Մատչելիության հղումներ

Մեղադրանք՝ ՍԴ դատավորների վերաբերյալ արատավոր տեղեկություններ տարածելու համար. նախկին դեսպանը հերքում է, մեղադրանքը չի ընդունում


Նախկին բարձրաստիճան պաշտոնյա, այժմ ընդդիմադիր, Յություբում հաղորդման հեղինակ Էդգար Ղազարյանը հնարավոր է զրկվի այնպիսի հրապարակային խոսքից, որն իր մեջ, քննիչների գնահատմամբ, կպարունակի անպարկեշտ արտահայտություններ, արատավոր տեղեկություններ:

Սահմանադրական դատարանի դատավորների գործունեության վերաբերյալ արատավոր տեղեկություններ տարածելու համար Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանին մեղադրանք է ներկայացվել երեկ: Ղազարյանը մեղքը չի ընդունում, չբացակայելու ստորագրություն է տվել:

«Մեղադրանքը լրիվ անհիմն է։ Հիմնական խնդիրը կապված է ադրբեջանական սահմանային հանձնաժողովների կանոնակարգի Սահմանադրական դատարանում կայացրած որոշման հետ և իմ մեկնաբանություններին։ Ես հիշում եմ, որ այդ ժամանակաշրջանում, տարբեր հրապարակային ելույթներում, իմ քննադատական խոսքն եմ հնչեցրել դատարանի էդ որոշման վերաբերյալ, ընդ որում, ես մենակ չեմ եղել այդ հարցում, բայց մեղադրանք մենակ ինձ է ներկայացված», - ասաց Ղազարյանը։

Էդգար Ղազարյանին ու փաստաբաններին քննչականից պարզաբանել են, որ մեղադրանքի առիթն ամիսներ առաջ Ղազարյանի արած արտահայտություններն են:

Նա անդրադարձել էր Բարձր դատարանի որոշմանը, որտեղ դատավորները գնահատել էին նաև Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի դերն ու նշանակությունը:

«Անկախ դրանից մեղադրանքում դա կլինի, թե չի լինի, կամ կա թե չկա, ես նաև ասել եմ, որ դատարանը, փաստորեն, դավաճաններ են էդ մարդիկ, պետական դավաճանություն են իրականացրել և դա շատ հիմնավոր է։ Եվ իմ ասածը փոխարենը որպես ընդունեն հաղորդում հանցագործության մասին, դավաճանության հանգամանքները քննեն, ասում են՝ «ինչ ես ասում, որ դավաճան են»։ Բա դավաճան են էդ մարդիկ», - ասաց Ղազարյանը։

Այսօրվա դռնփակ նիստից առաջ Ղազարյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Բարձր դատարանի այդ որոշմանը, որը եզրահանգել էր՝ հայ ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ղազարյանին վրդովեցրել էր այն, որ դատարանն իր որոշման մեծ մասում անդրադարձել է Անկախության հռչակագրին, ու, իր գնահատմամբ, Ադրբեջանին ու Թուրքիային դուր եկող տեսակետ է հայտնել:


«Հիմա ասում եմ՝ եթե դուք իրավաբան եք, տգետ չեք ու դավաճան էլ չեք, էդ պիտի գործը վարույթ չընդունեք չէ՞, պիտի ասեիք՝ «սա վավերականացման ոչ ենթակա բան է», դատարանն ընդհանրապես պետք է վարույթ չընդունի։ Հիմա ընդունել եք վարույթ, կանոնակարգի դրույթները թողել եք մի կողմ, դրան չեք անդրադառնում, կպել եք Անկախության հռչակագրին», - ասաց Ղազարյանը։


Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է՝ նման սահմանափակումները վկայում են, որ իշխանությունները պարզապես մտադիր են լռեցնել նրան, որը պարբերաբար քննադատում է իրենց վարած քաղաքականությունը:

Իշխանությունն, իր հերթին, բազմիցս է պնդել, թե քրեական գործերին չի միջամտում:

Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյան

«Լրացուցիչ հիմնավորումը դրա այն է, որ մենք արդեն ստացել ենք վարչական հսկողության միջնորդությունը, այնտեղ նշված էր, որ մեղադրանքում նկարագրված գործողությունները կատարելու արգելք է սահմանում, բայց ոչ միայն դատավորների նկատմամբ, իսկ հոդվածը վերաբերում է դատավորներին, այլ առհասարակ։ Կոպիտ ասած՝ մեկ առիթով ուզում են ընդհանրապես Էդգար Ղազարյանին լռեցնել, մարդ,որը որ հրապարակային, մենք տեսնում ենք, որ շաբաթական, չգիտեմ, ավելի շատ քնում է, թե ուղիղ եթերներով է հանդես գալիս», - ասաց Մելիքյանը։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Ղազարյանին սպառնում է մեկ ամսից մինչև 5 տարվա ազատազրկում: Ղազարյանի այս մեղադրանքի ֆոնին նրա համախոհներն իրավապահների ուշադրությունն են հրավիրում հենց իշխանավորների խոսույթի վրա, երբ անցած տարիներին հայտարարել են ասֆալտին փռելու, ականջները, լեզուն կտրելու մասին, իսկ ԱԺ նախագահն էլ թքել էր սփյուռքահայ տղամարդու երեսին:

Նրանք պնդում են՝ իշխանության ներկայացուցիչները շարունակում են մնալ անպատիժ, իսկ ընդդիմադիրներին շարունակում են թիրախավորել քրեական գործերով:

Ղազարյանի վերաբերյալ դատավորի որոշումը կհրապարակվի վաղն առավոտյան:

XS
SM
MD
LG