Մատչելիության հղումներ

«Մեջների կյաժը չէ». իշխանականները մերժեցին քննել Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը


Խորհրդարանը չի քննի լրագրողի նկատմամբ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքը: Պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում Քոչարյանի թիմակիցները մերժեցին ընդդիմադիրների նախագիծը, որով առաջարկում էին էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:

«Քանի որ առայսօր չի ստեղծվել դա, այս անգամ էլ, կարծում եմ, մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր, կրկնելով, որ անթույլատրելի վարքագիծ է թույլ տվել՝ իմ խորին համոզմամբ», - այսպես արձագանքեց Քոչարյանի կուսակից Արուսյակ Ջուլհակյանը:

Իշխանական պատգամավորը պնդեց՝ բազմաթիվ են դեպքերը, երբ պատգամավորները էթիկայի նորմերը խախտող վարքագիծ են դրսևորել, բայց հանձնաժողով չի ստեղծվել:

Ընդդիմության նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը:

«Խտրական վերաբերմունք է դրսևորվել, խախտվել է պատգամավորի էթիկայի և վարքականոնի նորմը», - ասաց նա:

Մեկ ամիս առաջ պաշտպանության հանձնաժողովի նախագահը ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից պահանջել էր հեռանալ իր կողքից, պնդել, թե նա խանգարում է իրեն, սպառնացել չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ մյուս լրագրողներին, վերջում էլ մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին:


Պաշտպանության հանձնաժողովի նախագահը վարքը դատապարտել էին հատուկենտ իշխանականներ: Այսօր նրա կուսակիցներից պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց՝ Քոչարյանը կոնկրետ ի՞նչ խախտում է թույլ տվել, ինչո՞ւ այսքան ժամանակ էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել, արդյո՞ք Ջեբեջյանը դիմել է դատարան՝ իր իրավունքները պաշտպանելու համար:

Ընդդիմադիրները հիշեցրին՝ իշխանական պատգամավորն առաջին անգամը չէ, որ լրագրողի կամ կնոջ է վիրավորում, բայց իշխանականները, ինչպես և նախօրոք հայտարարել էին, մերժեցին նախագիծը:


Քոչարյանի վարքագիծն ավելի վաղ քննադատել էին լրագրողական կազմակերպությունները, պահանջել, որ ներողություն խնդրի Ջեբեջյանից: Փոխարենը Քոչարյանն արդարացել էր, ասել, թե իրեն սխալ են հասկացել. «Դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, որևէ, ես ընդամենը արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելիս լինի մաքուր, թե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, ձեր պրոբլեմն է, եթե սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով»:

Ու մինչ իշխանականները պնդում էին, թե էթիկայի հանձնաժողովի կարիք չկա, ընդդիմադիր Թովմասյանը մտահոգվում է՝ իր մերժումով ՔՊ-ն ազդարարեց, որ հովանավորում է ոչ միայն լրագրողների նկատմամբ «լկտի վարքագիծը», այլև այն, որ Քոչարյանն այսուհետ էլ կարող է իրեն այդպես պահել:

XS
SM
MD
LG