Մատչելիության հղումներ

Փաստաբանների հարկը բարձրացնելու կառավարության նախագիծը բողոքի ալիք է հարուցել. նրանք այսօր գործադուլ էին անում


Հայաստանյան դատարաններից մեկի շենքը Երևանում, արխիվ
Հայաստանյան դատարաններից մեկի շենքը Երևանում, արխիվ

Փաստաբանների հարկը շեշտակի բարձրացնելու կառավարության նախագիծը բողոքի ալիք է հարուցել փաստաբանների շրջանում։ Նրանք այսօր համատարած գործադուլ անցկացրին՝ չներկայանալով դատարաններ ու քննչական ծառայություններ։

Փաստաբանների մի մասը, որոնց տարեկան շրջանառությունն անցնում է 119 միլիոն դրամը, վճարում են թե՛ ավելացված արժեքի հարկ և թե՛ շահութահարկ։ Սրանից պակաս գումար վաստակողները, սակայն, որոնք մեծամասնությունն են, վճարում են ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ։

Գործադիրը կարծում է, որ պարզեցված այս հարկը վերածվել է արտոնության մյուս ոլորտների համեմատ և մտադիր է հունվարից հանել այս 5 տոկոսն ու փոխարենը բոլորից գանձել ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս, գումարած՝ 18 տոկոս էլ շահութահարկ։

«Այս նախագծի կիրառման արդյունքում տեղի է ունենալու հետևյալը՝ իրավաբանական ծառայությունների և մասնավորապես փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է. 38 և ավելի տոկոս մենք կունենանք թանկացում: Սրանով պայմանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպեսզի ստանա իրավաբանական օգնություն, նա ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելի», - ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

Բաբայանն ու նրա գործընկերները նաև պնդում են, թե այլևս չեն կարող անվճար ծառայություններ մատուցել, քանի որ այդ դեպքում ևս ստիպված կլինեն այս հարկերը վճարել, իսկ դրանից առաջին հերթին կտուժի քաղաքացին, որն, ըստ Բաբայանի, ինքն է վճարելու ավելացված արժեքի հարկն այնպես, ինչպես հիմա վճարում է, օրինակ, խանութում տարբեր ապրանքներ գնելիս։

«Պարզապես պետք է ներկայացնել ու ճիշտը ասել հասարակությանը, որ խնդիրը քաղաքացունն է, քաղաքացին է ավելի վճարելու այդ ծառայության համար», - ընդգծեց նա:

Փաստաբան Արմինե Ֆանյանը կարծում է՝ այս փոփոխությամբ կծանրաբեռնվեն հանրային պաշտպաններ: Պետության կողմից վճարվող այս փաստաբանները 95-ն են, որոնցից ծառայությունից ոչ բոլորն իրավունք ունեն օգտվել։

«Այսօր անգամ ձերբակալվածի համար պաշտպանի պարտադիր մասնակցություն է օրենքում նախատեսված: Անձը երբ որ ձերբակալվում է, նրա կողքին պետք է նստած լինի փաստաբան, հիմա եթե անձը ցանկանա պաշտպանի ծառայություններից օգտվել, բայց չկարողանա դա իրեն թույլ տալ, մենք այսօր որևէ ֆիլտր չունենք քաղաքացուն արգելող, որ հանրային պաշտպանի գրասենյակից պետությանը պարտավորեցնի, որ իր համար փաստաբան ապահովի», - ասաց Ֆանյանը:

Փաստաբան Կարեն Մեժլումյանն ասում է՝ գործերի մոտ 20 տոկոսն անվճար է անում, այս փոփոխություններից հետո, սակայն, կա՛մ պետք է գումար գանձի, կա՛մ շարունակի անվճար անել ու հարկ վճարել դրա դիմաց։

Ու մինչ փաստաբանները պնդում են, որ նախագծի հեղինակներն իրենց չեն լսել, ըստ էության, քննարկումներ չեն անցկացրել, կառավարությունն իր հիմնավորումներում ընդգծում է՝ հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումն ապահովելու նպատակով են գնում այս քայլին։ Նախագիծն արդեն ընդգրկված է խորհրդարանի հերթական նիստի օրակարգում, սակայն դրան այսօր հերթ չհասավ։ Հարկային օրենսգրքի այս փոփոխությունը, հավանաբար, վաղը կքննարկվի։

Թե փաստաբանների գործադուլի պատճառով քանի՞ դատական նիստ հետաձգվեց այսօր, դատարաններից հնարավոր չեղավ պարզել, պնդեցին՝ նման վիճակագրություն չեն վարում։

XS
SM
MD
LG