ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության համաձայնագրի ձգտմանը, չնայած աճող անորոշությանը՝ կապված Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր դեմ առ դեմ բանակցությունների հեռանկարի հետ։ Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է չորեքշաբթի օրը CBS News-ին տված հարցազրույցում:
Թրամփը իր դիրքորոշումը բնութագրել է որպես և՛ իրատեսական, և՛ լավատեսական ու ասել է, որ բանակցությունների այս կարևոր փուլում ուշադիր հետևում է երկու առաջնորդների քայլերին:
«Ես հետևում եմ դրան, տեսնում եմ և խոսել եմ դրա մասին նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ», - ասել է Դոնալդ Թրամփը և հավելել, - «ինչ-որ բան տեղի է ունենալու, բայց նրանք դեռ պատրաստ չեն։ Բայց ինչ-որ բան տեղի է ունենալու։ Մենք դա անելու ենք»։
Ըստ նրա՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունն ավելի բարդ է, քան մյուսները, որոնց կարգավորմանը մասնակցել է. - «Անկեղծ ասած, Ռուսաստանի հետ կապված հարցը, կարծում էի, ավելի հեշտ կլիներ, բայց, կարծես, այն մի փոքր ավելի դժվար է, քան մյուսներից որոշները»: