Վարչապետն այսօր հայրենասիրության մի մոդելից է խոսել, որը նրա ղեկավարած Կառավարությունը դնելու է Զինված ուժերի առջև՝ պաշտպանել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքները։ Նիկոլ Փաշինյանն այսօր բանակի կազմավորման 33-ամյակի առիթով Պաշտպանության նախարարություն է այցելել:
«Մենք պետք է շատ հստակ հայտարարենք, որ մենք որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջադրում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, մեր տարածքների անվտանգությունը: Եվ սա է այն մոդելը, որի վրա մենք պետք է կառուցենք մեր նոր, նորացված, թարմացված պաշտպանունակ բանակը: Եվ սա է այն հենքը, որի վրա պետք է իրագործել բանակի կերպափոխման այն հայեցակարգը, որն արդեն Անվտանգության խորհրդի հավանությանն է արժանացել: Սա է այն ճանապարհը, որը ոչ մեկին հնարավորություն չի տա կասկածի տակ դնելու բանակ ունենալու, պաշտպանունակ բանակ ունենալու մեր լեգիտիմ իրավունքը», - հայտարարել է վարչապետը:
Փաշինյանը, թերևս, խոսում էր Բանակի կերպափոխման տասնամյա հայեցակարգի մասին, որով Պաշտպանության նախարարությունը ծրագրում է մինչև 2027 թվականը կրճատել պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը՝ պայմանագրայինների թիվն ավելացնելու միջոցով։
Այսօր վարչապետ Փաշինյանը պետության ողնաշարը սպայական դասն է համարել։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, վարչապետի հայտարարությունը երկու հասցեատեր ունի՝ Ադրբեջանն ու հենց հայաստանցին:
«Մեկը, բնականաբար՝ սեփական ընտրազանգված ապահովել, լղոզել պատասխանատվությունը պարտության և Արցախի կորստի համար: Եվ, իհարկե, Փաշինյանը իր այս հայտարարություններով փորձում է, այսպես ասենք, Ադրբեջանին չտալ իրավիճակը սրելու առիթ: Բայց մենք նաև տեսնում ենք, որ եթե կա այդ հաշվարկը, ապա այդ հաշվարկը կարծես թե այդքան էլ իրեն չի արդարացնում, որովհետև Ադրբեջանը, համենայն դեպս, Հայաստանի հանդեպ շարունակում է այդ առավելապաշտության և շանտաժով խոսելու քաղաքականությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը՝ հավելելով. - «Եվ այս տեսանկյունից, իհարկե, մեղմ ասած, հարց է, թե արդյոք Հայաստանի այդ հռետորաբանությունը և փաստորեն Արցախյան գործընթացի հարցում ինքն իրեն հարվածի տակ դնող հռետորաբանությունը որևէ կերպ կարող է արդարացված լինել»:
Վարչապետն այսօր նաև հայտարարել է՝ Ազգային անվտանգության ռազմավարությունն առաջիկայում փոփոխվելու է, բանակը ներառվելու է ազգային արժեքների շարքում. - «Այո, բանակը պետական արժեք է»:
Բանակի պրոբլեմները վերլուծելիս արդեն 7-րդ տարին Հայաստանը ղեկավարող Փաշինյանը եզրահանգել է՝ Զինված ուժերում այսօր չկա թեկուզ մի պրոբլեմ, թեկուզ մի թերություն, որը չի ծնվել բանակից դուրս:
«Ուրիշ բան՝ այդ պրոբլեմները կարող են գալ բանակում զարգանալ մի քիչ, մի քիչ ձևափոխվել, բայց չկա որևէ պրոբլեմ, որի սեփականատերը բանակն է, մենք կարող ենք ասել՝ այ բանակն այդ պրոբլեմը ստեղծեց: Գոյություն չունի այդպիսի պրոբլեմ», - պնդել է վարչապետը:
Քաղաքական մեկնաբանն ընդգծում է՝ «անթույլատրելի է պարզապես որևէ ոլորտում խնդիրները ուղղակի թե անուղղակի ուղղել և, այսպես ասենք, գցել հասարակության գրպանը»: «Բնական է՝ ցանկացած ոլորտում էլ խնդիրները գալիս են ի վերջո հասարակությունից, ոչ թե ընկնում են այլ մոլորակից: Բայց հենց կառավարման համակարգի, դրա պատասխանատուների, կառավարիչների պարտավորությունն է լուծել այդ խնդիրները, ոչ թե հղում անել հասարակությանը և ասել՝ դե հասարակության բարքերն են, այստեղ պետք է մոտիվները փնտրել այդ բարքերի մեջ: Դա, մեղմ ասած, առաջընթացին խոչընդոտող և պատասխանատվությունը պարզապես լղոզող դիրքորոշում է», - ընդգծեց Հակոբ Բադալյանը:
Բանակի օրվա առթիվ առանձին ուղերձ վարչապետ Փաշինյանն այսօր չի հղել՝ ի տարբերություն մի շարք պաշտոնյաների։