Մատչելիության հղումներ

Մոսկվան կրկին զգուշացնում է Երևանին՝ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են


ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Պաշտոնական Մոսկվան կրկին զգուշացնում է Հայաստանի իշխանություններին՝ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհնար է համատեղել․ պաշտոնական Երևանը վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի դրանց միջև, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Այս երկու միությունները տարբեր մաքսային կարգավորումներ ունեն, դրանք ըստ էության տարբեր տնտեսական կառույցներ են։ Ուստի, հայ գործընկերները, թերևս, պետք է ինչ-որ փուլում կողմնորոշվեն՝ որ ուղղությամբ են գնում՝ Եվրամիությանն ինտեգրվելո՞ւ, թե՞ շարունակում են մնալ եվրասիական ինտեգրման շրջանակներում, որը ակնհայտ առավելություններ է տալիս Հայաստանի բնակչությանը», - հայտարարել է Գալուզինը:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը դուրս թողնվի Եվրասիական միությունից, կամ Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին Հայաստանի խորհրդարանում անցած ամիս ընդունված օրինագծից հետո արդյո՞ք նվազել է Երևանի մասնակցությունը ԵԱՏՄ-ի աշխատանքներին, Գալուզինն արձագանքել է՝ առայժմ՝ ոչ, բայց եթե Երևանը շարունակի եվրոպական ճանապարհը, հետևանքները չեն ուշանա.

«Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ուղիով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի ԵԱՏՄ գործընկերների հետ ներկայումս գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վերանայմանը։ Հավանաբար, դա բավական ցավագին գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Մենք որևէ մեկին որևէ բան չենք հարկադրում, բայց, թերևս, տրամաբանական է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությունը կբացատրի իր բնակչությանը՝ ինչ կարող է կորցնել երկիրը՝ դուրս գալով Եվրասիական տնտեսական միությունից»։

Նախազգուշացնող այս հայտարարություններից առաջ և հետո Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը հատ առ հատ ներկայացրել է տնտեսական վերջին ցուցանիշները՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքը վերջին տարիներին տեսանելի աճ է գրանցել՝ ԵԱՏՄ համագործակցության շնորհիվ, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն էլ անցած տարի ավելացել է՝ հասնելով մոտ 12 միլիարդ դոլարի։

«Այսօր Եվրամիության առանձին երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն անգամներով ավելի քիչ է, քան՝ Ռուսաստանի հետ, էլ չասած այն մասին, որ Եվրամիությունն անթաքույց թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի ռազմավարական դաշնակից ու առանցքային տնտեսական գործընկեր Ռուսաստանի նկատմամբ», - պնդել է Գալուզինը:

Ծավալուն հարցազրույցում ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետն Ադրբեջանի հետ հարաբերություններից չի խոսել, չի անդրադարձել Երևանից հնչող քննադատություններին, թե լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Մոսկվան վերջին տարիներին կա՛մ չի աջակցել Երևանին, կա՛մ կանգնել է Բաքվի կողքին։ Փոխարենը հիշեցրել է, որ Հայաստանը, այսքանով հանդերձ, մինչև հիմա Եվրասիական տնտեսական միության որևէ կառույցից դուրս չի եկել։ «Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մեզ կապում է բազմադարյա ընդհանուր պատմությունն ու հաղթանակը Երկրորդ համաշխարհայինում, որի 80-ամյակը, հուսով եմ, մենք համատեղ կնշենք», - ասել է Միխայիլ Գալուզինը։

Մայիսի 9-ին կայանալիք շքերթին Կրեմլն այս տարի հրավիրել է միայն բարեկամ երկրներին․ նրանց շարքում չեն, օրինակ, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան։ Փոխարենը հայտնի է, որ այդ օրը Պուտինի կողքին կլինեն նրա հետ մերձավոր կապերով հայտնի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սլովակիայի առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը։ Արդեն հաղորդվել է, որ այդ օրը Կարմիր հրապարակով կանցնեն Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին մասնակցող ստորաբաժանումները։ Այդ տոնակատարությանը մասնակցելու՝ Ռուսաստանի նախագահի հրավերը Հայաստանի վարչապետն անցած ամիս է ընդունել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG