Մատչելիության հղումներ

Մոսկվան անհանգստացած է հայ - ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին հաղորդումներից


Ռուսաստանը Հայաստանին բարեկամ երկիր է համարում և մտադիր է Երևանի հետ ավելի զարգացնել հարաբերությունները, այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակը՝ անդրադառնալով հայաստանյան լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հանձնարարել է բոլոր գերատեսչություններին վերականգնել ռուս գործընկերների հետ կապերը»։ Մամուլում հայտնված այս պնդումները գործադիրից չեն մեկնաբանում։

Դմիտրի Պեսկովը շեշտել է՝ Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները չեն ընդհատվել ու չեն էլ կարող ընդհատվել։

«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է։ Այն ինքնիշխան պետություն է, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք՝ երկկողմանի, պատմական և մշակութային առումով: Նաև ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիային համատեղ մասնակցության առումով։ Եվ, իհարկե, մենք առավել քան գոհ ենք հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարներին և պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել դրանք», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարությունները երեկ հաղորդեցին, որ կողմերը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել։ Երևանի հաղորդագրության մեջ նշվում էր, որ փոխարտգործնախարարներ Մնացական Սաֆարյանն ու Միխայիլ Գալուզինը կարևորել են բոլոր մակարդակներում երկկողմ համագործակցության շարունակությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ:

Ռուսական կողմն իր հաղորդագրությունում շեշտել է, որ տեղի է ունեցել մտքերի անկեղծ և առարկայական փոխանակում։

Հայաստանի արտգործնախարարության կայքի համաձայն՝ վերջին նման խորհրդակցությունները Երևանն ու Մոսկվան անցկացրել էին չորս տարի առաջ:

Հայ - ռուսական հարաբերությունները տևական ժամանակ է լարված են, կողմերը վերջին տարիներին հասցրել են դիվանագիտական նոտաներ փոխանակել, վերջին ամիսներին Մոսկվան բացահայտ դժգոհում էր Հայաստանում առաջին ընթերցմամբ ընդունված Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծից՝ անընդհատ շեշտելով, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը համատեղելի չեն: Հայաստանն էլ այս ընթացքում ռուսական ուժերին հանեց հայ - ադրբեջանական ու հայ -իրանական սահմանից, նաև «Զվարթնոց» օդանավակայանից: Այսօր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենն, ի դեպ, հայտնել է, որ ռուս սահմանապահներին նաև հայ - թուրքական սահմանից դուրս բերելու հարցը չի քննարկվում:


«Նկատում ենք դիվանագիտական խորհրդակցությունների կապերի մի փոքր վերականգնում կամ ապասառեցում»․ - հայ - ռուսական հարաբերություններում մասնագիտացած քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի խոսքով՝ այժմ Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում նկատելի են առնվազն կայունացման ազդանշաններ: Կողմերն, ըստ քաղաքագետի, վերջին շրջանում մեղմել են հռետորաբանությունը։

«Մենք տեսնում ենք նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների, կան առնվազն, գոնե նախնական ազդանշաններ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացման, դրանք սկանդալային ֆոնից դուրս բերելու, որոնք որևէ օգուտ չեն տալիս դիվանագիտությանը, եթե անգամ կան խնդիրներ և դրանք լուծման կարիք ունեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սուքիասյանը։

Քաղաքագետը ռուս-հայկական հարաբերություններում զգացվող հնարավոր զարգացումների պատճառներից մեկը համարում է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նկատում է՝ վերջին շրջանում հայաստանցի պաշտոնյաներն արտաքին քաղաքականության մասին խոսելիս այլևս կտրուկ ձևակերպումներ չեն օգտագործում․ - «Եթե սլաքները ուղղվում էին ավելի շատ դեպի Արևմուտք, հիմա ավելի ու ավելի բյուրեղանում է այն ընկալումը, որ Արևմուտքը նույնպես չափազանց զբաղված է և պրոբլեմատիկ է իր ներքին ու արտաքին խնդիրներով, այլ պրոբլեմներով, որոնք առաջնահերթ են և Հայաստանի խնդիրները հետ են մղում, և այս բարձիկների բացակայությունը ավելի ակնհայտ դառնալու պարագայում մենք սկսել ենք ավելի հաճախ լսել արտաքին քաղաքականության մասին խոսելիս բալանսավորում բառը, բալանսավորված արտաքին քաղաքականությունը որպես նպատակ, ռացիոնալիզացումը հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների կարևորումը»։

Հայկական կողմի նախաձեռնությամբ, ի դեպ, վերջերս տեղի էր ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել էր հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին։ Փաշինյանը հաստատել էր, որ Ռուսաստանի նախագահի հրավերով կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

Տարեսկզբին էլ 2023 թվականից ի վեր դեմ առ դեմ բանակցություններ չանցկացրած Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներն էին հանդիպել։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, ի դեպ, երեկվա ճեպազրույցում անդրադարձել էր Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու Ռուսաստանի պարտավորություններին։ Շեշտել՝ դրանք ուժի մեջ են.։

«Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորություններին ՀԱՊԿ շրջանակներում և երկկողմ ձևաչափով, ապա դրանք բոլորն ուժի մեջ են։ Բոլորը շատ լավ գիտեն։ Միևնույն ժամանակ, Երևանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումը, կարծում եմ, չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, ինչը նույնպես ակնհայտ է», - հայտարարել էր Մարիա Զախարովան։

Նա, սակայն, միևնույն ժամանակ ակնարկել էր, թե Երևանից ժամանակ կպահանջվի ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար։ Զախարովան սա ասել է վերջին օրերին Բաքվից հնչող մեղադրանքների մասին հարցին անդրադառնալուց հետո։

Անցած շաբաթավերջից Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար։ Բաքուն վեց օրում մեկ տասնյակից ավելի նման հաղորդագրություն է ուղարկել։ Երևանից կտրականապես հերքում են այս պնդումները։

«Ես՝ որպես խնայող տանտիրուհի, որը սիրում է պատրաստել, ուզում եմ ասել՝ «հալեցման» գործընթացը ժամանակ է պահանջում», - նշել է Զախարովան։

Պաշտոնական Մոսկվան, ըստ նրա, անհանգստացած է հայ - ադրբեջանական սահմանին լարվածության աճի վերաբերյալ հաղորդագրությունների առիթով: Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչը Երևանի ու Բաքվին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրավիճակի սրման տանող ցանկացած գործողությունից։


Զախարովան Երևանին ու Բաքվին կոչ է արել նաև կատարել բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG