Մատչելիության հղումներ

Մկրտիչ սրբազանի գործը՝ դատարանում, փաստաբանը մեղադրանքն անհիմն է համարում


Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի գործի քննություն ավարտվել է, այն կուղարկվի դատարան: Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց վարչապետ Փաշինյանի կողմն անցած ու կարգալույծ եղած նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի հարցազրույցի հիման վրա:

Նա Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե 2021-ին Արագածոտնի թեմի առաջնորդը իրենց պարտադրել է մասնակցել ընդդիմության հավաքներին ու չընտրել Փաշինյանի կուսակցությանը:

Ստեփան Ասատրյանն այդ հայտարարությունն արեց չորս տարի անց, երբ միացավ Մայր Աթոռի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարին: Մկրտիչ սրբազանը կաթողիկոսի քրոջ որդին է ու հոկտեմբերի 16-ից ազատությունից զրկված է, դատարանը մերժում է կալանքի սանկցիան փոխելու փաստաբանի միջնորդությունը: Փաստաբան Արա Զոհրաբյանը պնդում է՝ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է, գործը՝ շինծու: Ըստ նրա՝ Մկրտիչ եպիսկոպոսը ճաղերի հետևում է կաթողիկոսին ճնշելու նպատակով ու ոչ միայն:

«Երկու մեղադրանքներն էլ կեղծ են ու մեր կարծիքով՝ ուղղակի շինծու, որովհետև նախկին Տեր Արամն ու Տեր Թադեն իրենք են ըստ էության այդ ցուցմունքները տվել և ընդ որում չեն էլ ներկայացրել հարկադրանքի որևէ դրսևորման ձև, - ասաց Զոհրաբյանը, - Հակաեկեղեցական շարժման շրջանակներում էր, բնականաբար կաթողիկոսին ճնշելու նպատակ է հետապնդում: Սա ակնհայտ է: Սա ուղիղ խոսում է քաղաքական հետապնդումների մասին, որովհետև նույն Մկրտիչ սրբազանի գործով նույնիսկ դատախազության կոլեգիայի որոշում կա, որ այդ՝ միջին ծանրության հանցագործության համար կալանքի մարդուն չեն տանելու, բայց տեսեք՝ Միքայել սրբազանի գործով իրենք ուղիղ գնացել են կալանավորման ու հասել են կալանավորման»:

Փաշինյանի պայքարին միացած նախկին հոգևորականի հարցազրույցից հետո ձերբակալվեցին նաև Մուղնիի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ու Արագածոտնի թեմի առաջնորդարանի հաշվապահը։ Թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանային տնային կալանք որոշեցին, իսկ կաթողիկոսի մերձավորին՝ խիստ պատիժ՝ կալանք:

Մկրտիչ սրբազանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը էլի Փաշինյանին միացած նախկին հոգևորականներից է՝ Տեր Թադեն: Ըստ Քննչականի՝ թեմի առաջնորդը «WhatsApp»-ի խմբում է թեմի հոգևոր հովիվներին հրահանգել քաղաքական միջոցառումներին մասնակցել: Արդյոք քննությամբ ապացուցվել են այս ցուցմունքները՝ Մկրտիչ սրբազանի պաշտպանը պնդում՝ պատշաճ ապացույց չկա, որ որևէ մեկին պարտադրել է ընտրել որևէ ուժի կամ մասնակցել որևէ ուժի հավաքներին:

«Նույնիսկ եթե այդ անձանց պնդումներն էլ համարենք իրականում՝ այդպես եղել է, դա նույնպես բավարար չէ, որ համարենք՝ հանցագործություն է տեղի ունեցել», - ասաց Զոհրաբյանը:

Արագածոտնի թեմի առաջնորդը կաթողիկոսի միակ մերձավորը չէ, որ բանտում է: Մեկ ամիս առաջ էլ՝ Վաղարշապատի համայնքապետի քարոզարշավի օրերին կալանավորեցին նրա եղբորն ու եղբորորդուն: Այս գործն էլ հարուցվեց Փաշինյանին սատարող «Հանրապետություն» կուսակցության անդամներից մեկի բողոքով: Կուսակցության անդամը հաղորդել էր, թե Ոսկեհատ գյուղում կաթողիկոսի եղբայրն ու եղբոր տղան խոչընդոտել են իրենց քարոզարշավը:

Փաստաբան Զոհրաբյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ նրա, խոչընդոտ, լարվածություն ու քաշքշուկ չի եղել: Բայց փաստաբանի ապացույցը քննության վրա չազդեց: Մեկ հոգու ցուցմունքով հարուցված գործն օրերի ընթացքում քննեցին ու դատարան հասավ կայծակնային արագությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG