«Նայի դու էլ չմտնես մկան ծակերը», «հետդ եմ խոսում, արա՛», «Դուք ուղեղ չունեք, որ վիրավորեք», մոտ երկու տարի առաջ խորհրդարանում իշխանական պատգամավորների այս արտահայտությունները դատարանները գնահատել են վիրավորանք և պարտավորեցրել ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանից հրապարակային ներողություն խնդրել, որպես վնասի հատուցում երկու միլիոն դրամ վճարել:
«Ռուստամ Բաքոյանը պարտավորություն ունի դատարանի կողմից սահմանված տեքստը հնչեցնելով ներողություն խնդրի, դա պետք է տարածվի դատարանի կողմից սահմանված լրատվամիջոցներով ու նաև փոխհատուցման գումար վճարի», - ներկայացրեց Էդգար Ղազարյանը:
«Դատալեքս»-ում տեղադրված են ներողության տեքստերը: Ընդ որում, ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի վերաբերյալ վճիռն ուժի մեջ է մտել: Նրա հետ կապ հաստատվել մեզ չհաջողվեց, չհաջողվեց խոսել նաև մյուս պատգամավոր, իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ: Նրա վերաբերյալ վճիռը դեռ ուժի մեջ չի մտել:
«Դատավորության ընթացքում պարոն Հովհաննիսյանն ու նրա ներկայացուցիչները երբևէ դատարան չեն ներկայացել, ոչ մի նիստի չեն մասնակցել, բայց պատշաճ կերպով միշտ տեղեկացված են եղել նիստերի օրերի, ժամերի մասին», - նշեց Էդգար Ղազարյանը:
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այն ժամանակ խորհրդարան էր գնացել որպես մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմության թեկնածու: Եվ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին պետք է ելույթ ունենար, ներկայացներ իրեն: Նրա հասցեին իշխանականները վիրավորանքների տարափ էին տեղացել, երբ քննադատել էր իշխանությանը, 2018-ի հեղափոխությունն էլ որակել «ադրբեջանաթուրքական»:
«Այս իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում, ժողովրդավարական բոլոր ինստիտուտների և մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով», - ասել է նա:
Դեռ պարզ չէ, թե արդյոք իշխանական Արթուր Հովհաննիսյանը կբողոքարկի՞ առաջին ատյանի դատարանի վճիռը:
«Ես ներքին համոզմունք ունեմ, որ եթե անգամ բողոքարկվի, ի վերջո այդ որոշումը նույնպես ի կատար կածվի», - նշեց Ղազարյանը:
Եթե Ռուստամ Բաքոյանը դատարան չի գնացել, դիրքորոշում ու պատասխան չի ներկայացրել իր դեմ դատական գործին, ապա նիստերից բացակայած Արթուր Հովհաննիսյանը պատասխան է ուղարկել: Ըստ դատական տեղեկատվական համակարգի, Արթուր Հովհաննիսյանի ներկայացուցչի՝ դատարան ուղարկած առարկությունում պատգամավորի արարքը ներկայացվել է սադրանքին ի պատասխան գործողություններ:
«Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությունները Էդգար Ղազարյանի ստեղծած մթնոլորտի վերաբերյալ գնահատողական դատողություններ էին, և դրանք նախորդել են Ղազարյանի սադրանքներին, նիստը տապալելու նրա գոծողություններին», -հիմնավորել է իշխանական պատգամավորը:
Հովհաննիսյանի առարկությունն այն է, որ նիստի ժամանակ մի քանի անգամ նախագահողին խնդրել է կարգի բերել Ղազարյանին, բայց վերջինս շարունակել է սադրել:
Ղազարյանն ասաց՝ դիմելու է ԱԺ նախագահին, որ դադարեցնի իրեն վիրավորած պատգամավորների լիազորությունները
«Մեր ժողովրդին մեկը բան ասի՝ լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը». իշխանական պատգամավոր Արթուր Հոհվաննիսյանի այս հայտնի արտահայտությանը, սակայն, դատարանը չէր դիտարկել:
Ընդդիմադիր գործիչը դեռ այն ժամանակ դիմել էր իրավապահներին, պնդել, որ սա արդեն իրենից հանցագործություն է ներկայացնում:
«Հանձնաժողովի նախագահն ասում է՝ «պարոն Հովհաննիսյան, Դուք սպառնում եք», և ինքն ընդունում է, ասում է՝ «այո, ես սպառնում եմ, խնդրում եմ, արձանագրեք»: Այստեղ հանցանքի հատկանիշները շատ էական էին, իմ կարծիքով, բայց վարույթի չի նախաձեռնվել, մենք բողոքարկել էինք քննիչի որոշումը գլխավոր դատախազին, դա էլ չի բավարարվել, դիմել էինք դատարան ու հիմա այդ գործով մենք դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - ասաց Ղազարյանը:
Այս պահին հաստատ է միայն, որ իշխանական Ռուստամ Բաքոյանի գրպանից մեկ միլիոն դրամ կգնա ընդդիմադիր գործչի գրպանը: Ղազարյանն ասաց, որ դիմելու է ԱԺ նախագահին, որ դադարեցնի իրեն վիրավորած պատգամավորների լիազորությունները:
Ղազարյանը դատարանում պարտվել է Ազգային ժողովի նախագահին
Միևնույն ժամանակ, իշխանական պատգամավորներին հաղթած Ղազարյանը դատարանում պարտվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ իր այս արտահայտությունների համար. - «Պարզվում ա, որ նա նաև ամենամեծ կոռուպցիոներներից մեկն ա»:
Ղազարյանը պնդում է, որ նման եզրահանգման է եկել բացառապես վկայակոչելով մամուլի հրապարակումները Սիմոնյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն գործարքների մասին: Ընդհանուր առմամբ, եթե ԱԺ նախագահի օգտին երկու վճիռներն ուժի մեջ մտնեն, ընդդիմադիր գործիչը նրան ստիպված կլինի վճարել ընդհանուր ավելի քան մեկ միլիոն 800 հազար դրամ: Ղազարյանը ասաց, թե կդժվարանա վճարել Սիմոնյանին, քանի որ չի աշխատում, պնդում է՝ իր ընդդիմադիր կեցվածքի պատճառով իրեն աշխատանքի չեն ընդունում:
Էդգար Ղազարյանը նաև մեղադրյալ է ՍԴ դատավորների վերաբերյալ արատավոր տեղեկություններ տարածելու գործով: Դրանով նրան մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում: Նախաքննությունն ավարտված է, գործը դատախազի սեղանին: