագիտական հնարավորությունները, Կարսը, Իգդիրը, Էրզրումը, Արդահանը դրանից առաջինը կշահեն։

«Այս նահանգները կարող են փրկվել գործազրկության, աղքատության և լճացման՝ տարիներ շարունակվող ճիրաններից միայն սահմանին աշխուժության դեպքում», - նկատել է մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր։

Ձախակողմյան «Ազատություն ու համերաշխություն» խմբակցության անդամ Հաքքը Սարուհան Օլուչն էլ կոնկրետ հարց է դրել՝ ինչո՞ւ Անկարան չի ուզում հաջորդ տարվանից արդեն քայլեր ձեռնարկել Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի տարածքում առկա երկաթգծերը շահագործելու ուղղությամբ:

«Այժմ Փաշինյանի կառավարությունն առաջարկում է բացել Մարգարա-Կոռնիձոր գիծը, որը կապահովի Թուրքիայից Ադրբեջան ուղիղ ցամաքային փոխադրումներ: Այս երկաթգծի բացումը կբարձրացնի խաղաղության հանդեպ հավատը և կհեշտացնի թուրքական գործարար համայնքի մուտքը Ադրբեջան և Հայաստան, ինչը շատ կարևոր է», - ասել է նա:

Անթալիայից ընտրված պատգամավորը նաև առաջարկել է, որ Թուրքիան վճռական դեր ստանձնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող «Թրամփի ուղու» շահագործման հարցում․ «Մեր համոզմամբ՝ անհրաժեշտ է ստեղծել համակարգող մեխանիզմ, և շատ կարևոր է, որ այնտեղ Թուրքիան լինի հիմնադիր անդամ»:

Արդահանից ընտրված, ընդդիմադիր Օղգյու Էրդեմ Ինջեսուն գրեթե ողջ ելույթն էր այս թեմային նվիրել. «44-օրյա պատերազմից հետո ստորագրված փաստաթուղթը հստակ ասում էր, որ «Զանգեզուրի միջանցք» է բացվելու, հանրությանն էլ բացատրվեց, որ սա լինելու է ռազմավարական ուղի՝ խոշոր տնտեսական ու լոգիստիկ հնարավորություններ բացելով Թուրքիայի համար։ Ու թեև տարիներ են անցել, միջանցքը դեռ չի բացվել», - պնդեց Ինջեսուն՝ կոնկրետ հարցնելով՝ ի՞նչ է լինելու այս միջանցքի հետ, ե՞րբ է այն բացվելու, ո՞ր փուլում է, և ո՞վ է մեզ ասելու ճշմարտությունը։

«Այստեղ մեկ հարց էլ կա՝ հայտարարվեց, որ այն կոչվելու է Թրամփի անունով։ Հիմա կբացատրե՞ք՝ մեր կառավարությունը Թուրքիայի ինքնիշխան շահերն է՞ առաջ տանելու, թե՞ Վաշինգտոնի ակնկալիքները։ Որովհետև կարևորը ոչ թե դրա անունն է, այլ թե ինչ առավելություններ է այն տալիս Թուրքիային», - հարցրեց նա:

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ Երևանի ու Բաքվի միջև վերջնական համաձայնություն չկա. Ֆիդան


Ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարը հրապարակավ փաստեց, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Երևանի ու Բաքվի միջև վերջնական համաձայնություն չկա, կողմերը բանակցում են։ Թուրքիան միայն նպաստում է այդ բանակցություններին, պնդեց Հաքան Ֆիդանը։

«Երբ մեզ քննադատում են «Զանգեզուրի միջանցքի» հարցում, տպավորություն է, թե դա մի հարց է, որ գտնվում է մեր ինքնիշխանության ներքո, ո՛չ։ Տարածքը Հայաստանում է, հավակնորդը՝ Ադրբեջանը, մենք որպես միջնորդ ենք հանդես գալիս երկու կողմերի համար, քանի որ այդ ճանապարհը նաև մեզ է անհրաժեշտ։ «Զանգեզուրի միջանցքը» ներկայումս ակտուալ հարց է հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Թրամփն այն բարձրացրեց Վաշինգտոնում։ Միջանցքի հայեցակարգի նախնական ընդունումը չափազանց կարևոր էր Ադրբեջանի ազգային շահերի համար, սակայն թույլ տվեք բացատրել՝ մի շարք հարցեր դեռ մնում են մութ, մասնավորապես, ինչ բնույթ է ունենալու այդ միջանցքը, ով է այն շահագործելու, ովքեր են լինելու գործընկերները», - ասաց նա։

Ֆիդանը բավական մանրամասն ու հստակ արձագանքեց նաև Հայաստանի սահմանը բացելու հորդորներին՝ ընդգծելով, որ Անկարան դրան չի գնա, քանի դեռ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վերջնականապես չի ստորագրվել: «Զանգեզուրի միջանցքն ու Հայաստանի Սահմանադրության հարցը դուրս են մնացել վաշինգտոնյան փաստաթղթերից, երբ դրանք լուծվեն, Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղություն հաստատվի, մենք էլ մեր քայլը կանենք», - հայտարարեց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Մենք սա անում ենք հետևյալ պատճառով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և տնտեսության վերականգնումը կարևոր են Հայաստանի համար: Եթե մենք հիմա կարգավորենք հարաբերությունները, մենք Հայաստանին կզրկենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենահիմնավոր շարժառիթից։ Դա կարող է բերել տարածաշրջանում սառեցված հակամարտության, ինչը մենք չենք ուզում», - ասաց նա:

Միաժամանակ, Ֆիդանը պնդեց, թե այս ընթացքում Անկարան սեփական տարածքում նախապատրաստական ու տեխնիկական աշխատանքներն արդեն արել է և գործնականում պատրաստ է սահմանի բացմանը, երբ հայ-ադրբեջանական խնդիրները լուծվեն։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG