Մատչելիության հղումներ

Նարեկ Սամսոնյանին հիվանդանոցից բանտ են տեղափոխել, նա հացադուլը շարունակում է


14 օր տևած հացադուլից հետո «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանն այսօր բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը: Մինչև այդ ՝ կեսօրին, նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են հիվանդանոց: Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նաև մանրամասներ է հայտնել շուրջ երկու շաբաթ հացադուլի մեջ եղած հաղորդավարի առողջական վիճակից:

«Ասեմ, որ վիճակը արտաքինից շատ ավելի վատ էր. հյուծվածություն, դանդաղություն...բժշկի հետ զրույց տեղի ունեցավ՝ ցուցել է անհապաղ հոսպիտալացում», - պատմեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբանի խոսքով՝ հիվանդանոցում մի քանի ժամ տևած ստուգումներից հետո Սամսոնյանին հետ են տարել քրեակատարողական հիմնարկ: Ակնկալում են, որ որոշ հետազոտությունների պատասխաններն ստանալուց հետո Նարեկ Սամսոնյանին կրկին կտեղափոխեն հիվանդանոց՝ վերականգնողական փուլ անցնելու, հետո նաև վիրահատության համար:

«Մենք ունենք այդ ակնկալիքը: Միաժամանակ, Նարեկը, քանի որ հացադուլից դուրս գալու այդ հայտարարությունը տվել էր, նա ասաց, որ հրաժարվելու է որևէ վերականգնողական միջամտությունից բուժհաստատությունում, այսինքն՝ փաստացի շարունակելու է հացադուլը», - ասաց Ռուբեն Մելիքյանը:

Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոնից» Սամսոնյանին բանտ վերադարձնելու հարցով մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Հիմնարկի տնօրեն Կամո Մանուկյանը մեր զանգերը թողեց անպատասխան:

Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ էր հայտարարել հունվարի 9-ին՝ դատարանի դահլիճում, երբ դատավորը բավարարել էր դատախազների միջնորդությունը՝ ևս երեք ամսով երկարաձգելով ընդդիմադիր հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը: Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ այսօր հինվանդանոցում պարզ է դարձել՝ Սամսոնյանի առողջական խնդիրները հացադուլի ընթացքում էլ ավելի են սրվել, փաստաբանն ընդգծեց.- «Այս երկու գործընթացները միմյանց վրա խիստ բացասական ազդեցություն էին ունենում»:

Այսօր մինչ հայտնի կդառնար, որ Սամսոնյանին հիվանդանոց են տարել, լրագրողները փորձում էին պարզել՝ ինչ քայլեր է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանը, արդյոք այցելել է իշխանությանը քննադատող Նարեկ Սամսոնյանին: Մինչ այդ, մի խումբ համախոհներ ակցիա էին արել ՄԻՊ գրասենյակի մոտ, բայց անգամ դրանից հետո Անահիտ Մանասյանը հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանին չի այցելել: Ինչու: Մարդու իրավունքների պաշտպան Մանասյանը բացատրեց. «Որովհետև մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեության մեթոդաբանությունն այն է, որ այցեր պետք է իրականացվեն բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկատվություն ձեռք բերելու համար»:

Անահիտ Մանասյանի խոսքով.- «Մենք ունենք բազմաթիվ հացադուլ հայտարարած անձինք, ովքեր դիմում են մեզ և ասում են, որ օրինակ՝ գիտեք, ես բռնության եմ ենթարկվում և չեմ ուզում որևէ բան պատմել կամ դիմումով ներկայացնեմ, ինձ համար շատ կարևոր է, որ Դուք անձամբ ներկա լինեք, և Ձեզ կարողանամ գաղտնի եղանակով ասել այն ինչ ուզում եմ, և Դուք էլ միջամտեք իմ իրավունքների իրացմանը: Բնականաբար, այդ բոլոր դեպքերում քաղաքացիներին այցեր են կազմակերպվում»:

Կոնկրետ Նարեկ Սամսոնյանի դեպքով՝ Անահիտ Մանասյանն ասաց՝ որևէ դիմում չեն ստացել: Պաշտպանի բացատրությունը զարմացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանին:

«Եթե մարդը քաղաքական պատճառներով հացադուլի է, բա տրամաբանական չէ՞ անձամբ գնալ կամ մարդ ուղարկել, որ հասկանա, թե այստեղ խնդիրը որն է: Թե՞ մենք հասկանանք, որ այն աստիճանի ակնհայտ է խնդիրը, որ դրա կարիքը չկա: Բա եթե այդ աստիճան պարզ և ակնհայտ է, որ տեսակցելու կարիք չկա, ինչո՞ւ համապատասխան հայտարարաություններ չեն կատարվում», - հարցնում է Մելիքյանը:

Անահիտ Մանասյանն այսօր պնդում էր՝ Նարեկ Սամսոնյանի՝ իշխանության ընդդիմախոս լինելը չի կարող նրան չայցելելու պատճառ լինել: «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակները բանտում հայտնվեցին Ազգային ժողովի նախագահի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար: Մինչ այդ Ալեն Սիմոնյանն էր ընդդիմադիրներին անվանել «շան լակոտներ» ու «լածիրակներ»:




XS
SM
MD
LG