Փարիզում Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ուկրաինային աջակցել «կամեցողների կոալիցիայի» հիբրիդային հանդիպումը: Քննարկել են, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող են Ուկրաինային տալ, երբ ավարտվի արդեն չորրորդ տարին ընթացող և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի ամենարյունալի պատերազմը:
Ուկրաինայի նախագահը հանդիպումից հետո հայտնել է, որ մանրամասն քննարկել են յուրաքանչյուր երկրի պատրաստակամությունը՝ նպաստելու ցամաքում, ծովում, օդում և կիբեռտարածությունում անվտանգության ապահովմանը։ Նաև համակարգել են դիրքորոշումները, քննարկել անվտանգության երաշխիքների բաղադրիչները։
«Կա ընդհանուր տեսլական, որ Ռուսաստանը անում է ամեն ինչ՝ բանակցային գործընթացը ձգձգելու և պատերազմը շարունակելու համար։ Անհրաժեշտ է մեծացնել Ուկրաինային աջակցությունը և ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը։ Այժմ պատրաստվում է ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Չեխիայի վարչապետն իր հերթին հանդիպումից հետո հայտնել է, որ Ուկրաինայի դաշնակիցները համաձայնել են՝ անհրաժեշտ է Կիևին ինտենսիվ օգնել, որպեսզի կարողանա պաշտպանվել, իսկ երկարատև խաղաղության համար հարկավոր են անվտանգության ամուր երաշխիքներ: «Անհրաժեշտ է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա՝ արդար և երկարատև խաղաղության պայմաններ ստեղծելու նպատակով»,- ասել է Պետր Ֆիալան:
Գերմանիայի կառավարության խոսնակն էլ հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է վճռականորեն նպաստել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը և հույս ունի, որ ԱՄՆ-ն կշարունակի զգալիորեն նպաստել Ուկրաինային աջակցելու ջանքերին: Նաև հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում եվրոպացի ղեկավարները նրան տեղեկացրել են իրենց աշխատանքի մասին:
Ռուսաստանը չի պատրաստվում քննարկել Ուկրաինայում արտաքին միջամտություն. Զախարովա
Euronews-ի տվյալներով՝ եվրոպացիների առաջարկը նախատեսում է անվտանգության երեք հիմնական երաշխիք՝ ցամաքում անվտանգություն երաշխավորող ուժերի տեղակայում, օդում պարեկային և ծովում ականազերծման ուժեր: Առնվազն առաջին կետին Ռուսաստանը մշտապես դեմ է եղել, ինչի մասին այսօր կրկին հիշեցրել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան. «Ռուսաստանը չի պատրաստվում քննարկել Ուկրաինայում արտաքին միջամտություն որևէ կերպ կամ ձևաչափով։ Միջամտություն, որը սկզբունքորեն անընդունելի է և խաթարում է ցանկացած տեսակի անվտանգություն»։
«Ռուսաստանն ի՞նչ կապ ունի Ուկրաինայում տեղակայվող ուժերի հետ». Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հակադարձել է՝ այս հարցում որոշում կարող է կայացնել միայն Ուկրաինան, իսկ Ռուսաստանը դրա հետ կապ չունի:
«Ուկրաինան ինքնիշխան պետություն է: Եթե ցանկանում է, որ իր անվտանգությունը երաշխավորող ուժեր տեղակայվեն՝ խաղաղության պահպանման նպատակով, ապա դա իրենց իրավունքն է: Ուրիշ ոչ ոք չի կարող դա որոշել ... Ինչո՞ւ ենք մենք հետաքրքրված, թե ինչ է կարծում Ռուսաստանը», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ
Ուկրաինական պատվիրակությունը Փարիզում առանձին հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ գլխավոր հարցը անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնությունների փաստացի իրականացումն է, որոնք պետք է լինեն արդյունավետ՝ երկնքում, ծովում և ցամաքում։
Մինչ այդ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Մոսկվայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների բանակցություններ անցկացնելու Վլադիմիրր Պուտինի առաջարկն անընդունելի է: Անդրեյ Սիբիգան հայտնել է՝ առնվազն յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել այդ հանդիպումը, Վլադիմիր Զելենսկին էլ պատրաստ է հանդիպել ցանկացած պահի, սակայն ոչ Մոսկվայում:
ԱՄՆ նախագահն իր հերթին CBS News-ին ասել էր, որ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության ջանքերին, սակայն Պուտինն ու Զելենսկին, ըստ նրա՝ դեռ պատրաստ չեն հանդիպման: Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ էլ Դոնալդ Թրամփն ասել է՝ առաջիկայում կխոսի Պուտինի հետ, թեև իր ասելիքն արդեն ասել է և սպասում է նրա որոշմանը:
«Ես որևէ ուղերձ չունեմ նախագահ Պուտինին։ Նա գիտի, թե ինչ դիրքորոշում ունեմ, և այսպես, թե այնպես որոշում կկայացնի։ Ինչ էլ լինի նրա որոշումը, մենք կա՛մ գոհ կլինենք, կա՛մ՝ դժգոհ, ու եթե դժգոհ լինենք, ապա հետևանքներ կլինեն», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ռուսական սառեցված ակտիվների հաշվին այս տարի մոտ 1.3 մլրդ դոլարի զենք է տրամադրել Ուկրաինային։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը պատասխանել է, որ ռուսական ակտիվների ցանկացած «անօրինական բռնագրավման» Մոսկվան հայելային պատասխան կտա։ Դմիտրի Մեդվեդևը շեշտել է՝ քանզի սառեցված միջոցները հնարավոր չէ դատարանով վերադարձնել, Ռուսաստանին այլ բան չի մնում, քան ուկրաինական ավելի շատ տարածք գրավել:
Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակել է հարվածներն ուկրաինական մի քանի շրջանի, կան տուժածներ և ավերածություններ: Կոնստանտինովկայում կա ինը զոհ, յոթ վիրավոր: Ռուսական հրթիռը Չեռնիգովում հարվածել է մարդասիրական ականազերծման առաքելությանը, կա մեկ զոհ, երկու վիրավոր: РБК-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ կրակի տակ են հայտնվել Փախստականների հարցերով դանիական խորհրդի աշխատակիցները: Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Զապորոժիեում:
Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռոստովին և այլ շրջանների: Գիշերը կասեցվել է Վոլգոգրադի և Սոչիի օդանավակայանների աշխատանքը։