«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավար Նարեկ Սամսոնյանին հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, այս մասին հայտարարել է Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նարեկ Սամսոնյանին այսօր էին կալանավայրից տեղափոխել հիվանդանոց: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ասաց. «Բժշկական կենտրոնում արյան հետազոտություն վերցրին և հետ տարան: Մեզ տված պարզաբանմամբ՝ հետազոտության արդյունքները ներկայացնելուց հետո վաղը դիտարկվելու է նորից բուժկենտրոն վերադարձնելու հարցը: Մենք ունենք այն ակնկալիքը, որ վաղը արդեն նրան կբերեն Իզմիրլյան ԲԿ այն ցուցումով, որ նա այդտեղ կանցնի որոշակի վերականգնողական թերապիա, որին կհետևի հետազոտություններ, որին էլ կհաջորդի վիրահատությունը»:
«Իմնեմնիմի» հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ավելի քան երկու ամիս է կալանքի տակ են ԱԺ նախագահի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար: Մինչ այդ Ալեն Սիմոնյանն էր ընդդիմադիրներին անվանել «շան լակոտներ» ու «լածիրակներ», ինչից հետո եթերում փոդքասթերները ավելի թունդ էին արձագանքել նրան: Սիմոնյանի բողոքից հետո հաղորդավարներին ձերբակալել էին, ապա կալանավորել խուլիգանության հոդվածով:
Դատավորը հունվարի 9-ին նիստին բավարարել էր դատախազի՝ հաղորդավարների կալանքը ևս երեք ամսով երկարացնելու միջնորդությունը, ինչից հետո Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին: