Քրեական գործ է հարուցվել աղմկահարույց տեսանյութի տարածման դեպքով, որում մի խումբ տղամարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ջան, Ղարաբաղ» էին երգում ու զվարճանում: Քննչական կոմիտեից «Ազատության»-ը հայտնել են, որ ձերբակալվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանը:
Քննչականը հայտնում է, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Գործը հարուցվել է ատելություն, թշնամանք հրահրելուն նպատակով նյութեր տարածելու հոդվածով:
«Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք», - նշված է ՔԿ տարածած հաղորդագրությունում։
Տեսանյութի տարածումից մոտ 12 ժամ անց ԱԱԾ-ն հայտնեց, թե զվարճացող տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են, Երևանում են եղել Ամանորին:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանն էր անդրադարձել այս տեսանյութին ու գրել, որ տղամարդիկ մեծ հավանականությամբ Իրանի հյուսիսային թուրքախոս նահանգներից են: Երգը ադրբեջանական կիսաաշուղական երգ է, որ Թավրիզում հայտնի է, շատերը գիտեն:
Իրանագետը պատահական չէր համարել Երևանի կենտրոնում ադրբեջաներեն կատարումը: Նա չէր բացառել, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի մատը խառն է այս ամենին, որ խուճապային տրամադրություններ տարածեն Հայաստանում:
ԱԱԾ-ն այս կասկածներին չէր անդրադարձել, միայն կոչ էր արել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել:
Իրանագետ Ալեն Շադունցն էլ «Ազատության» հետ զրույցում ասել էր, Ազգային անվտանգության ծառայությունը այս երևույթին մատների արանքով չպետք է նայի: Հանգստացնելու փոխարեն քայլեր պետք է անի, որ չկրկնվեն այս դեպքերը: Գուցե Ադրբեջանի մակարդակով կազմակերպած սադրանք չէ, բայց ազդակ է, որ Հայաստանի իրավապահները ուշադիր լինեն:
Հայաստանի իրավապահների թիրախում, սակայն, տեսանյութի տարածած անձն է հայտնվել:
Քրեական հոդվածը, որ նշում են իրավապահները, տուգանքից մինչև 3 տարվա ազատազրկում է նախատեսում: