Մատչելիության հղումներ

Պանամայից հերքում են ԱՄՆ-ին արտոնյալ հատման իրավունքի տրամադրումը


Պանամայի ջրանցքի վարչակազմը չորեքշաբթի օրը հերքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարական նավերը կկարողանան հատել ջրանցքը առանց վճարների գանձման:

Ջրանցքը վերահսկող գործակալությունը, որն իր հերթին վերահսկվում է Պանամայի կառավարության կողմից, հայտարարության մեջ նշել է, որ որևէ փոփոխություն չի մտցրել ջրանցքի հատման վճարների գանձման կամ իրավունքների տրամադրման հարցում:

Նույն օրը՝ ավելի վաղ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Պանամայի կառավարությունը համաձայնել է այլևս գանձումներ չանել սահմանը հատելու համար ԱՄՆ կառավարության նավերից, ինչը թույլ կտա տարեկան միլիոնավոր դոլարներ խնայել:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամա կատարած այցի ժամանակ նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյին ասել էր, որ անհրաժեշտ են անհապաղ փոփոխություններ Պանամայի ջրանցքի գործունեության մեջ։ Այս ջրանցքը հիմնական ծովային ուղի է, որը կապում է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները։

Ռուբիոն իր ուղևորությունից առաջ նախազգուշացրել էր, որ Չինաստանը, վերահսկելով նավահանգիստների օպերատոր ընկերությունը, կարող է փակել ջրանցքը հակամարտության դեպքում։

Թրամփն ընտրվելուց հետո բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել վերահսկողությունը ջրանցքի նկատմամբ, սակայն չի հստակեցրել, թե ինչ է ենթադրում այդ հայտարարությունը։ Պանամայի ջրանցքի գոտին, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին, երկար ժամանակ կառավարվել է ԱՄՆ-ի կողմից, սակայն 1999 թվականին վերջնականապես անցել է Պանամայի իրավասության տակ։

XS
SM
MD
LG