Մատչելիության հղումներ

Մեկամսյա լռությունից հետո Ղարիբ Բաբայանն իրավունք ունի արտահայտվել


Ղարիբ Բաբայանը, արխիվ
Ղարիբ Բաբայանը, արխիվ

Մեկամսյա արգելքից հետո Արցախից տեղահանված Ղարիբ Բաբայանը կարող է հրապարակային խոսք ասել: Վերաքննիչ դատարանն է հանել առաջին ատյանի կիրառած խոսքի սահմանափակումը:

Իրավապահները «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն»-ի ղեկավարին մեղադրում են իշխանությունների և ոստիկանության նկատմամբ քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված ատելություն, թշնամանք հրահրելու համար: Իսկ պատճառը Բաբայանի տարածած տեսանյութն էր, որում Ամանորին Իրանի մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում զվարճանում ու ադրբեջաներեն էին երգում:

Արցախցի տարեց տղամարդը քննադատել էր Հայաստանի ոստիկանությանը «Ղարաբաղ ջան» երգողների նկատմամբ գործողություններ չանելու, փոխարենը պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ ուժ կիրառելու համար: Հենց այս գրառման պատճառով էլ նրան ձերբակալեցին, մեղադրանք ներկայացրեցին ու սահմանափակեցին խոսքի ազատությունը:

Փաստաբանն արդարացում է պահանջում

Փաստաբան Աբգար Պողոսյանն ասաց, քանի դեռ որոշումը չեն ստացել, Բաբայանը չի ուզում խախտել լռությունը:

«Յուրաքանչյուր անգամ ծայրահեղ մտավախություն ունենալը շատ նորմալ է տիրող իրավիճակում», - նշեց փաստաբան Աբգար Պողոսյանը:

Մինչ Բաբայանը սպասում է, որ ձեռքի տակ հայտնվի որոշումը, որ խոսի, նրա փաստաբան Աբգար Պողոսյանն ուշադրություն է հրավիրում վերաքննիչի դիտարկման վրա: Այս ատյանն, ի տարբերություն ստորադասի, եզրահանգել է, որ հանցագործության կատարման հիմնավոր կասկած չկա:

«Նշանակում է, որ վերաքննիչ քրեական դատարանը կիսել է պաշտպանության կողմի այն կարծիքը, որ այդ հրապարակման մեջ բռնության, ատելության կոչ չէր կարող լիներ», - ասաց Պողոսյանը:

Աբգար Պողոսյան՝ Ղարիբ Բաբայանի փաստաբանը
please wait

No media source currently available

0:00 0:01:05 0:00

Փաստաբանն արդարացում է պահանջում Արցախի հայաթափումից հետո Հայաստան տեղափոխված գիտնականի համար, պնդում՝ նրա մեղադրանքը քաղաքական հետապնդում է, դրանով փորձում են լռեցնել անկախ խոսքը:

Մեկ ամիս առաջ խորհրդարանում վարչապետ Փաշինյանն էր անդրադարձել այս թեմային, երբ ընդդիմադիրներից մեկը հարցրել էր՝ ինչո՞ւ իրավապահները չէին փորձել պարզել, թե ովքե՞ր և ի՞նչ նպատակով են արել այդ գործողությունը, փոխարենը ձերբակալել էին այդ տեսանյութը տարածած անձին:

«Մեկը կերգի Ղարաբաղ, մեկը կերգի Մոսկվա, մեկը կերգի Տիզբոն, մեկը կերգի Հալեպ, կա պարզ բան, մեր հանրությունը պետք է դիմակայուն լինի, գտել են մեր խոցելի տեղը: Ամեն տենց տափակ տեսարանից պետք չի, որ հանրությունը ցնցվի: Ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի, իր բեմադրած տեսարանն է, թող ցնցվի, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, - դա ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ: Դա բեմադրված Հայաստան-Իրան հարաբերությունների միջև էդ երգի պատմությունը... որովհետև էդ երգի կատարողները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ ձեր հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել կանգնացրել են, երգել են տվել, նկարել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի ու Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն»:

Վարչապետը նաև հայտարարել էր, որ եթե իրավական գնահատականի կարիք կա, ապա դա պետք է տրվի նրանց գործողություններին, որոնք այդ օրը տեղի ունեցածը քննադատել ու դրանով փորձել են խնդիրներ ստեղծել հայ-իրանական հարաբերություններում:

Իրավապաշտպաններն ահազանգում են, որ փորձ է արվում ճնշել ազատ խոսքը

«Վերջին մի քանի դեպքերի համատեքստում եթե նայենք իրավիճակը, դրանք շատ մտահոգիչ են, որովհետև ընդդիմադիր խոսքի լռեցմանն ուղղված քայլերը վախի միջավայր են ստեղծում: Վտանգավոր է այն առումով, որ այլևս մարդիկ, ովքեր ցանկանում են առողջ քննադատություն հնչեցնել, օգնել, որպեսզի նաև հասարակությունում դրական փոփոխություններ տեղի ունենան, նրանք ուղղակի զերծ են մնում արտահայտվելուց», - ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը:

Շուշանիկ Դոյդոյան
Շուշանիկ Դոյդոյան

Մինչ իշխանությունը պնդում է, թե իրավապահներին գործերին չի խառնվում, իրավապաշտպանները շարունակում են ահազանգել, որ փորձ է արվում ճնշել ազատ խոսքը: Ղարիբ Բաբայանի գործին հետևող «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը անհանգստացած է նրա այսօրվա լռությունից:

«Գրաքննությունը միայն ծեծը կամ քրեական պատասխանատվության ենթարկելը չի, գրաքննությունը նաև նման միջավայրի ձևավորումն է, որը ստիպում է մարդուն ինքն իրեն գրաքննել ու չխոսել՝ մտածելով, որ դա կարող է առաջ բերել բացասական, իրավական կամ այլ հետևանքներ», - ընդգծեց Դոյգոյանը:

Ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները պնդում են, որ իրավապահները խտրական մոտեցում ունեն՝ ճնշում են ընդդիմադիր խոսքը, անտեսում՝ իշխանականների՝ սպառնալիք ու վիրավորանք պարունակող արտահայտությունները:

Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի օրինակն են բերում. Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Ղազարյանը մեղադրվում է դատավորների մասին արատավոր տեղեկություններ տարածելու համար, բայց նրան ուղղված «լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը» արտահայտությունները հնչեցրած իշխանական պատգամավորի խոսքերում իրավապահները հանցակազմ չէին հայտնաբերել:

XS
SM
MD
LG