«Գոհ կլինեմ, երբ իրենց արարքի համար պատասխան տան»
Ոստիկանական բռնության մասին ահազանգած արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանն այսօր Քննչական կոմիտեում կառերեսվի Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանի և ոստիկան Գոռ Խարաթյանի հետ:
«Գոհ կլինեմ, երբ իրանք պատասխան տան իրանց արարքների համար: Էն ոստիկանների մասին է խոսքը, ովքեր ինձ տարել են ծեծել, հայհոյել», - ասաց Ուլուբաբյանը:
Տիգրան Ուլուբաբյանն իր հետ երեկ հարցաքննության էր բերել հագուստը, որը խոշտանգման հոդվածով գործի հարուցումից հետո քննիչը դեռևս չէր առգրավել. - «Կոֆեի հետքն է, որը Տիգրանի վրա շպրտել են, շորերի վրա քերծվածքներն ու հետքերը»:
29-ամյա արցախցին պնդում է, որ իր բարեկամի տան գողությունից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծել, նվաստացրել, հայհոյել: Արդեն մի քանի օր է՝ Երևանում՝ Քննչական կոմիտեի շենքի առջև Տիգրանն ու մի քանի տասնյակ քաղաքացիներ մեկ պահանջով են հավաքվում՝ անմիջապես ձերբակալել 6 ոստիկաններին, քանի դեռ նրանք չեն ոչնչացրել բոլոր ապացույցները:
Երեկ Քննչականում շուրջ երեք ժամ տևած հարցաքննության ժամանակ Տիգրանին են փոխանցել դատաբժշկի եզրակացությունը, որն ըստ փաստաբան Ռոման Երիցյանի՝ հերքում է միջադեպից հետո հիվանդանոց տեղափոխված արցախցի երիտասարդին տրված՝ բժիշկների եզրակացությունը:
«Քանի որ ոստիկանները ձերբակալված չեն, ես հենց օբյեկտիվորեն ենթադրում եմ, որ էս ամենի պատճառը ոստիկաններին չձերբակալելն է ու ոստիկաններն են հորդորել, որպեսզի, ունենան այսպիսի եզրակացություն», - նշեց Ռոման Երիցյանը:
«Սրա համար էինք նաև պահանջում, որ ոստիկաններին անհապաղ ձերբակալեն, - ընդգծում է փաստաբանը և նշում, - հիվանդանոցն արձանագրել է վնասվածքները՝ սալջարդեր ականջի շրջանում, ծոծրակային շրջանում: Ի՞նչ է արձանագրում փորձագետը, ասում է՝ «ինչ վերաբերում է բուժփաստաթղթերում նշված ձախ ականջախցու, գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների ու այլ սալջարդներին, ապա գտնում եմ, որ դրանք հիմնավորված չեն»:
Տիգրանին երեկ անձամբ ընդունել էր Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը, օբյեկտիվ քննություն խոստացել. բայց և ընդգծել՝ մեկ ականատեսի, այսինքն՝ տուժող Տիգրանի ցուցմունքով չեն կարող ոստիկաններին ձերբակալել, անգամ եթե տուժողը ճանաչել է վեց ոստիկաններից երկուսին: Թե ինչո՞ւ է Քննչականի ղեկավարն այդ պատասխանը տվել, կոմիտեից չմեկնաբանեցին:
ՆԳ նախարարը վստահեցրեց, թե ինքը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է եղելությունը
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր խորհրդարանում զերծ մնաց կոնկրետ գնահատականից, լրագրողներին էլ վստահեցրեց, թե ինքը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է եղելությունը: Հորդորեց սպասել քննության արդյունքներին:
«Հասկանում եմ խոշտանգման առումով հարցի ավելի մտահոգիչ լինելը, ավելի զգայուն լինելը, բայց պատկերացրեք, որ ձեզ մեղադրում են պայմանականորեն որևէ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և միանգամից, առանց քննության ֆիքսում են, որ դուք եք մեղավորը», - ասաց ՆԳ նախարարը:
Արփինե Սարգսյանն ընդգծեց՝ ծառայողական քննություն է ընթանում, եթե պարզվի, որ ոստիկանները մեղավոր են, կենթարկվեն պատասխանատվության, հակառակ դեպքում՝ բողոքողը կհետապնդվի սուտ մատնության համար:
«Ես ներքին գործերի նախարարն եմ ու կարիք ունեմ օբյեկտիվորեն իրավիճակը հասկանալու, որը մի կողմից կպաշտպանի մեր քաղաքացուն, ով ցանկացած պրոցեսի շրջանակներում կարող է ոստիկանի ոչ իրավաչափ ներգործության ենթարկվել ու դրա համար ենթարկվի պատասխանատվության, մյուս կողմից, եթե չկա այդիսի ներգործություն, բայց կա կեղծ մեղադրանք, պաշտպանելու այն ոստիկանության ծառայողին, որը չի կատարել որևէ ներգործություն», - ասաց նա:
Նախարարն այսօր վկայակոչեց դատաբժշկի՝ դեպքից 4 օր հետո արված՝ վնասվածքները հերքող փորձաքննություն: