ԱԱԾ ուժերով ձերբակալություն, մեղադրանք, հետո էլ երկամսյա կալանք կոշտ վիրավորական խոսքի համար՝ ի պատասխան ԱԺ նախագահի վիրավորական արտահայտության:
Գիշերը դատարանները բավարարեցին Քննչականի միջնորդություններն ու երկու ամսով կալանավորեցին «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին:
Նարեկ Սամսոնյանին կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը: Այս դատավորը վերջին շրջանում էլի մի շարք ընդդիմադիրների ու հոգևորականների է կալանավորել: Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ երեկ Երևանում հերթապահում էին Աջափնյակի դատարանի դատավորները, բայց օրվա վերջում ցանկում ավելացվեց Մասիվի դատարանն ու Սամսոնյանի կալանքի հարցի քննությունն էլ մակագրվեց հենց այս դատավորին: Դատական իշխանությունից փոխանցում են՝ նման փոփոխություններ հաճախ են արվում, պատճառն էլ դատավորների ծանրաբեռնվածությունն է:
«Ես միանշանակ միտում եմ այստեղ տեսնում», - ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Փաստաբանը նշեց՝ քննիչը դատարանում պնդել է, որ ընդդիմադիր հաղորդավարն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, քանի որ մյուս ձերբակալված նրա գործընկերը՝ Դավիթ Ֆիդանյանը երեկ խոչընդոտել է իրավապահների գործողություններին: Ի՞նչ կապ ունեն մեկը մյուսի հետ, հարցնում է Մելիքյանը:
«Այստեղ կապ կա նաև Դավիթ Ֆիդանյանի գործոնի հետ, որ՝ «տեսեք, մարդ ենք ձերբակալել, արդարադատությանը միջամտելու համար, դա նշանակում է, որ Նարեկ Սամսոնյանը նույնպես կարող է արդարադատությանը միջամտել», - ասաց նա:
Մելիքյանի խոսքով, մյուս հանգամանքն էլ, ըստ քննիչի, այն է, որ Սամսոնյանը անցած տարի ձերբակալվելուց ու ազատ արձակվելուց հետո նորից իրեն վատ է պահել, բայց փաստաբանը շարունակում է պնդել՝ անձամբ Սամսոնյանը եթերում չի հայհոյել: Սամսոնյանն ու Սաղաթելյանն իրենց նույն հաղորդման համար էլի են հայտնվել իրավապահների թիրախում, ներից նույն՝ խուլիգանության մեղադրանքով, բայց արդարացվել են առաջին ատյանի դատարանի կողմից:
«Տարբեր ոճեր ունեն Նարեկն ու Վազգենը, բնականաբար, ես չեմ ասում, որ Վազգենի բառամթերքը հանցավոր է, բնականաբար, ոչ, դա չի հարցը, փաստն այն է, որ Նարեկ Սամսոնյանը մի հատ հայհոյանք չի տվել ու չի էլ վերագրվում հայհոյանք: Այս պայմաններում համասեռ համարել, ըստ իրենց, այդ արարքը, մեղմ ասած տարակուսելի է», - նշեց փաստաբանը:
Ընդդիմադիր հայացքներով հաղորդավարներն անցած շաբաթ 7 ժամանոց հարցազրույց էին ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս հարցազրույցից հետո ԱԺ նախագահն իր տելեգրամյան էջում գրառմամբ դիմել էր երրորդ նախագահին, քննադատել նրան ու վիրավորական՝ «շան լակոտ, լածիրակ» բառերով արտահայտվել փոդքասթերների հասցեին: Սրանից հետո արդեն ընդդիմադիր հաղորդավարները մեկ այլ հաղորդմամբ ավելի կոշտ ու վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ էին հնչեցրել ԱԺ նախագահի հասցեին:
Երեկ լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել էր՝ ինքն է դիմել իրավապահներին, բայց չէր խոսել այն մասին, որ իր վիրավորական խոսքից հետո է ստացել ավելի կոպիտ վիրավորանքներ. «Այսինքն, եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պետք է անեմ»:
Սիմոնյանի դիմումից հետո երեկ վաղ առավտյան ԱԱԾ-ականները մտել էին հաղորդավարների բնակարանները, ձեռնաշղթաներով, կռացած քարշ տվել դեպի ավտոմեքենաները: Վիրավորելը քրեական իրավախախտում չէ, առավել ևս չի առնչվում ազգային անվտանգության խնդրիներին, նկատում է փաստաբանը:
Սամսոնյանի պաշտպանը դեռ չգիտի՝ արդյոք ԱԺ նախագահի պես կդիմեն իրավապահներին: Ռուբեն Մելիքյանն ասում է, որ Սիմսոնյանի տելեգրամյան գրառումը ներկայացրել են Քննչականին: Եթե անգամ իրենք էլ բողոք չներկայացնեն, դատախազությունն ունի նման լիազորություն՝ ինքը ԱԺ նախագահի դեմ նախաձեռնելու գործողություններ:
«Ինչպե՞ս կարող է այս իշխանությունը պայքարել իր իսկ դեմ, ես չեմ պատկերացնում, որ որևէ գործողություն կատարվի, ինչ-որ չգիտեմ ինչ կգրեն, կասեն՝ «չէ, հանցագործություն չկա», - ընդգծեց փաստաբանը:
Ընդդիմադիր հաղորդավարների դեմ սկսված քրեական գործով այսօր վեց ժամ ձերբակալվելուց հետո ազատ արձակվեց «Իմնեմնիմի» օպերատոր Խաչիկ Խոսրովյանը. «Առավոտյան 8:30 տնից դուրս գալուց միանգամից հայաթից մոտեցան, թե բա՝ «Քննչականից ենք, հետևեք մեզ», քաղաքացիական մեքենայով կանգնած էին, եկան նստեցրին մեքենան, ասացի՝ մի վայրկյան, սիգարետս գցեմ, կմոտենամ մեքենային»:
Խոսրովյանը պատմեց՝ իրեն զրկել են ազատությունից արդարադատությանը խոչընդոտելուն օժանդակելու կասկածանքով: Ենթադրում է, որ իրավապահների կարծիքով՝ ինքն օժանդակել է գործընկերոջը՝ «Իմնեմնիմի» լրագրող Դավիթ Ֆիդանյանին, որը, ըստ նրա փաստաբանի, գրասենյակի դուռն իրավապահների առջև ուշ է բացել: Փաստաբան Կարլեն Ավագյանն ասում է, որ իրենց տրամադրված փաստաթղթերում որևէ հստակություն չի տեսել, թե Իշխան Խոսրովյանն ինչ է արել ու երբ:
«Բան չկա նկարագրած, որպեսզի մենք հասկանանք, թե իմ պաշտպանյալն ինչ է կատարել, ընդամենը գրած է, որ օժանդակել է արդարադատության խոչընդոտմանը», - ասաց Ավագյանը:
Մի քանի ժամ ճաղերից այն կողմ անցկացրած Խոսրովյանը համոզված է՝ այս ամենն անում են իրենց մեդիա գործունեությունը դադարեցնելու համար: