Մատչելիության հղումներ

Նոր Սահմանադրության հայեցակարգ չի լինի, միանգամից տեքստ կգրվի. նախարարի որոշման մասին Սահմանադրական փոփոխությունների խորհրդում տեղյակ չեն


Ո՞վ է գրում Հայաստանի նոր Սահմանադրությունը. արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երեք ամիս առաջ հայտնեց՝ տեքստի վրա աշխատում են, այն պատրաստ կլինի մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ:

Բայց թե ո՞վ կամ ովքե՞ր են մշակում նոր Սահմանադրությունը, Արդարադատության նախարարությունից շատ մանրամասներ չեն հայտնում. միայն ասում են՝ մշակված տեքստի նախագիծը որոշակի պարբերականությամբ քննարկվելու և համաձայնեցվելու է Սահմանադրական փոփոխությունների խորհրդի հետ: Արդարադատության նախարարը նոր Սահմանադրության ընդունման մասին կիրակի խոսել է «Լուրջ քաստ» հաղորդման եթերում:

«Մենք այլևս չպետք է հայեցակարգ մշակենք, իհարկե ունենք պատրաստի ինչ-որ նյութեր, հայեցակարգ մշակելու փոխարեն մենք պետք տեքստ գրենք: Այսինքն՝ նստենք գրենք նոր Սահմանադրություն», - ասել է Գալյանը:

Նոր Սահմանադրություն ունենալու որոշում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունեց անցած տարվա մայիսին, երբ Բաքվից արդեն հստակ հայտարարում էին՝ առանց գործող Սահմանադրության փոփոխության Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չեն ստորագրի: Ադրբեջանը տարածքային պահանջ է տեսնում Հայաստանի մայր օրենքում:

Մինչ այդ 2022-ի հունվարին ձևավորվել էր Սահմանադրական փոփոխությունների խորհուրդ, որը մշակում էր ոչ թե նոր Սահմանադրության, այլ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ: Այս մեկը չավարտված՝ Փաշինյանը նոր հանձնարարական տվեց Սահմանադրական փոփոխությունների խորհրդին՝ մշակել նոր Սահմանադրության հայեցակարգ: Վարչապետի որոշումից մոտ մեկ տարի անց խորհուրդը փաստացի ոչինչ չի արել:

Սրբուհի Գալյանը արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո խոստանում էր վերսկսել խորհրդի աշխատանքները: Այդ կառույցի անդամ, քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն այսօր ասաց՝ ավելի քան կես տարի է՝ նիստեր չեն անցկացվում և դրանց վերսկսման մասին ոչ մի տեղեկություն այժմ չկա:

«Ընկալում կա, որ եկեք գլուխ առ գլուխ գնանք, կամ թեմաների խումբ առ թեմաների խումբ գնանք, ու Արդարադատության նախարարությունն աշխատի, եթե խորհրդի ինչ-որ անդամներ հայեցակարգային առաջարկներ ունեն, ներկայացնեն, հետո գլուխ առ գլուխ կամ թեմաների խումբ առ թեմաների խումբ քննարկվի խորհրդում: Սա է պատճառը, որ քանի որ դեռևս ոչ մի գլխի կամ որևիցե թեմաների գլխի շուրջ չկա արդեն հայեցակարգային նախագիծ, դա է պատճառը, որ մինչև հիմա խորհրդի նիստ չի եղել: Ֆորմալ առումով սա ինչ-որ առումով հակասում է, ինչ-որ առումով՝ չէ: Հակասում է վարչապետի որոշմամբ սահմանված աշխատակարգին առնվազն, որովհետև այնտեղ նիստերի նվազագույն պարբերականություն կար, որ չի պահպանվում», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Ու եթե Դանիել Իոաննիսյանը հայեցակարգից է խոսում, նախարար Սրբուհի Գալյանը երեկ հայտարարում էր՝ պետք է միանգամից Սահմանադրության տեքստ գրել ու այն ավարտել մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը:

Սա այն դեպքում, երբ վարչապետ Փաշինյանի՝ որոշմամբ նախ պետք է հայեցակարգը լինի, հետո խորհուրդն այն հաստատի և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներկայացնի վարչապետի աշխատակազմ: Եթե այս ճանապարհով չեն գնալու, շեղվելու են նաև վարչապետի որոշումից, ասում է խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը:

«Ակնհայտ է, որ առաջին հերթին պետք է հայեցակարգի շուրջ լինեն հանրային քննարկումներ, հայեցակարգը պատրաստվի, հայեցակարգն ընդունվի, հայեցակարգի շուրջ լինի հանրային կոնսենսուս, նոր դրա հիման վրա տեքստը գրվի: Դա նաև վարչապետի համապատասխան որոշումն է ենթադրում, հայեցակարգ պիտի լինի, ո՞նց կարա առանց հայեցակարգ լինի, էդ ո՞ր թվի Սահմանադրությունն է եղել առանց հայեցակարգ», - նշեց նա:

Ինչո՞ւ է նախարարությունն ընտրել առանց հայեցակարգի՝ միանգամից բուն Սահմանադրության տեքստը գրելու ճանապարհը, նախարարը երեկ չպարզաբանեց: Նոր Սահմանադրություն ունենալու առանցքային պատճառներից մեկն էլ, ըստ Նիկոլ Փաշինյանի, գործողի լեգիտիմության հարցն է: Իսկ նորն ունենալու ճանապարհին, ըստ վարչապետի, պետք է Սահմանադրության ստեղծման և ընդունման մեթոդներն այնպիսին լինեն, որ ժողովուրդն այն համարին իրենը: Արդյոք առանց հայեցակարգի դա հնարավոր կլինի՞ ապահովել: Իոաննիսյանը կարծում է՝ ոչ:

«Մի բան է՝ լայն հանրությանը տաս իրավաբանական տեքստ, ուրիշ բան է, որ տաս հայեցակարգ: Հայեցակարգը մարդիկ ավելի հեշտ կընկալեն, հեշտ կվերլուծեն ու ավելի հեշտությամբ դրա հետ կապված առաջարկներ կներկայացնեն», - ընդգծեց Իոաննիսյանը:

Սահմանադրության տեքստ ունենալու նախարարի հայտարարած ժամկետը Դանիել Իոաննիսյանն առհասարակ իրատեսական չի համարում, ասում է՝ մեկ տարում անգամ նորմալ հանրային քննարկում անցած հայեցակարգի նախագիծ ընդունելն է բարդ:





Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG