Մատչելիության հղումներ

ՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծին


Իշխանական պատգամավորներից ոմանք, թեև հրապարակավ քննադատել էին գործընկերոջ՝ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ, միևնույն է, երեկ փակ նիստ արեցին ու որոշեցին՝ խմբակցությունը դեմ է քվեարկելու էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծին, որտեղ պիտի քննվեր Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պահվածքը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ թե՛ ինձ հետ առանձնազրույցներում, թե՛ հրապարակային դատապարտել են կատարվածը, ասել են՝ մենք էլ ենք ամաչում, մեզ հետ էլ է էսպես վարվել», - ասաց Ջեբեջյանը:

Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 20 -ին. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատգամավոր Քոչարյանը կոշտ տոնով պահանջել էր լրագրողից հեռանալ իր կողքից, հայտարարել, թե նա իրեն խանգարում է, սպառնացել՝ չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ մյուս լրագրողներին, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին:

Ալեն Սիմոնյան, Հասմիկ Հակոբյան, Քրիստինե Պողոսյան... «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից են, որոնք հրապարակավ են քննադատել կուսակցի պահվածքը: Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը կասկածներ ունի, թե ինչու հավաքական առումով քաղաքական որոշում չի կայացվել:

«ՔՊ խմբակցության բոլոր անդամներն էլ հասկանում են, որ Անդրանիկ Քոչարյանն իրեն շատ վատ է պահել, վատ է դրսևորել ու շատ մեծ ցանկություն ունեին այդ ամոթն իրենց վրա չվերցնելու: Այստեղ ավելի շատ քաղաքական հարց եմ ես տեսնում. Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով նախագահն է, կարծում եմ, շան գլուխն այստեղ է թաղված, ինքը շատ ձայնագրություններ ունի», - ասաց լրագրողը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ նշեց. - «Վստահեցնում եմ, որ չկան ներքին անձեռնմխելի պաշտոնյաներ կամ հակառակը, մենք հավասար ենք, հավասարապես մեր վարքագիծը, գործողությունները քննարկելի են մեր խմբակցությունում, չկան ոչ քննարկման ենթակա թեմաներ ու ու չքննարկվող անձիք ևս»:

Իշխող ուժը երեկ հայտարարեց՝ տևական ժամանակ է աշխատում են ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ:

Ստացվում է, որ լրագրողներին կարելի է վիրավորել և անպատիժ մնալ հարցին Աժ նախագահը պատասխանեց: Այլ կարծիք ունենք դրա հետ կապված, ասաց Ալեն Սիմոնյանը և հիշեցրեց, որ Անդրանիկ Քոչարյանը մեջբերել է Բագրատ Սրբազան Գալստանյանի խոսքը, որն ակցիաներից մեկի ժամանակ ասել էր լրագրողին:

«Այն անձնավորությունը, Կանադայի քաղաքացին, որը փողոցում էր, վիրավորանք էր հնչեցնում, օրինակ, իմ ընկերներից մեկի հասցեին, Ազոյան Հովհաննեսի հասցեին, որին որևիցե մեկը հանձնաժողով ստեղծելու և դատապարտելու ձայն չհանեց: Ինչի՞, հայտնի դերասան է: Այսինքն, եթե պատգամավոր չի, իրեն կարելի է ինչ ասես ասե՞լ», - ասաց Սիմոնյանը:

Օրենսդիրի ղեկավարն ընդգծեց, որ ԱԺ-ն պետք է ունենա պատգամավորների վարքագիծը քննող էթիկայի մշտական հանձնաժողով, ավելին՝ ընդունեց, որ ժամկետը վաղուց բաց թողնված է ու խոստացավ՝ հնարավոր սեղմ ժամկետներում ստեղծել հանձնաժողովը: Բայց անգամ, եթե ստեղծվի էլ Անդրանիկ Քոչարյանի հարցը չի քննվի. - «Չեմ կարծում, որ հետադարձ ուժով պետք է դնեն ինչ-որ բան քննարկենք»:





XS
SM
MD
LG