Մատչելիության հղումներ

«Սահմանադրական հանրաքվեն ու համապետական ընտրությունները միախառնելու դեպքում պարզ չի լինի քաղաքացիների իրական դիրքորոշումը». սահմանադրագետ


Վարչապետ Փաշինյանի թիմում կարծիքներ կան, որ չսպասեն 2027 թվականին, նոր Սահմանադրության հանրաքվեն ավելի մոտեցնեն՝ մյուս տարի խորհրդարանական ընտրությունների հետ էլ անցկացնեն: Փաշինյանը թիմակիցների կարծիքները հրապարակեց Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում:

Հանրաքվեի մասին օրենքով արգելվում է, որ այն անցկացվի Ազգային ժողովի ընտրությունների օրը: Բայց օրենքի արգելքին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չանդրադարձավ: Ոչ էլ ասաց՝ ինքը որ տարբերակին է կողմնակից: Ավելի շուտ անցկացնելու նպատակն, ըստ նրա, ավելի քաղաքական օրակարգ ունենալն է:

Նոր Սահմանադրությունը Բաքվի պահանջներից մեկն է՝ խաղաղության պայմանագիրը կստորագրեն, եթե Հայաստանը փոխի մայր օրենքը: Մյուս պահանջը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, ինչի ուղղությամբ Փաշինյանը խոստացավ առաջիկայում քննարկումներ սկսել: Մինչև խաղաղության պայմանագրի տեքստին Հայաստանի համաձայնությունը, կառավարությունը Սահմանադրությունը փոխելու ժամկետը սահմանել էր 2027 թվականը:

Եթե իշխող ուժին պետք լինի 2026-ին անցկացնել, օրենքը կփոխեն, ինչի համար անհրաժեշտ ձայները խորհրդարանում ունեն, ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ու բացատրում, թե ինչու են այդ արգելքը ժամանակին սահմանել, որ երկու ընտրությունները նույն օրը չլինեն:

«Որպեսզի այդ ինստիտուտներն իրենց նպատակին ծառայեն, հանրաքվեն կոնկրետ հարցին լուսավորված պատասխան կարողանա ստանա բնակչության կողմից, իսկ պառլամենտի պարագայում ընտրությունները լինեն կուսակցությունների ներկայացրած ծրագրերի շուրջ, դրանք իրարից տարանջատվել են նաև սահմանադրական օրենքով», - ասաց Պողոսյանը:

Հանրաքվեն ու համապետական ընտրությունները տարբեր ինստիտուտներ են, միախառնելու դեպքում պարզ չի լինի քաղաքացիների իրական դիրքորոշումը հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ, բացատրում է Սահմանադրության համահեղինակն ու որպես օրինակ նշում Փաշինյանի քարոզչական տեխնոլոգիայի մասին:

«Դրանք տարբեր ինստիտուտներ են, տարբեր նպատակներ են հետապնդում, հիմա Փաշինյանը էդ երկուսը համատեղելով, փորձելով ստեղծել երկրում այնպիսի մթնոլորտ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ նախկինները իշխանության չգան, նախկինների գողացածը վերադարձնենք և այլն և քանի որ նաև ինքը քարոզչություն է անելու այդ նոր Սահմանադրության օգտին, երևի դրանով հույս ունի, որ բնակչությունը կքվեարկի այդ հանրաքվեի օգտին», - նշեց Վարդան Պողոսյանը:

Բաքուն բողոքում է Սահմանադրության նախաբանից, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին, այստեղ էլ հիշատակվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին: Սա համարում են տարածքային նկրտում ու պահանջում է, որ նոր Սահմանադրությունից հանվի հղումը: Չնայած Հայաստանի կառավարության պնդումներին, թե տարածքային նկրտումներ չունեն, Ալիևը չի նահանջում:

Արդյոք խմբակցությունում հանրաքվեն ավելի շուտ անցկացնելու կարծիքները գերակշռո՞ղ են կամ այս առաջարկները խմորվում են, Փաշինյանը սրան չանդրադարձավ:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը դեմ է, որ Սահմանադրության նախագիծը հրատապ քվեարկության դնեն, կողմ է, որ հանրային լայն քննարկման արժանանա:

«Առանց մանրամասն քննարկման, առանց լայն շրջանակների չի կարելի որևէ Սահմանադրության փոփոխություն անել», - ասաց Բագրատյանը:

Պատգամավորի կարծիքով՝ քաղաքացիները քվեարկության գնալիս պետք է գաղափար ունենան բովանդակության ու կարևոր կետերի մասին. - «Դա չի կարող կարճ տևել, դա երկարատև պրոցես է, կարծում եմ, 26 թվից հետո պետք է նախաձեռնել»:

Սահմանադրական հանրաքվեն ու Ազգային ժողովի ընտրությունները համատեղ անցկացնելու փորձ եղել է 2003 թվականին, հանրաքվեն տապալվել է:





XS
SM
MD
LG