Մատչելիության հղումներ

«Խոսքի ազատության դասական սահմանափակում». իրավապաշտպանը քննադատում է նախկին դեսպանին մեղադրյալ դարձնելու որոշումը 


Էդգար Ղազարյանին արգելվել է արատավորող տեղեկություններ տարածել դատավորների, քննիչների և մի շարք այլ պաշտոնյաների մասին

Նախկին դեսպան, ընդդիմադիր Էդգար Ղազարյանին դատարանն արգելել է արատավորող տեղեկություններ տարածել դատավորների, քննիչների և մի շարք այլ պաշտոնյաների մասին: Այս սահմանափակումը կոչվում է վարչական հսկողություն և կիրառվում է որպես այլընտրանք կալանավորմանը: Ու որպեսզի չխախտի դատարանի երեկվա որոշումը, Ղազարյանը հաճոյախոսություններ շռայլեց:

«Ես ստիպված պիտի դատարանի որոշմամբ ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ», - ասաց նա:

Youtube-ում «Ղազարյան VS Ղազարյան» հաղորդման հեղինակը մեղադրվում է դատավորների վերաբերյալ արատավոր տեղեկություններ հրապարակելու համար: Նա իրավապահների թիրախում է հայտնվել Սահմանադրական դատարանի մի որոշումից հետո, որում դատավորները սահմանազատման հայ-ադրբեջանական կանոնակարգը քննելիս գնահատել էին նաև Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի դերն ու նշանակությունը:

Որոշումը Հանրայինի եթերում պարզաբանել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Դրանից հետո Էդգար Ղազարյանն իր հաղորդման շրջանակում ու տարբեր ելույթներում անդրադարձել էր Գրիգորյանի մեկնաբանություններին, պնդել, որ բարձր ատյանի դատավորները չպետք է քննարկեին Անկախության հռչակագիրը, հավելելով, որ «այստեղ արդեն գործ ունենք սովորական տգիտության հետ»: Նույնը Ղազարյանը կրկնեց նաև շաբաթ օրը՝ դատական նիստից առաջ՝ շեշտելով, թե «պետական դավաճանություն» են իրականացրել:

Քրեական գործը կապ չունի Ղազարյանի հայտարարության հետ. փաստաբան

Մինչև 5 տարվա ազատազրկման վտանգի առջև կանգնած նախկին դեսպանի փաստաբանը պնդում է՝ քրեական գործը կապ չունի Ղազարյանի հայտարարության հետ:

«Նրան մեղսագրվում է արտահայտություն, որ Սահմանադրական դատարանի դատավորները տգետ են կամ դավաճան: Ո՞ր դեպքում կարող ենք այդ հոդվածը կիրառելի համարել: Երբ իրոք ՍԴ դատավորները լինեին տգետ կամ դավաճան, ու Էդգար Ղազարյանը դա որպես տեղեկություն հրամցներ հանրությանը», - ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ պաշտպանյալը դատավորների վերաբերյալ, այն էլ արատավորող տեղեկություններ չի տարածել: Ընդամենը գնահատել է նրանց գործողությունները: Իսկ դատարանի որոշումը նրան լռեցնելու փորձ է համարում. «Այն, որ դու կարծիք հայտնես, այն էլ այդքան կարևոր հարցի շուրջ և որոշակի գնահատականներ տաս այդպիսի որոշում կայացնողին, խոսքի ազատության շրջանակներից դուրս լինել պարզապես չի կարող: Հայհոյանք չի հնչել, չի հնչել արգելված այլ խոսք, սպառնալիք չի հնչել»:

«Ինչո՞ւ մարդուն լռեցնել, եթե կարելի է քննարկում սկսել»

Սա խոսքի ազատության դասական սահմանափակում է, վրդովված է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. «Էդգար Ղազարյանը, ես ինքս էլ շատ լսել եմ, քննադատում է Սահմանադրական դատարանի որոշումը, որոշման բովանդակությունը և իրավունք ունի քննադատելու: Իսկ ինչո՞ւ մարդուն լռեցնել, եթե կարելի է քննարկում սկսել»:

Իրավապաշտպանը նկատում է՝ քրեական գործը համընկնում է իշխանությունների կողմից նոր Սահմանադրություն ընդունելու հայտարարությանը: Ընդգծեց, որ սա զգուշացում է բոլոր նրանց, ովքեր կփորձեն քննադատել այդ քայլը, որ ընդդիմադիրները որակում են Ադրբեջանի պահանջ: Բաքուն ամիսներ շարունակ Երևանից պահանջում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին:

«Պետք էր կազմակերպել հանրությանը, մարդկանց, ովքեր հետաքրքրված են, ասել, որ դա այդպես չէ, կամ այո, դա այդպես է, այսինքն՝ պետք է քննարկումներ լինեն և ոչ թե մարդը, ով քննադատում է, սահմանափակել նրա խոսքի ազատությունը: Կոնկրետ այս դեպքում արժեքավոր, կարծում եմ, խոսքը սահմանափակեն, որ չխանգարի իրենց», - նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Ղազարյանի դեպքը եզակի չէ. Ժաննա Անդրեասյանը հիշեցնում է մեկ այլ քրեական գործ: Իրանի քաղաքացիների՝ ադրբեջանական երգի տեսանյութը տարածելուց հետո Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավարին մեղադրեցին ատելություն, թշնամանք հրահրելու նպատակով նյութեր տարածելու հոդվածով: Ղարիբ Բաբայանին ևս արգելվել է հրապարակային ելույթ ունենալ:

Մինչ ընդդիմախոսներին լռեցնելու գործերին, ընդդիմադիրների փաստաբանները բազմաթիվ օրինակներ են բերում իշխանության ներկայացուցիչների բառապաշարից:

«Մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից, ինչը չի նշանակում, որ ՀՀ բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ, կարծում եմ՝ ակնհայտ է», - վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ նման տեսակետ էր հայտնել դատավորների մասին, բայց իրավապահներն այդպես էլ չպարզեցին՝ արդյո՞ք վարչապետը արատավորել է դատավորներին:

Ընդդիմադիրները պնդում են՝ իշխանությունը փորձում է լռեցնել իրենց տարբեր քրեական գործերով, իշխանություները հակադարձում են՝ քրեական գործերին չեն միջամտում:

XS
SM
MD
LG