Մատչելիության հղումներ

Հանրային պաշտպանի գրասենյակի բյուջեն այս տարի պակասել է, հաստիքները՝ 11-ով կրճատվել


Անցած տարի Հարկային օրենսգրքի փոփոխությունները ներկայացնելիս ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վստահեցնում էր, որ փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ 20 տոկոս ավելացված արժեքի հարկի կիրառումից հետո էլ սոցիալապես անապահով մարդիկ կշարունակեն պատշաճ իրավական օգնություն ստանալ՝ Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով:

«Ինչ վերաբերում է դատական պաշտպանության հասանելիության հետ կապված մտահոգությանը, բնականաբար, սա Կառավարությանն էլ մտահոգում, և Կառավարությունը խնդրի լուծումը տեսնում է այլ կերպ, ավելի ինստիտուցիոնալ միջավայրում՝ ի դեմս հանրային պաշտպանի ինստիտուտի զարգացման: Եվ եթե նկատել եք, տարեցտարի պետական բյուջեով նախատեսվող ֆինանսավորումը հանրային պաշտպանի ինստիտուտի համար ընդլայնվում է», - հայտարարում էր Պողոսյանը:

«Կրկին պատրաստակամ ենք այս հարցն ուշադրության կենտրոնում պահել, որ մեր սոցիալապես անապահով խավն արդյունավավետ դատական պաշտպանվածության հետ խնդիրներ չունենա», - վստահեցնում էր փոխնախարարը:

Չնայած ֆինանսավորումն ավելացնելու խոստմանը՝ Հանրային պաշտպանի գրասենյակից «Ազատությանը» գրավոր հայտնել են, որ իրենց բյուջեն պակասել է, հաստիքները՝ 11-ով կրճատվել:

«2024 թվականի սկզբին ՀՀ պետական բյուջեով Գրասենյակի գործունեության համար նախատեսվել էր 69 հանրային պաշտպանի հաստիքի ֆինանսավորում: Սակայն հաշվի առնելով Գրասենյակի կողմից վարվող գործերի քանակի զգալի աճը և հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության էական ավելացումը՝ 2024 թ.-ի հուլիսից ՀՀ պետական բյուջեում կատարված փոփոխությամբ Գրասենյակին հատկացվեց հավելյալ 15 հաստիքի համար անհրաժեշտ գումար: Դրան հակառակ, սակայն, չնայած Գրասենյակի կողմից վարվող գործերի շարունակական աճին, 2025 թ.-ի պետական բյուջեով հանրային պաշտպանների հաստիքների ընդհանուր քանակը նվազեցվել է 11-ով», - փոխանցեց Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը:

Հանրային պաշտպանի գրասենյակի գերծանրաբեռնվածությունը թվերն են փաստում: Եթե 2016 թվականին միայն քրեական գործերը 5 հազար 264-ն էին, ապա 2024-ին հասել են 24 հազարի:

«Հանրային պաշտպանի մեկ հաստիքին միջինում 2024 թվականին տարեկան բաժին ընկնող գործերի քանակը կստացվի 434.7՝ տարվա սկզբին հաստատված 525 հաստիքների դեպքում: Եթե հաշվարկը կատարենք տարվա կեսին ավելացված հաստիքների թվով, տարածելով այն ամբողջ տարվա վրա, ապա քրեաիրավական մասնագիտացման 70 հաստիքից յուրաքանչյուրին բաժին կընկեր 341.5 գործ», - նշել է Ակլունցը:

Կան նաև վարչաիրավական մասնագիտացմամբ հանրային պաշտպաններ, որոնց գործերի քանակը 2022-ի համեմատ 30 տոկոսով աճել է, իսկ պաշտպանների քանակը՝ երկուսով նվազել: Հանրային պաշտպանները խոստովանում են՝ նման քանակի դեպքում իրենք ի զորու չեն որակյալ ծառայություններ մատուցել:

«Գործերի քանակի պահպանման դեպքում քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ հանրային պաշտպանի մեկ հաստիքին 2025 թ.-ին միջինում բաժին կընկնի 609 գործ, որից 149-ը՝ դատական ներկայացուցչությամբ: Այսպիսով գործերի քանակն ընդհանուր առմամբ աճել է 76 տոկոսով, իսկ հանրային պաշտպանների հաստիքները բոլոր երեք տարիներին մնացել են նույնը», - ընդգծել է Հարութ Ակլունցը:

Սահմանադրությունն է նախատեսում՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ պետության հաշվին: Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով է նաև, որ փաստաբաններն անվճար իրավական օգնություն ցուցաբերելն ավանդույթ էին դարձրել, ասում է փաստաբան Տարոն Սիմոնյանը՝ ընդգծելով՝ իրենց հարկային բեռի ավելացումից հետո անվճար փաստաբանական ծառայություն մատուցել այլևս չեն կարող:

«Այս օրենքի տրամաբանությունից ելնելով՝ այլևս իրավունք չունենք այն իմաստով, որ պետությունը ասում է՝ «եթե անգամ դու անվճար մատուցում ես ծառայություն, խնդիր չկա, բայց ես քեզ հարկելու եմ իմ հարկային դրույքաչափերով»: Ասում եմ՝ «բայց չէ՞ որ զրո է մեզ փող փոխանցվում, այդ զրոն ինչպե՞ս եք հարկում»: Ասում է՝ «ես պետք է մտնեմ, քո շրջանառությունը ուսումնասիրեմ, տեսնեմ նմանատիպ գործերով դու ումից ինչքան վարձատրություն ես վերցրել, էդ տրամաբանությունից հարկեմ», - մանրամասնեց փաստաբանը:

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում էր հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը մինչև 2024-ի ավարտը թեթևացնել 30 տոկոսով: Հակառակ դրան՝ հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը անցած տարի 2022 թվականի համեմատ ավելացել է մոտ 50 տոկոսով: Թե ինչու է Կառավարությունը խոստմանը հակառակ նվազեցրել ֆինանսավորումը, «Ազատություն»-ը Ֆինանսների նախարարությունից այդպես էլ պատասխան չստացավ:

XS
SM
MD
LG