Մոսկվայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների բանակցություններ անցկացնելու Վլադիմիրր Պուտինի առաջարկն անընդունելի է, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը: Անդրեյ Սիբիգան նշել է՝ առնվազն յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել այդ հանդիպումը, Վլադիմիր Զելենսկին էլ պատրաստ է հանդիպել ցանկացած պահի, սակայն ոչ Մոսկվայում:
«Պուտինը շարունակում է խաղեր խաղալ բոլորի հետ՝ դիտավորյալ անընդունելի առաջարկներ անելով», - սոցցանցում գրել է նախարարը:
ԱՄՆ նախագահն, իր հերթին, CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության ջանքերին, սակայն Պուտինն ու Զելենսկին, ըստ նրա, դեռ պատրաստ չեն հանդիպման: Դոնալդ Թրամփը խոստովանել է՝ ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորումը շատ ավելի բարդ է, քան մյուսները, որոնց կարգավորմանը մասնակցել է:
Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ էլ ԱՄՆ նախագահն ասել է՝ առաջիկայում կխոսի Պուտինի հետ, թեև իր ասելիքն արդեն ասել է և սպասում է նրա որոշմանը:
«Ես որևէ ուղերձ չունեմ նախագահ Պուտինին։ Նա գիտի, թե ինչ դիրքորոշում ունեմ, և այսպես թե այնպես որոշում կկայացնի։ Ինչ էլ լինի նրա որոշումը, մենք կա՛մ գոհ կլինենք, կա՛մ՝ դժգոհ, ու եթե դժգոհ լինենք, ապա հետևանքներ կլինեն», - ասել է Թրամփը:
Այսօր Փարիզում Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի նախագահությամբ տեղի կունենա Ուկրաինային աջակցել կամեցողների կոալիցիայի հիբրիդային հանդիպումը՝ քննարկելու, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող են Ուկրաինային տրամադրել պատերազմի ավարտից հետո: Քննարկումից հետո եվրոպացի առաջնորդները հեռախոսազրույց կունենան ԱՄՆ նախագահի հետ, ապա հանդես կգան մամուլի ասուլիսով։
Վլադիմիր Զելենսկին քննարկմանը կմասնակցի անձամբ և երեկ արդեն ժամանել է Փարիզ, հանդիպել Ֆրանսիայի նախագահի հետ: Հանդիպմանը հաջորդած ասուլիսին Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել խաղաղության հաստատումից հետո:
«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին անվտանգության երաշխիքներ առաջարկել այն օրը, երբ խաղաղության համաձայնագիր կստորագրվի ... Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։ Այժմ դա կստանա քաղաքական աջակցություն, ինչը մեզ հնարավորություն է տալիս գործել ամուր և վստահելի ձևով», - ասել է Մակրոնը:
Ուկրաինայի նախագահն, իր հերթին, ասել է, որ առայսօր Ռուսաստանից չեն ստացել որևէ ազդակ, որ իսկապես ցանկանում է ավարտել պատերազմը։ Վլադիմիր Զելենսկին վստահ է՝ Ուկրաինայի և նրա դաշնակիցների միասնությունը հնարավորություն կտա մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և ստիպել զիջումների գնալ:
«Համոզված եմ, որ մեր միասնությունը կօգնի մեծացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը՝ այս բարդ հարցի դիվանագիտական լուծման ուղղությամբ շարժվելու համար, ինչը չափազանց կարևոր է Ուկրաինայում ու Եվրոպայում կայուն խաղաղություն հաստատելու համար», - հայտարարել է Զելենսկին:
Bloomberg-ը գրում է՝ եվրոպացի առաջնորդները հավանաբար կփորձեն ԱՄՆ-ին համոզել, որ կոնկրետ պարտավորություններ ստանձնի անվտանգության երաշխիքների առումով և խստացնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, քանզի Պուտինը, ըստ ամենայնի, մոտ ապագայում չի հանդիպի Զելենսկիի հետ:
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ռուսական սառեցված ակտիվների հաշվին այս տարի մոտ 1.3 մլրդ դոլարի զենք է տրամադրել Ուկրաինային։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը պատասխանել է, որ ռուսական ակտիվների ցանկացած «անօրինական բռնագրավման» Մոսկվան կպատասխանի Մեծ Բրիտանիայի ակտիվները բռնագրավելով։ Դմիտրի Մեդվեդևը շեշտել է՝ քանզի սառեցված միջոցները հնարավոր չէ դատարանով վերադարձնել, Ռուսաստանին այլ բան չի մնում, քան ուկրաինական ավելի շատ տարածք գրավել:
Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակել է հարվածները ուկրաինական մի քանի շրջանի, կան տուժածներ և ավերածություններ: Կոնստանտինովկայում կա 9 զոհ, 7 վիրավոր: Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Զապորոժիեում:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռոստովին և այլ շրջանների: Գիշերը կասեցվել է Վոլգոգրադի և Սոչիի օդանավակայանների աշխատանքը։